Դաշնակցականների հույսերը չարդարացան

Դաշնակցականների հույսերը չարդարացան

Դաշնակցությունից «արտագաղթելու» գործընթացը շարունակվում է: Կուսակցությունից դուրս գալու եւ Հիմնադիր խորհրդարանին միանալու հերթը երեկ Արցախի կառույցի «Արթուր Մկրտչյան» եւ «Դիզակ» կոմիտեությունների 10 անդամներինն էր: Համակարծիք լինելով Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի ու կոմիտեության 24 անդամների՝ ՀՅԴ-ից հեռանալու հիմնավորումների հետ, Արցախի տասը ընկերներն ավելի «կոնկրետացան»՝ իրենց քայլը պատճառաբանելով Դաշնակցության Ընդհանուր ժողովում ընտրված Բյուրոյի նոր կազմով եւ հատկապես Հրանտ Մարգարյանի վերընտրությամբ:



«Կիսելով ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության անդամների հայտարարության մեջ բերված փաստարկները, մենք եւս մեկ անգամ խորը հիասթափություն ապրեցինք՝ տեղեկանալով ՀՅԴ վերջին Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բյուրոյի կազմի մասին: Հույսը, որ նոր Բյուրոն նոր մարդկանց կազմով կփոխի այն խայտառակ, Դաշնակցության գաղափարների հետ ոչ մի կապ չունեցող, լպրծուն եւ իսկապես Դաշնակցությունն այլասերող քաղաքականությունը, հօդս ցնդեց, երբ Բյուրոյի կազմում տեսանք Հ. Մարգարյանի անունը, այն էլ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնում: Հավատարիմ մնալով ՀՅԴ գաղափարներին, ի նշան բողոքի, չցանկանալով անհաղորդ եւ անգործունյա մնալ հայրենիքի համար այս ճակատագրական պահին, մենք հայտարարում ենք այդ կուսակցությանը մեր անդամակցությունը դադարեցնելու մասին եւ միանում ենք ազգային-ազատագրական շարժման դրոշ պարզած Հիմնադիր խորհրդարանին»,- ասված է հայտարարության մեջ:



Հիշեցնենք, որ հունվարի 16-24-ը Դիլիջանում կայացած ՀՅԴ 32-րդ Ընդհանուր ժողովի ընթացքում Բյուրոյի կազմը հիմնովին փոխվել է եւ համալրվել գլխավորապես պրոիշխանական թեւի դաշնակցականներով: Բյուրոյի նոր կազմում է ընդգրկվել նաեւ Վիգեն Յակուբյանը՝ Դավիթ Հարությունյանի հետ քավոր-սանիկական կապեր ունեցող եւ նրա հետ մի շարք ձեռնարկությունների փայատեր Վահե Յակուբյանի եղբայրը: Վահե Յակուբյանը խոշոր բիզնեսմեն է, Երեւանի կենտրոնում` Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող «Անի» հյուրանոցի սեփականատերը: Բյուրոյի նախկին կազմից մնացել են ընդամենը 3 դաշնակցական: Հրանտ Մարգարյանն ավելի քան 10 տարի ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն է, եւ սպասվում էր, որ այս անգամ նա այլեւս չի վերընտրվի, սակայն դա տեղի չունեցավ: Ֆորմալ առումով ՀՅԴ-ում կոլեգիալ կառավարում է, բայց կարծիք կա, որ Մարգարյանն այլեւս կուսակցապետի դերակատարում ունի, ու պատահական չէ, որ պարբերաբար փոխվում են Բյուրոյի անդամները, բայց Մարգարյանը մնում է իր տեղում անգամ դաշնակցական մի շարք գործիչների՝ Մարգարյանին ղեկավար պաշտոնից հեռացնելու մեծ ցանկության պարագայում:



Մինչդեռ Դաշնակցությունում շարունակում են այս ամենն իրենց դեմ ուղղված «սադրանք» համարել: Արցախի կառույցի պատասխանատու Դավիթ Իշխանյանը երեկ մեզ հետ զրույցում չցանկացավ անգամ մեկնաբանել վերջին օրերի գործընթացները եւ հատկապես Արցախի երկու կոմիտեությունների 10 անդամների քայլը, ասաց, թե այս ամենի մեջ «լրջություն» չկա, որովհետեւ հայտարարության տակ ստորագրած անդամներն իրենց կուսակցական ընկերները չեն, եւ նրանք տարբեր ժամանակներում կամ հեռացվել են կուսակցությունից, կամ կասեցվել է նրանց անդամությունը: Իշխանյանն ինքն էլ չգիտի, թե ում կողմից է իրենց դեմ «սադրանք» հրահրվում:



«Իսկապես չեմ կարող ասել, թե ովքեր են, բայց ինչ-որ տեղ շան գլուխ կա թաղված»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Դաշնակցության նկատմամբ պարբերաբար նման սադրանքներ են կիրառվում: Իսկ դաշնակցական Իշխանյանին գոհացնո՞ւմ է կուսակցության որդեգրած ուղին, մասնավորապես, առանցքային հարցերում իշխանություններին համակարծիք լինելու եւ արտաքին քաղաքականությունը համատեղ իրագործելու մարտավարությունը: Մեր զրուցակիցն այդ դժվարին հարցի պատասխանը հորդորեց ստանալ հայաստանյան գործընկերներից: ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցից էլ վրդովվեց. «Դուք արդեն որոշակի սադրանքների եք տանում»:



Տեղեկություններ կան, որ Արցախի «ընկերների» ընդվզումը կազմակերպել է Դաշնակցության շարքերից հեռացված, Արցախի ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը, ի դեպ, հեռացողների ցանկում երկուսը հենց Բադասյան ազգանունն են կրում: Պարոն Բադասյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ այդ մարդկանց շարքերում կան նաեւ իր հարազատները, բայց հերքեց, թե ընդվզումն ինքն է կազմակերպում, ավելին՝ վստահեցրեց, թե մի քանիսին ինքն անձամբ է հորդորել մի քիչ էլ սպասել, չշտապել: Բադասյանը հաստատեց, որ լքողների մի մասի հարաբերությունները վաղուց սառեցվել էին Դաշնակցության հետ, որոշներն էլ իրենք էին ինքնամեկուսացել, փաստացի դաշնակցականներ էլ կան, բայց հենց ինքն ու Դաշնակցությունից հեռացող իր ընկերներն են իսկական դաշնակցականները. «Ես հիմա էլ դաշնակցական եմ, դաշնակցական են նաեւ իմ այն ընկերները, որոնք հեռանում են Դաշնակցությունից, մենք երդում ենք տվել հանուն հայության, հայակենտրոնության եւ հայության դատի հաղթանակի: Ես պատանի հասակում եմ զենք վերցրել ու մարտնչել հանուն Դաշնակցության գաղափարների: Բայց եկել է այն ժամանակը, որ կուսակցության վերնախավը դարձել է հակադաշնակցական, Դաշնակցությունը դուրս է եկել իր գաղափարից, ու դրա համար էլ շարքերը նոսրանում են»:



Բադասյանի խոսքով, «հակադաշնակցական» վերնախավի լուռ համաձայնությամբ տարիներ շարունակ տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխանության ոչնչացման գործընթաց. «Դաշնակցության վերնախավը, սերտաճելով իշխանություններին, Դաշնակցությանը դուրս մղեց բոլոր գործընթացներից: Սփյուռքում վերացվել է Դաշնակցության հավաքական կազմը, որովհետեւ Դաշնակցության վերնախավն այսօր զբաղված է անձնական քվոտաների, անձնական հարցերի լուծմամբ, ստացվել է այնպես, որ մենք՝ շարքերից հեռացվածներս, դարձել ենք Դաշնակցության ջատագովները, գաղափարակիրները, իսկ վերնախավը, Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ, դարձել է հակադաշնակցական... Իսկ մարդիկ սպասում էին. ամեն ժողովից առաջ գտնվում էին ինչ-որ մարդիկ եւ վստահեցնում էին, որ կուրսը կփոխեն, կվերադառնանք մեր գաղափարներին, բայց դա չեղավ», ինչով էլ պայմանավորված է շարքերի նոսրացումը: Բայց Բադասյանը լավատես է. «Մենք, անշուշտ, ստեղծելու ենք մեր ուժեղ Դաշնակցությունը, որովհետեւ Դաշնակցությունը ողջ ազգին է պետք»: