Ինչպես անցնել համամասնականի՝ մեծամասնականից չհրաժարվելով

Ինչպես անցնել համամասնականի՝ մեծամասնականից չհրաժարվելով

Տարիներ շարունակ քննարկվող հարցը՝ Ազգային ժողովի ընտրությունները 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացնելու մասին, կրկին օրակարգում է: Ընդդիմադիր ուժերի մշտական քաղաքական պահանջին ի պատասխան, իշխանությունը երբեւէ համարժեք քաղաքական հակափաստարկ չի ներկայացրել, միայն ասվել է, թե մեծամասնական ընտրակարգն անհրաժեշտ է ընտրողի եւ պատգամավորի կապն ամուր պահելու, տարածքների զարգացման հարց լուծելու համար:



Մինչդեռ իրականում պարզ է, որ մեծամասնական ընտրակարգի գոյությունը թույլ է տալիս գործող իշխանությանը տեղերում առաջադրել գործարարներին եւ նրանց, ավելի ճիշտ՝ նրանց ֆինանսների միջոցով մտնել խորհրդարան եւ այնտեղ ունենալ մեծամասնություն: Սրա ապացույցն է նաեւ այն, որ իշխանությունների սեղանին դրված սահմանադրական փոփոխությունների փաթեթում ընտրակարգի վերաբերյալ մշակումների բոլոր տարբերակներում մեծամասնական ընտրակարգը դուրս չի մղվել, այն կամ կոսմետիկ փոփոխությունների է ենթարկվել, կամ էլ լուծում ստացել այլ «հնարամիտ» եղանակներով:
Երեկ մենք ներկայացրել էինք առաջարկվող տարբերակներից մեկը՝ ռեյտինգային կոչվող քվեարկությամբ մեծամասնականը պահելու տարբերակը:



Մինչդեռ ենթադրվում է, որ բոլոր առաջարկվող գաղափարները պետք է ծառայեցվեին մեկ հիմնական փոփոխության. կիսանախագահական հանրապետությունից կառավարման խորհրդարանական համակարգին անցմանը, բայց ուշագրավն այն է, որ փոփոխությունների փաթեթում տեղ է գտել նաեւ մեծամասնականի «բարեփոխված» տարբերակ, ինչը վկայում է այն մասին, որ իշխանությունները թերեւս կանխատեսել են, թե ինչ զարգացումներ կարող է առաջացնել վերարտադրության իրենց օպերացիան, ու հնարավոր է դրանից հրաժարվելու անհրաժեշտություն առաջանա: Ընտրակարգերից քննարկվող եւ «բարեփոխված» մի տարբերակը հետեւյալն է, որը կիրառության կդրվի, եթե իշխանությունը հրաժարվի խորհրդարանական մոդելից:



41 (չի բացառվում, որ այս թիվը փոփոխության ենթարկվի) մեծամասնական ընտրատարածքները «բաշխվելու» են համամասնական եղանակով. լինելու է առանձին ցուցակ` բոլոր խմբակցությունների մեծամասնական թեկնածուների, եւ նրանցից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուներն անցնելու են խորհրդարան: Այսինքն՝ ամբողջ Հայաստանը դառնալու է մի մեծամասնական ընտրատարածք, որտեղ կպայքարեն մեծամասնական տեղերի բոլոր հավակնորդները: Այս «բարեփոխման» իմաստն այն է, որ վերացվի մեծամասնական պատգամավոր-ֆեոդալ ասոցացումը եւ տպավորություն ստեղծվի, որ նրանց ոչ թե իր «վոտչինայում» են ընտրել, այլ ողջ Հայաստանն է ընտրել, իսկ ամենակարեւորը՝ ստիպել գործարար պատգամավորներին կուսակցության համար աշխատանքը ծավալել ոչ թե իր առանձին համայնքում, այլ բոլոր մարզերում: Մինչդեռ նախապես պլանավորված է լինելու, թե որ մարզից քանի պատգամավոր պետք է անցնի, եւ հաշվարկը կայանալու է ըստ բնակչության թվի: Ենթադրենք՝ Վայոց Ձոր ամենափոքր մարզը չի կարող նույնքան պատգամավոր ունենալ, որքան, ասենք, Գեղարքունիքի մարզը:



Իսկ խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում պատգամավորների ընտրությունը պետք է տեղի ունենա 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է, որ գործող մեծամասնական ընտրակարգը պետք է վերանա: Փոխանակ հստակ համամասնականի տարբերակն ընտրելու, իշխանությունը, փաստորեն, հնարամիտ լուծում է գտել՝ համամասնական ընտրակարգի դեպքում մեծամասնական ընտրակարգը պահպանելու: Խոսքը քվեարկությունը ռեյտինգային համակարգով անցկացնելու մասին է: Սրա իմաստն այն է, որ ընտրողը ձայն է տալիս ոչ միայն իր նախընտրած կուսակցությանը, այլ նաեւ այդ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված կոնկրետ թեկնածուին:



Այսինքն՝ ընտրողն ինքն է որոշում, թե կուսակցության համամասնական ցուցակից ով դառնա պատգամավոր: Այս համակարգը, ըստ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի, գործում է մի քանի ժողովրդավարական երկրներում, դրա նպատակն է` ստեղծել ներկուսակցական մրցակցություն եւ մեծացնել ընտրողների մասնակցությունը խորհրդարանի ձեւավորմանը: Բայց այս համակարգը Հայաստանում կարող է աշխատել բոլորովին այլ կերպ, այստեղ էլ «գործարարները» կարող են իրենց կուսակցությունների ցուցակներում առաջնային հորիզոնականներ նվաճել, հետեւում թողնելով քաղաքական դեմքերին:



Այս մեխանիզմը ձեռնտու է ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին, բայց ոչ ընդդիմադիր կուսակցություններին, օրինակ, ՀՅԴ-ին կամ ՀԱԿ-ին: Այս տարբերակում ռեյտինգային քվեարկությունը կարող է ցույց տալ, որ ՀՅԴ ցուցակում ընդգրկված փողի քսակը՝ «Գրանդ քենդիի» գործադիր տնօրենը, ավելի շատ քվեներ ունի, քան Արծվիկ Մինասյանն ու Արմեն Ռուստամյանը միասին վերցրած: Այս համակարգի պարագայում, սակայն, իշխանությունն այլեւս մեծ գումարներ չի ծախսի ընտրությունների վրա: