ՀՀԿ-ի կոնսոլիդացիան ո՞ր ուժերն են ապահովելու

ՀՀԿ-ի կոնսոլիդացիան ո՞ր ուժերն են ապահովելու

Սահմանադրական բարեփոխումների իրականացման համար Եվրոպայի պահանջով քաղաքական լայն կոնսենսուս ձեւավորելու պահանջին, ինչպես երեւում է՝ իշխող Հանրապետական կուսակցությունը ձեռնամուխ է եղել իրեն հավատարիմ՝ ստվերային բանակցությունների եւ քաղաքական առուծախի ոճով՝ գաղտնի հյուրընկալություններ կազմակերպելով նախագահական նստավայրում: Քանի որ Սերժ Սարգսյանի նախանշած վերջնաժամկետը՝ մինչեւ փետրվար-մարտ ամիսը, հարկավոր է լեզու գտնել հնարավորինս շատ թվով ուժերի հետ կոնսոլիդացիան ապահովելու համար՝ ի հակակշիռ այդ փոփոխություններին դեմ ոչ իշխանական բեւեռում հավաքվածների, որոնց առանցքը Գագիկ Ծառուկյանն է՝ իր ԲՀԿ-ով:



Իսկ փոփոխությունների հայեցակարգը խնդրահարույց է դարձել առաջարկվող խորհրդարանական մոդելի պատճառով, ընդդիմախոսները համարում են, որ նոր մոդելով Սերժ Սարգսյանը պլանավորել է երկարաձգել իր իշխանությունը՝ դառնալով խորհրդարանի ղեկավար: Թերեւս մոտ ապագայում ՀՀԿ-ի «գրուպպա պադդերժկան»՝ ի թիվս գզրոցներում հայտնված կուսակցությունների, հերթով-շարքով-կարգով հայտարարությունների տարափ կստեղծեն: Բնականաբար, մեկնարկն էլ կտրվի ՀՀԿ-ին միաձուլված կուսակցությունների կողմից՝ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն», ՄԻԱԿ, ՀԺԱՄ, Սպարտակ Մելիքյանի «Ժողովրդավարություն եւ աշխատանք», Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ եւ այլն: Մինչ դա, փորձեցինք ինքնուրույն պարզել՝ արդյոք արտախորհրդարանական այն ուժերը, որոնք Ծառուկյանի թիմում չեն, կո՞ղմ են իշխանության առաջարկած բարեփոխումներին:



«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը չի զլանում հերթական անգամ կրկնել, որ բարեփոխումների թեման ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ փոխհամաձայնեցված խաղ է, որի նպատակն է մինչեւ հաջորդ ընտրություններ վերահսկողության տակ պահել քաղաքական դաշտը եւ ստեղծել երկբեւեռ օլիգարխիկ իշխանություն եւ ընդդիմություն.«Կույր պետք է լինել չտեսնելու համար, որ փոփոխությունները, որոնք իշխանությունը բարեփոխումներ է ներկայացնում, որեւէ աղերս չունեն բարեփոխումների հետ: Նպատակը վերարտադրվելն է: Սերժ Սարգսյանն ուզում է ՀՀԿ-ի «Ցեկայի» քարտուղար դառնալ՝ «գենսեկ», իսկ Քոչարյանն ուզում է ԲՀԿ-ով վերցնել թիվ մեկ քաղաքական ուժի դափնին: Հիմա այս խաղի մեջ ներքաշվելու համար կամ պետք է կույր լինել, կամ հիմարի տեղ դնել քեզ»:



«Նրանք, ովքեր ներքաշվել են այս խաղի մեջ, ջութակի երկու լարեր են, մենք չենք ներքաշվել, չենք ներքաշվելու, բայց պայքարելու ենք այն ուժերի դեմ, որոնք համատեղ ծրագիր են իրականացնում», իսկ պայքարը, ըստ նրա, հեշտ չի լինելու, քանի որ, Մակեյանի խոսքով, ցավոք սրտի, ընդդիմադիր զանգվածի մի մասը, շնորհիվ Լեւոն Տեր-Պետրոսյանի, հայտնվել է օլիգարխիայի՝ Գագիկ Ծառուկյանի ազդեցության տակ. «Հիմա նախ պետք է այդ զանգվածն ազատագրել, հետո նոր պայքարել նենգ, հակապետական կլանը շենացնող ծրագրերի դեմ»: Մակեյանը բովանդակային քննարկում չի ցանկանում ծավալել, ասում է՝ անգամ զվարճալի է: «Եթե Հայաստանում քաղաքական կուսակցությունները կայացած չեն, չեն էլ կարող կայանալ, որովհետեւ ընտրական համակարգ չկա, ինչպե՞ս են անցում կատարելու պառլամենտական համակարգին»,- նկատում է նա:



Արամ Կարապետյանի «Նոր ժամանակներ» կուսակցությունը նույնպես կտրականապես դեմ է այդ բարեփոխումներին. «Դեմ ենք, քանզի այսպես՝ կիսանախագահական կառավարման համակարգն էլ մի բան չէ, իսկ ի՞նչ կլինի պառլամենտական կառավարման համակարգի ժամանակ: Վերջին դեպքերն էլ են ցույց տալիս, որ նախագահական կառավարման պարագայում հարցերը չեն լուծվում, իրավապահները, լիովին գտնվելով նախագահի ենթակայության տակ, որեւէ լուրջ հարցի դեպքում լուծումներ չեն գտնում, պատկերացնո՞ւմ եք, թե խորհրդարանական համակարգի պարագայում ինչ կլինի: Պատերազմող երկիր ու այդպիսի անմիտ ու անգլուխ որոշո՞ւմ: Այստեղ են ասել՝ «մեր հալ՝ դրանց հավես»,- ասաց Արամ Կարապետյանը:



Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը նույնպես չի պատրաստվում իշխանության համար կոնսոլիդացիա ապահովել: Կուսակցության ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանը մեզ փոխանցեց, որ չեն էլ պատրաստվում քննարկում ծավալել «հանցագործ ու անողնաշար» իշխանությունների հետ:
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հետ իշխանությունից դեռ որեւէ մեկը չի բանակցել,ավելին՝ այդ բարեփոխումները դեռեւս կուսակցական քննարկման էլ չեն դրվել, բայց նա, ի տարբերություն մեր նախորդ զրուցակիցների, հակված չէ կտրականապես մերժել այդ հայեցակարգը. «Մեր կուսակցության ծրագրում առաջին օրվանից՝ 1991 թվականից, մենք կողմ ենք եղել կառավարման խորհրդարանական ձեւին: Հիմա էլ մեր դիրքորոշումն այն է, որ եթե իսկապես այդ բարեփոխումներն այնքան անհրաժեշտ են, որ օլիգարխիկ համակարգը երկրում դրանով կքանդվի, էլի կարող ենք կողմ լինել, բայց եթե դրանք նորից կոսմետիկ փոփոխություններ են, որոնք էլի չեն ազդելու իրական համակարգի փոփոխմանը, ոչ մի նշանակություն չունի՝ կլինի խորհրդարանական, թե նախագահական մոդել: Եթե մենք համոզված լինենք, որ ունենալու ենք այնպիսի ընտրությունների հնարավորություն, որ ունենալու ենք ազատ եւ անկախ ընտրություններ, էլի կհամաձայնեինք, բայց դրա երաշխիքները չենք տեսնում: Թղթի վրա ինչ ասես կարելի է գրել, քաղաքական կամքն է բացակայում իշխանության մոտ: Ոչ մի բան չի խանգարում այս Սահմանադրության պարագայում անել այն, ինչ հարկավոր է ժողովրդին»:



Արամ Սարգսյանից փորձեցինք ճշտել՝ կոնկրետ ի՞նչ երաշխիքներ են հարկավոր եւ եթե ոչ, ապա ո՞րն է լինելու կուսակցության վերջնական որոշումը. «Ես միանձնյա որոշումներ չեմ կայացնում, կուսակցությունում պետք է քննարկենք, մենք դեռ չգիտենք՝ կողմ կլինե՞նք, թե՞ ոչ: Մեր ծրագրով պարտավոր ենք կողմ լինել, բայց մենք պայմաններ էլ ենք դրել, որ բարի եղեք, մինչ այդ բարեփոխումները, կատարեք այն, ինչ պահանջվում է այսօրվա Սահմանադրությամբ, այդ պարագայում՝ այո, կպաշտպանենք: Օրինակ, մենք իշխանության դեմ դրել ենք պետական պարտքի վիճակը, արդյունաբերության զարգացման ռեալ սեկտորի խնդիրը, մենք այդ ամենը գրավոր ենք ներկայացրել իրենց որպես առաջարկներ, մենք ասել ենք, որ սոցիալական ապահովության սկզբունքն այսօր պահանջում է այս, այս, այս բաները, եթե իրենք այդ քայլերն անում են, եւ մենք տեսնում ենք դրա արդյունքները, այդ դեպքում կարելի է կողմ լինել»:



Հիշեցնենք, որ դեռեւս երկու ամիս առաջ էլ վերակազմյալ ՀՀՇ ղեկավար Արարատ Զուրաբյանն էր մեզ հետ զրույցում կողմ արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, այսինքն՝ պառլամենտական կառավարմանը: «Ուղղակի հիմա տարակուսանք է առաջացնում, որ ասում են՝ այս փուլի հարց չէ, կամ ուրիշ պատճառաբանություն, որ իշխանությունը փորձում է հավերժացնել իրեն եւ այլն, եւ այլն: Այս տիպի իշխանությունն իրեն կարող է հավերժացնել, ինչպիսին էլ որ լինի Սահմանադրությունը: Այսինքն, մենք եղել եւ մնում ենք կողմնակից պառլամենտական կառավարման համակարգին, սակայն տվյալ փոփոխությունների վերաբերյալ դեռեւս վաղ է խոսել: Եթե այնտեղ արտացոլված կլինեն այն խնդիրները, որոնք մենք կարեւորում ենք ու կտեսնենք, որ նորմալ են, մեր տեսակետը կարտահայտենք գործնականում