Քաղաքական շռնդալից մեկնարկ՝ գողականով

Քաղաքական շռնդալից մեկնարկ՝ գողականով

Տարեմուտը «շռնդալից» եղավ քաղաքական ու «գողական» առումով: Հունվարի չորսից սկսած՝ ռուսական եւ հայկական լրատվամիջոցների գլխավոր լուրերի բաժնում առանձնակի ոգեւորությամբ «ավետիս» էր հնչում Երեւանում տեղի ունեցած օրենքով գողերի «պատմական» հավաքի մասին՝ ինտերնացիոնալ այդ հանրության շուրջ 100 ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հայ, ռուս, վրացի, ադրբեջանցի եւ այլազգի:



Հայաստանի իրավապահները ռուսական «Ռոսբալտի» անդրանիկ հրապարակումից հետո սկզբում հերքեցին հավաքի մասին լուրերը, ապա պաշտոնական աղբյուրները, կարելի է ասել, հաստատեցին, իսկ ցուցարարներ «վնասազերծելու» շոուների սիրահար ոստիկանությունն այս դեպքում անկարող եղավ գեթ մեկ պատրվակ գտնել ու խափանել այդ հավաքը: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ հանցավոր համայնքի պարագլուխները հանդիպել են անգամ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իսկ հետո էլ, հանուն «համայնքի», հայ օլիգարխները մեծ գումարներ են «քցվել»:



Իսկ հավաքի կազմակերպիչը, ըստ «Ռոսբալտի», քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոմ Կանեւսկին, կրկին քրեական աշխարհում հայտնի ու 2010 թվականին մահացած Արմեն Հարությունյանի՝ Կանեւսկու եղբայրը: Ժամանակին լուրեր տարածվեցին, որ Արմենի հոգեհանգստյան արարողությանը մասնակցել են այն ժամանակ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ Հայկազ Բաղմանյանն ու Արշալույս Փայտյանը: Կանեւսկի եղբայրները մշտապես աչքի են ընկել ՀՀ իշխանությունների եւ իրավապահ մարմինների հետ ունեցած լավ հարաբերություններով: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հենց Արտյոմ Կանեւսկին է լուծել գողական հավաքի ժամանակ մասնակիցների ապահովության հարցը: Կանեւսկի եղբայրների անունը ժամանակին կապվում էր նաեւ գոմեշի մսի սկանդալի հետ: Իսկ Կանեւսկի եղբայրներից Արմենը քրեական աշխարհում հայտնի էր իբրեւ մեկ այլ հայտնի «օրենքով գող» Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) «աջ ձեռքը»:



Արտյոմ Կանեւսկու անունը շոշափվում էր նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ նախկին գլխավոր դատախազ, ներկայիս Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբոր՝ Ռուբեն Հովսեփյանի ընտրության համատեքստում: Այն, որ Հայաստանի տնտեսական ու քաղաքական էլիտան սերտ կապեր ունի հանցաշխարհի հետ, իսկ գողականները ներկայացուցիչներ ունեն Հայաստանի խորհրդարանում, կառավարությունում, ոչ մեկի համար գաղտնիք չէ, հանրային սուր արձագանքն էլ գողերի «սխոդկան» չափից դուրս հրապարակային կազմակերպելու հետ էր կապված:



Ոմանք երեւանյան հավաքը խիստ խորհրդանշական համարեցին, ԵՏՄ անդամակցության առաջին օրերին՝ համարելով, որ հանցաշխարհը փորձում է լուրջ ազդեցություն ձեռք բերել մեր տնտեսության վրա՝ փոխարենը հայաստանյան իշխանություններին խոստանում ապահով պաշտոնավարում:



Արձակագիր Վանուշ Շերմազանյանը, ով ժամանակին եղել է Վանո Սիրադեղյանի մերձավոր շրջապատում, հիշում է, որ ժամանակին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը իր մոտ էր կանչել «օրենքով գողերին» եւ նրանց 48 ժամ տվել, որպեսզի Հայաստանը կամ լքեն, կամ այլ գործով զբաղվեն, որովհետեւ, ըստ մեր զրուցակցի, նրանք խոչընդոտում էին երկրի զարգացմանը եւ ամեն օր մի տեղ «ռազբորկա» սարքում. «Տարիներ հետո այդ գողերից մեկը Վանոյի կենացը խմել էր եւ շնորհակալություն հայտնել, որ իրենց փրկել է իրար սպանելուց»: Փոխարենը մեր զուցակիցը հիմա այլ աչքով է նայում այդ «աշխարհին», նա ասում է, որ հիմա մեզ առավել քան միասնություն է պետք, եւ հարկավոր է այնտեղ էլ դրական հատիկ գտնել. «Դա էլ մի աշխարհ է, պետք է գոյատեւի: Ինչպես բնության մեջ ծառն է լինում, բույսը, ազնվամորին, նաեւ մոլախոտը, այնպես էլ այս աշխարհը. յուրաքանչյուրն իր ֆունկցիան ունի այս աշխարհում»:



Նա հիշում է նաեւ Սվոյ Ռաֆի ավանդը ղարաբաղյան պատերազմում եւ ասում, որ պատահական չէր, որ նրա հետ հաշվի էին նստում եւ Կարեն Դեմիրճյանը, եւ կաթողիկոսը: «Հիմա դժվարանում եմ մեզ մոտ տեղի ունեցած հավաքի մասին ինչ-որ բան ասել: Օրինակ, իտալական մաֆիան ինչ որ անում է, ի փառս Իտալիայի է անում»,- ասում է նա, բայց նաեւ ավելացնում. «Թեպետ խոշոր տերությունները չեն թողնի, որ առաջնահերթ կարգով մեր երկրի համար ինչ-որ բան արվի…»:



Շերմազանյանը, այդուհանդերձ, չի ուզում վատով նայել այս աշխարհին. «Նույն Ռուսաստանի կենտրոնում ամեն օր այդպիսի հավաքներ են լինում: Եթե պետությունը թույլ է տալիս, ապա դա կամ շատ ուժեղությունից է, կամ թուլությունից, հիմա դուք ինքներդ որոշեք՝ մենք շատ ուժեղ ենք, թե թույլ»: