Եթե 2-րդ նախագահն ընդդիմադիր դիրքերից հանդես գա, ՀՀԿ-ն պաշտպանելու է իր նախագահին

Եթե 2-րդ նախագահն ընդդիմադիր դիրքերից հանդես գա, ՀՀԿ-ն պաշտպանելու է իր նախագահին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ներքաղաքական գործընթացների մեկնարկի առաջին ակորդն էր: Բայց, զարմանալիորեն, ՀՀԿ-ն երեկ խորը ընդհատակ էր անցել, ինչպես ընդհատակ էր անցել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության օրերին: Ռոբերտ Քոչարյանը չէր կարող բաց թողնել բարեպատեհ առիթը՝ հիշեցնելու իր մասին եւ մատնացույց անելու իշխանության վարքագծի խոցելիությունը:



Նա Գյումրիի ոճրագործության ժամանակ իշխանականների դրսեւորած պահվածքի ու երկրի տնտեսական անմխիթար վիճակի մասին իշխանություններին այնպիսի մեղադրանքներ էր ներկայացրել, ինչպիսին ժամանակին իրեն էին հասցեագրում: Խոսելով Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մասին՝ Քոչարյանը կարծիք է հայտնել, թե պայթյունավտանգ իրավիճակը կանխելու համար անհրաժեշտ էին կայծակնային գործողություններ եւ, առաջին հերթին՝ միանշանակ հավաստիացումներ առ այն, որ ոճրագործությունը կհետաքննվի հայաստանյան իրավապահ մարմինների կողմից, ու հանցագործը կկանգնի ՀՀ դատարանի առաջ, մինչդեռ մեր պաշտոնյաների «լղոզված, իրարամերժ եւ շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա եւ առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին»:



Քոչարյանի ընդդիմախոսները երեկ հիշել էին, թե ինչպես 1999 թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած սպանդից հետո ինքը կայծակնային գործողությունների չգնաց ու հայտարարությամբ հանդես չեկավ՝ պատճառաբանելով, թե սափրված չէ: Քոչարյանն անդրադարձ է կատարել նաեւ անցած տարեվերջին դոլար-դրամ սպեկուլյացիային, անխնա քննադատել է ներկա իշխանությունների տնտեսական քաղաքականությունը: Նա իշխանություններին, ըստ ամենայնի, մեղադրել է թալանի մեջ: Թվարկելով տնտեսական ոլորտում առաջացած ճգնաժամի պատճառները՝ Քոչարյանն «արմատական բարեփոխումների» ելքեր է առաջարկել, բայց նաեւ եզրահանգել է. «Հաջողության հասնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը կլինի քաղաքական էլիտայի տնտեսական շահերի բախումը երկրի երկարատեւ շահերի հետ»: Ընդդիմախոսները հիշեցնում են, որ նա ինքն այսօր քաղաքական էլիտայի ներկայացուցիչ է, միաժամանակ՝ տնտեսական շահեր ունի, եւ այնպես չէ, որ իր ու երկրի շահերի միջեւ բախում չկա:



ՀՀԿ-ի միակ խիզախը, ով երեկ պատասխանեց մեր հարցերին, պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էր: Այս հարցազրույցը նշանակո՞ւմ է արդյոք, որ Քոչարյանի քաղաքական հայտն ավելի քան լրջանում է, եւ ՀՀԿ-ն չի պատասխանում մեր հարցերին՝ կարծելով, որ եթե անտարբերության մատնի երկրորդ նախագահին, կնվազեցնի նրա վերադարձի շանսը, ու նա մոռացության կմատնվի: Ի վերջո, ի՞նչ նպատակ են հետապնդում Քոչարյանի հաճախակի հարցազրույցները:



Պարզվեց՝ Ալեքսանյանը կարծում է, որ պարբերաբար հարցազրույցներ տալու եւ կարծիքներ հայտնելու իրավունք ունի ցանկացած ոք:
- Ես, բնականաբար, չեմ կիսում իր գնահատականները, թե Գյումրիի հետ կապված, թե տնտեսական վիճակի ու իշխանավորների վարքի: Ես չեմ ասում, այո, մեզ մոտ կեղծ երեւույթներ էլ կան, թալանչիներ էլ կան, բայց իշխանությունները գործ չեն անում… այ, դրա հետ համաձայն չեմ: Եվ կառավարության ծրագրերը, եւ մյուսները ուղղված են կոռուպցիայի դեմ: Բնականաբար, երկրորդ նախագահն իրավունք ունի քննադատելու, ելույթ ունենալու, նորմալ է: Գիտեք ինչ, ՀՀԿ-ին քննադատելու համար ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլեւ այն մարդիկ, քաղաքական գործիչները, որոնք ժամանակին ճանապարհ են անցել ՀՀԿ-ի հետ, ՀՀԿ-ի աջակցությունն են ստացել, պետք է լուրջ հիմքեր ունենան եւ միայն խոսքեր չասեն, այլ դրա հիմնավորումները ներկայացնեն:



- Ուզում եք ասել, որ այդ թալանի հիմքերը հենց նրա՞ ժամանակ են դրվել:



- Թալան չէի ասի, բայց կոռուպցիոն երեւույթները դեռեւս 90-ականներից եկել են, կան ու ապագայում էլ կլինեն, ու էսօր դա կախված չէ նախագահից:



- Իսկ չե՞ք կարծում, որ այդպիսի հայտարարություններով Քոչարյանը պարբերաբար ստուգում է ՀՀԿ-ում տիրող տրամադրությունները, թե՞ հնարավոր է, որ իր վերադարձի պարագայում մեծամասնությունը կթեքվի իր կողմը:



- Հանրապետական կուսակցությունում կան մարդիկ, որոնք մտել են տարբեր կուսակցություններ, ճիշտ է՝ վատ կարծիքներ կան մեր կուսակցության մասին, բայց ես հիմնական կմախքը, որից կազմված է ՀՀԿ-ն, համարում եմ սկզբունքային: Ու ես բացառում եմ Ձեր ասածը, որովհետեւ ՀՀԿ-ի նախագահը գործող նախագահն է, եւ կուսակցության մեծ մասն իմ կարծիքին է: ՀՀԿ-ն գիտի ում է պաշտպանում եւ ինչու:
Քոչարյանի ընտրությունների համար, բնականաբար, մենք պաշտպանեցինք, բայց հիմա մեր կուսակցության նախագահը Սերժ Սարգսյանն է, եթե երկրորդ նախագահն ընդդիմադիր դիրքերից հանդես գա, բնականաբար, ՀՀԿ-ն պաշտպանելու է իր նախագահին: Մյուս դեպքերում իրավիճակը կթելադրի: