Քաղաքագրություն․ Հրազդանի ձորում մեռնում է աղջիկը

Քաղաքագրություն․ Հրազդանի ձորում մեռնում է աղջիկը

Տիկնիկի գրկում` նրա բզկտված մարմինը մեր ոտքերի առջեւ:



Աղջիկը բաց աչքերով նայում է Հրազդան գետի ծառագույն ջրով թրմված մեր մարմիններին: Մեզնից մեկն սկսում է արտասվել, մյուսը շրջվում է` փախչում, փախչում:
Ողջ գիշեր անհատակ, լուռ սպիի մեջ, Հրազդանի ձորում ճարճատում է պալատական խրախճանքը - հրավառություններ, որոնք պայթում են ձորի երկնակամարում, թաղվում անկման խավարում, կրակոցներ, որոնց կլանում են, ջախջախում հավերժական ապառաժները: Անասնական ուրախության բառաչներ, որ լերդացած են բերանների մեջ: Եվ աղջկա բզկտված մարմինը տիկնիկի գրկում, մեր ոտքերի առջեւ:



Հրազդանի ձորում մեռնում է աղջիկը, անվերջ մեռնում: Եվ նրա մահը սրանից մի դար առաջ է սկսվել, դեռ Ալազանի հուշերում. «Խմբապետերն ու հայդուկները մայրաքաղաքում հաճախ էին զվարճանում: Առաջնակարգ ճաշարանները, հյուրանոցները, վաճառական տները, փարթամ այգիները միշտ էլ սպասում էին մաուզերիստական զվարճություններին: Ամենուրեք նրանց տրամադրության տակ էին լինում համեղ խորտիկներ (ոչ կատելոկներով արյուն, ոչ սատկած անասունի դիակ, ոչ խոտ, ոչ փտած ոսկոր), Շուստովի լավագույն կոնյակը, շամպայնը, մադերան եւ… հայոց աղջիկները: Նրանց խրախճանքի աղմուկը ողջ մայրաքաղաքն էր բռնել, մինչեւ նախարարությունները, արքունիքը: Հաճախ ահագնացած ամբոխը, իրար կոխոտելով, փախչում էր մայրաքաղաքի փողոցներով: Փախչում լեղապատառ, գլխակորույս…



...Քեֆերը միայն քաղաքում չէին կազմակերպվում: Պարոնայք խմբապետերը սիրում էին նաեւ բնությունը: Բնության ծոցում էլ դուդուկը նվվում էր, զուռնան զլում, եւ մաուզերների «խմբերգն» արձագանքում ձորերում: Ահա այդպիսի խրախճանք էին կազմակերպել հայոց ազգի «փառք ու պսակը» կազմող, «միացյալ» եւ «անկախ» Հայաստանի տերերը, պարոնայք խմբապետերը Հրազդանի նվագուն ափերին, թթենիների հովանու տակ: Օրը երեկոյանում էր, խավարն իջնում, լռեցնում ձորը: Ձորում աղմուկ էր: Նվագի թրթռուն ձայներ: Գոռգոռոց: Ճիչեր: Մաուզերների վայրահաչ: Եվ գնալով ավելի սաստկանում, բորբոքվում: Լուսաբացին գետափով անցնողներն ականատես եղան այդ խրախճանքի փշրանքներին - ջարդված շշեր էին, ոչխարի ոսկորներ եւ մի փոքրիկ բզկտված... աղջիկ: Կտրտված ստինքներ, ազդրեր՝ ջարդված շշերի շուրջը:



Սակայն ինչու մի փոքրիկ աղջիկ. ողջ երկիրն էր այդպես բզկտված, ծվատված:
Եվ այդ ծվատված երկրում, ինչպես այն բզկտված աղջկա ու ջարդված շշերի շուրջը, մահի եւ հոգեվարքի խրախճանքն էր տոնում հայդուկը, խմբապետը, մինիստրը, արքունիքը»:
Հրազդանի ձորում դեռ մեռնում է աղջիկը, այդ նույն աղջիկը:



Արամ ՊԱՉՅԱՆ