Առնվազն քաղաքականությունից հեռու մարդը կարող է Պուտինի «դաբրոն» ակնկալել

Առնվազն քաղաքականությունից հեռու մարդը կարող է Պուտինի «դաբրոն» ակնկալել

ՀՀԿ-ԲՀԿ ճամբարներում վերջին երկու օրերի հարաբերական անդորրն այսօր կխախտվի: Որոշ տեղեկությունների համաձայն, իշխող կուսակցությունը երեկոյան կուսակցության խորհրդի նիստից հետո կհայտարարի, որ սկսում է սահմանադրական չարաբաստիկ բարեփոխումների գործընթացը, որը սեպ է խրել երկու ճամբարների միջեւ: Մեկ շաբաթ առաջ հակամարտությունը կրկին սրվեց ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի նկատմամբ բռնության միջադեպի առիթով, եւ ԲՀԿ-ականները շարունակում են սպառնալ. կա՛մ իշխանությունները հրաժարվում են սահմանադրական փոփոխությունների գաղափարից, եւ 2017-2018 թթ. տեղի են ունենում հերթական ընտրություններ ու իշխանափոխություն, կամ, եթե իշխանությունը գնում է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ճանապարհով, ԲՀԿ-ն իր շուրջ համախմբված կուսակցությունների հետ իրականացնում է իշխանափոխություն, կազմակերպում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ:



ԲՀԿ-ի սպառնալիքներին ի պատասխան, իշխանությունների ներկայացուցիչներն արդեն երկու օր է՝ գերակտիվացել են եւ լրատվամիջոցների միջոցով փոխանցում են, թե գնալու են մինչեւ վերջ: Ավելին, որոշ տեղեկություններով, երկուշաբթի, ԳՄ արտահերթ նիստից հետո, Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին 2 օր ժամանակ է տվել՝ խնամի Ծառուկյանի հետ ճշգրտելու վերջինի տեսակետը: Ծառուկյանն էլ հաջորդ օրը մեկնել է Մոսկվա՝ երեւի թե ճշգրտելու որոշակի հարցեր, որոնց պատասխաններից է կախված, թե, վերադառնալով Հայաստան, կգնա՞ առճակատման իշխանությունների հետ, թե՞ հնազանդության հերթական ակտը կկնքվի՝ ասելիքը թողնելով «հաջորդ դասին»:



Մենք գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում հանգրվանել է «Արարատ-հայաթ» հյուրանոցում, ուր մշտապես` Մոսկվայում գտնվելիս, իջեւանում է Քոչարյանը, եւ որտեղ տեղի էր ունեցել Հովիկ Աբրահամյան-Ռ. Քոչարյան հանդիպումը: Մոսկվա մեկնած Ծառուկյանը նախորդ օրը, որոշ տեղեկություններով, այցելել է Քոչարյանին՝ ինչ-որ հարցերի շուրջ զրուցելու: Մոսկվայում էլ հանդիպումներ պետք է ունենար Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, ինչպես նաեւ ռուսական որոշ էլիտար շրջանակների հետ: Բայց ողջ օրը նրա հանդիպումների մասին պաշտոնապես ոչինչ չհայտարարվեց, օրվա ընթացքում ԲՀԿ-ամերձ կայքերը միայն, «ի հեճուկս» ոմանց, ավետեցին Ծառուկյանի փառահեղ հանդիպումների մասին՝ խոստանալով պաշտոնական հաղորդագրություն տարածել: Առայժմ արձանագրենք, որ Հայաստանի քաղաքական կյանքում կարեւոր իրադարձություններից առաջ աշխարհաքաղաքական կենտրոններ այցելելու եւ հատկապես Ռուսաց թագավորից «դաբրո» ստանալու ավանդույթին հավատարիմ են ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության լիդերները:



2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն հաղթանակած նախագահ էր հռչակել ու վիճարկում էր ընտրությունների արդյունքները, կրկին ապավինեց Պուտինի օգնությանը, բայց Մոսկվայից վերադարձավ ձեռնունայն: Կամ Ծառուկյանի` 2013-ի նախագահական ընտրություններից առաջ Բրյուսել կատարած այցը: Ռուսաստան այցելելու ավանդույթին հավատարիմ է մնացել անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ 2008-ի ընտրություններից առաջ մեկնեց Մոսկվա:
Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխության ցանկություն կամ պահանջ ունի՞: «Այո, ունի, պետք չէ դա բացառել»,- մեր հարցին միանգամից դրական պատասխան տվեց քաղաքագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը՝ ասելով, որ չնայած ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանն ավելի հանգիստ է վերաբերվում եւ չի խառնվում այլ երկրների ներքին կյանքին, բայց ստեղծված տնտեսական իրավիճակն ինքն է փոփոխություններ պարտադրում:



«Ռուսաստանը տեսնում է, որ մեր իշխանություններն ի վիճակի չեն արդարացնել ԵՏՄ-ի շրջանակում անհրաժեշտ համագործակցությունը եւ, առհասարակ, ապահովել կառավարման այն որակը, որը կարող է Ռուսաստանի համար օգտակար լինել: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ որեւէ պրոդուկտիվ ծրագիր, եթե նկատում եք, վերջին տարիներին չկա: Մի քանի ծրագրից բացի, կապված ատոմակայանի, Հյուսիս-հարավ երկաթգծի հետ, չկա, չի նախագծվում ոչ գիտության, ոչ ռազմական համալիրի կամ տնտեսության որեւէ ոլորտի վերաբերյալ: Ռուսաստանը, բնականաբար, ավելի շահագրգռված կլիներ Հայաստանում այնպիսի իշխանություններ տեսնել, որոնք ավելի ունակ կարող էին լինել տնտեսական կառավարման հարցում»,- բացատրեց Ղուկասյանը՝ նշելով, որ Ռուսաստանը հիմա կարող է ցանկություն դրսեւորել Հայաստանում արտահերթ իշխանափոխություն անելու:



ԲՀԿ-ն քաղաքագետի համար թեպետ «վերահսկվող ընդդիմադիրների» շարքից է, եւ նա կասկածներ ունի, որ այդ ուժի ակտիվացումը կարող է մեր կյանքում լուրջ փոփոխություն մտցնել, բայց չի վիճարկում իշխանությանը հակակշիռ լինելու հանգամանքը. «Իրենք ռեժիմին որոշակի հակակշիռ ներկայացնում են, եւ պատահական չէ, որ բռնության ենթարկվող անձանց մեջ ներգրավել են նաեւ այս կուսակցության անդամներին»:
Քաղաքագետ, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն էլ նկատում է, որ Ռուսաստանի իշխանություններն իրենք այսօր այնքան խեղճ վիճակում են, որ առնվազն քաղաքականությունից հեռու մարդը կարող է Պուտինի «դաբրոն» ակնկալել: Մեկը լինի՝ Ռուսաստանի խնդիրները լուծի, որոնց առաջ է կանգնել Արեւմուտքի սանկցիաներից հետո եւ ոչ մի կերպ ոտքի չի կանգնում: