Անիմաստ քննարկո՞ւմ, թե՞ հիպնոսի սեանս գլխավոր դատախազի կողմից

Անիմաստ քննարկո՞ւմ, թե՞ հիպնոսի սեանս գլխավոր դատախազի կողմից

Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հանգամանքների բացահայտման նպատակով ԱԺ պետաիրավական հանձնաժողովում հրավիրված երեկվա քննարկումը եւ ՀՀ գլխավոր դատախազ ու հիպնոսի մեծ մասնագետ Գեւորգ Կոստանյանի պատասխանները հերթական ապացույցը դարձան այն բանի, որ Հայաստանի իրավական ու քաղաքական մարմինների համար բոլորովին մշուշոտ է, թե ինչ ընթացք ու ելք է նախատեսել Ռուսաստանը ոճրագործության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի համար:



ԱԺ բոլոր խմբակցությունների քվեն վաստակած «խոստումնալից երիտասարդ» Կոստանյանը չկարողացավ արդարացնել Գյումրու դեպքերի առաջին օրերին անհետ կորած, ապա Պուտինի ցավակցական զանգից հետո հայտնված ու քննարկում նախաձեռնած օրենսդիր մարմնի սպասելիքները: Կոստանյանն ավելի քան երկու ժամ ձեռքերի ու դեմքի հատուկ ժեստիկուլյացիայով, բառախաղերով փորձում էր զբաղեցնել ներկաներին, բայց միեւնույն ժամանակ ոչ մի նոր բան չասել: Հենց սկզբում նա պատգամավորներին դաս տվեց գործը զգայական դաշտ տեղափոխելու անթույլատրելիության մասին, հայտարարեց, որ ոչ մի բան չի հաղորդելու եւ չի բացահայտելու նախաքննության գաղտնիքը, իսկ իրեն ուղղված բոլոր հարցերին «այո, շատ ճիշտ եք» արտահայտությամբ արձագանքելուց հետո տարբեր դասավորությամբ նույն միտքն էր կրկնում. չենք կարող բացահայտել «նախաքննության գաղտնիքը», ուստի չենք հրապարակում ոչ մի տվյալ կատարվածի վերաբերյալ:



Այս բեմադրության կեսից արդեն պատգամավորների նյարդերը տեղի տվեցին: Առաջին «դասալիքները» ՀՀԿ-ից շեկ կանայք էին՝ Կարինե Պողոսյանն ու Ռուզաննա Մուրադյանը, մյուսները քննարկման ողջ ընթացքում քթի տակ անթաքույց քրթմնջում էին՝ հազիվ դիմանալով: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն անգամ հրաժարվեց հնչեցնել իր հարցը՝ ասելով, որ, միեւնույն է, Կոստանյանը որեւէ հարցի ըստ էության չի պատասխանում եւ չի ասել ոչ մի նոր բան, ինչ իրենք չգիտեին մինչ այժմ: Փաստն այն էր, որ տեղի ունեցածից 10 օր անց ՀՀ գլխավոր դատախազը չուներ հետեւյալ հարցերի պատասխանները. Գյումրիի սպանդի հեղինակ Պերմյակովին Հայաստանի դատարանը դատելո՞ւ է, թե՞ ոչ:



Հայաստանի իշխանությունները միջոցներ ձեռնարկելո՞ւ են նրան ստանալու եւ Հայաստանի քրեակատարողական հիմնարկում, Հայաստանի օրենքներով կալանքի տակ պահելու համար, ինչո՞ւ Պերմյակովի նկատմամբ, սահմանը հատելու համար, գործ չի հարուցվում, ինչո՞ւ նրան չեն հանձնել ՀՀ ԱԱԾ-ին: Ավելին՝ Հայաստանի գլխավոր դատախազի հնչեցրած բացատրությունները միայն կարեկցանք էին առաջացնում իրավապահ մարմինների անտեղյակության ու մեր իշխանությունների անզորության վերաբերյալ: Պարզվում է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը չունի կասկածյալին Հայաստանին հանձնելու դիմումով ՌԴ պաշտոնակցին դիմելու հիմքեր: Կոստանյանը խոստացավ, որ անպայման դիմելու է. «Բայց այդ դիմելն ինքնանպատակ չպետք է լինի: Պետք է ձեռք բերվեն բազմաթիվ հիմքեր, որոնց հիման վրա պետք է դիմել այդ պահանջով: Երբ որ ձեռք կբերվեն այդ հիմքերը, ես անպայման դիմելու եմ»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին էլ հետաքրքրում էր, թե ինչու ռուս զինվորականին հայ-թուրքական սահմանը հատելու փորձի մասով չի հարուցվել քրեական գործ:



Այստեղ, ըստ Փոստանջյանի, անգործություն է ցուցաբերել ԱԱԾ-ն: Փոստանջյանը նշեց, թե իր այս հայտարարությունը պետք է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին: Կոստանյանը պատասխանեց. ընթանում է քննություն, եւ երբ ամեն ինչ պարզ լինի, կտրվի նաեւ այդ հարցի պատասխանը: Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Դուք մի դեր եք ստանձնել, որը Ձեր պարտականությունը չի, մենք լսումներ էինք ուզում արտաքին գործերի նախարարի եւ ԱԱԾ պետի հետ»: Պատգամավորին հետաքրքրում էր, թե ինչու են Հայաստանում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները, առանց Հայաստանի իշխանություններին տեղյակ պահելու եւ իրավունք ստանալու, կասկածյալին սահմանին հայտնաբերելուց հետո տեղափոխել ռազմակայան: Իսկ եթե նրանք ունեցել են նմանօրինակ իրավունք կամ թույլտվություն, հարց է առաջանում, ինչպե՞ս է հայկական կողմը թույլ տվել, որ սահմանին հայտնաբերված կասկածյալը փոխանցվի ռազմակայանին եւ ոչ թե հայ իրավապահներին:



Միակ հստակ պատասխանը Կոստանյանը տվեց Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանելիս՝ ասելով, որ սահմանապահները, իսկապես, պարտավոր էին սահմանախախտին հանձնել ՀՀ իրավապահներին, բայց վերջում նորից երգեց հին երգը, որ դեռ քննությունն ընթացքի մեջ է, եւ այս ամենը պետք է ապացուցվի: Մի խոսքով, երեկվա քննարկումն ավելի խճճեց իրավիճակը, իսկ քննարկման ավարտին Կոստանյանն իր թիկնապահների ուղեկցությամբ արագ փախուստի դիմեց, որ չպատասխանի լրագրողների հարցերին: