Ովքեր են հետապնդում նախկին դաշնակցականներին

Ովքեր են հետապնդում նախկին դաշնակցականներին

Դաշնակցության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հունվարի 16-24-ը Դիլիջանում կայացած ՀՅԴ 32-րդ Ընդհանուր ժողովի ավարտից ժամեր առաջ ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի անդամները հանդես եկան հայտարարությամբ՝ խորը ափսոսանքով փաստելով, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը շեղվել է իր առաքելությունից ու վերածվել ապազգային, անգործունակ կառույցի, ուստի թվով 24 դաշնակցական ընկերներ, գտնելով, որ «ՀՅԴ այլասերման գործընթացն անդառնալի է», հայտարարեցին ՀՅԴ-ին իրենց անդամությունը դադարեցնելու եւ ազգային-ազատագրական շարժման դրոշ պարզած սեֆիլյանական Հիմնադիր խորհրդարանին միանալու մասին: «ՀՅԴ անդամ մեր մյուս ընկերներին եւս կոչ ենք անում հետեւել մեր օրինակին»,- նշվում էր հայտարարության մեջ:



Դրան հաջորդեց ՀՅԴ Գերագույն մարմնի հերքումը: Կատարվածը որակվեց իբրեւ սադրանք կուսակցության դեմ, իսկ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Լոռու մարզի պատասխանատու Հովհաննես Թադեւոսյանն ասաց, թե Սպիտակում ՀՅԴ կոմիտե ընդհանրապես գոյություն չունի: «ՀՅԴ Լոռու մարզային կոմիտեության տարածքում Սպիտակի կոմիտե չի գործում: Սպիտակի կառույցում ընդգրկված ընկերների մեծամասնությունը մեկնել է արտագնա աշխատանքի, եւ, հետեւաբար, Սպիտակի կոմիտեն չէր կարող հանդես գալ նման հայտարարությամբ: Դաշնակցության շարքերը հայտարարությամբ չեն ընդունվում եւ կուսակցության շարքերից հայտարարությամբ չեն հեռանում:



Մարզային կոմիտեն կոչ է անում զերծ մնալ որոշակի մարդկանց կամ ուժի շահեր սպասարկելու նպատակով Դաշնակցության անունը շահարկելու անպտուղ փորձից»: Մեկ օր անց այս հայտարարության հեղինակներից չորսը, ՀՅԴ հերքումներին ի պատասխան, հանդես եկան տեսագրություն-պատասխանով, որտեղ փաստեցին, որ իրենք ոչ միայն ՀՅԴ անդամներ են, այլեւ Սպիտակում կա եւ գոյություն ունի կառույց, եւ իրենց ըմբոստ կեցվածքին ի պատասխան՝ Լոռու մարզային կոմիտեի կառույցի պատասխանատուն այցելել է իրենց եւ պահանջել հանձնել գրասենյակի բանալիները: «Եթե կառույց չկա, Սպիտակի կոմիտեն չի գործում, գրասենյակը չի գործում, ինչո՞ւ են բանալիներ պահանջում… Եթե իրենց տաքուկ գրասենյակներից դուրս գային ու հանդիպումներ ունենային մարզային կոմիտեների հետ, կճանաչեին»,- ասում էին սպիտակցի նախկին դաշնակցականները:



Բայց սրանով էլ հարցը չփակվեց: Երեկ հայտարարությամբ հանդես գալու հերթը Հիմնադիր խորհրդարանինն էր, որտեղից տեղեկացրին, թե օրեր առաջ ՀՅԴ շարքերից դուրս եկած եւ Հիմնադիր խորհրդարանին միացած նախկին դաշնակցականներին հալածում են նրանց քաղաքական դիրքորոշման համար: Պարզվում է, որ նախկին դաշնակցականներին են այցելում «ՀՀԿ-ական գյուղապետեր, ոստիկանության թաղայիններ եւ ԱԱԾ ծառայողներ, ովքեր հոգեբանական եւ այլ բնույթի ճնշումների միջոցով փորձում են նրանց հետ պահել Հիմնադիր խորհրդարանին միանալու իրենց որոշումից»: «Առաջին հայացքից ռեժիմի կողմից ՀՅԴ-ի շարքերի համար հոգ տանելը կարող է տարակուսելի թվալ, սակայն ռեժիմի նմանօրինակ վարքն իրականում բացահայտում է նրա եւ կուսակցությունների խորքային կապն ու գործակցությունը, ինչպես նաեւ վկայում է այն մասին, որ գործող քաղաքական վերնախավը ղեկավարվում է անձնական ու կլանային շահերով, զբաղված է մարդկանց մոլորեցնելով եւ պայքարում է յուրային պետության ու ժողովրդի դեմ»,- հարկ էին համարել նշել Հիմնադիր խորհրդարանի անդամները, ովքեր շատ հպարտ են, որ իրենց միացողներ կան:



Երեկ, մինչեւ ուշ գիշեր, ՀՅԴ-ից հարկ չհամարեցին անդրադառնալ Հիմնադիր խորհրդարանի տարածած հայտարարություններին, հակառակ ճամբարում էլ իրենց ոչ պակաս ուշագրավ պահեցին: ՀՅԴ-ից «դասալիք» եղած Արմեն Լամբարյանը երեկ մեզ հետ զրույցում հրաժարվեց անուններ հրապարակել, տալ այն գյուղապետերի, չինովնիկների եւ իրավապահների անունները, որոնք բացատրական աշխատանքներ են ունեցել իրենց հետ եւ, Լամբարյանի խոսքով, հոգեբանական ճնշումների ենթարկել իրենց. ասաց, թե հիմա չի ցանկանում անուններ տալ, բայց եթե ժամանակը գա, անպայման դա էլ կանի:



«Հարցաքննությունները եղել են այն մասին, թե ինչու եք ՀՅԴ-ից դուրս եկել, ինչու մտել Հիմնադիր խորհրդարան, հետո անցել են՝ քանի երեխա ունեք, ծննդյան տարեթվեր ճշտել, աշխատանքի վայր, եկամտի աղբյուր եւ այլն»,- ասաց Լամբարյանը եւ մեր հարցին ի պատասխան նշեց, թե իր համար էլ է տարօրինակ, թե ինչու են իշխանության թեւի ներկայացուցիչներն այդքան անհանգստանում ՀՅԴ-ի շարքերի նոսրացման փաստից: Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանն էլ ասաց, որ իր համար կատարվածը զարմանալի չէ: «ՀՅԴ-ն վերջին տարիներին ե՞րբ է ընդդիմադիր եղել որ»,- ասաց Ավետիսյանը՝ եզրափակելով, որ իշխանական կաստան միշտ էլ միայն ՀՀԿ-ով չի սահմանափակվել: