Մնում է նախագա՞հը ասի. նա արդեն ասել է

Մնում է նախագա՞հը ասի. նա արդեն ասել է

Հովիկ Աբրահամյանը շատ էր ուզում ստվերը, հատկապես խոշոր ստվերը լույս աշխարհ բերել, մտցնել հարկային դաշտ: Հիանալի ծրագիր էր, որին, ավաղ, բախտ չէր վիճակված իրագործվելու այն մեթոդներով, որով աշխատում է Հովիկ Աբրահամյանը՝ ընկերականով, խնդրելով, համոզելով... մի խոսքով՝ մարդավարի խոսելով ստվերի ներկայացուցիչների հետ:



ՀՀԿ խորհրդի հայտնի նիստից հետո պարզվեց, որ այն, ինչ հնարավոր չէ Հայաստանում անել Հովիկ Աբրահամյանի մեթոդներով, կարելի է անել նախագահի զայրույթի նոպան օգտագործելով, այլ խոսքով՝ նախագահի մեթոդով:



Հովիկ Աբրահամյանին միշտ ասում էին՝ ստվերային տնտեսությունը հարկային դաշտ բերելու գործընթացը սկսիր քեզնից և քո խնամու տնտեսությունից: Արդյոք ճիշտ չէի՞ն այդպես ասողները: Ճիշտ էին: Անպայման նախագահը պետք է հրահանգե՞ր, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նամակ ուղարկեր ֆինանսների նախարարին, որ վերջինս Գագիկ Ծառուկյանի բիզնես-գործունեության մասին պտտվող որոշ լուրեր ստուգի: Հասկանալի է, որ հարկայինը ոչ թե լուրեր է ստուգում, այլ թվեր, բայց՝ ամեն դեպքում: Ընդ որում՝ ֆիննախին նամակ գրելու հանձնարարությունն էլ Հովիկ Աբրահամյանն է տվել Դավիթ Հարությունյանին: Ակսինքն, Հովիկ Աբրահամյանը կարող էր, չէ՞, այդ հրամանը ավելի շուտ տալ, մինչև ՀՀԿ խորհրդի նիստը: Իսկ ինչո՞ւ չէր տալիս, ինչո՞ւ չէր հրահանգում ստուգումն սկսել հենց իր տնտեսությունից:



Կարելի՞ է, արդյոք պնդել, որ Հովիկ Աբրահամյանի ձեռքերն այլևս ազատ են: Խնամուն ստուգողը չխնամուն կստուգի ու կստուգի, չէ՞: Մնում է նախագա՞հը ասի: Նա արդեն ասել է: Ավելի հարմար պահ ողջ ստվերը դուրս քաշելու և հարկային դաշտ բերելու համար դժվար թե նորից ստեղծվի: Բացի այդ՝ եթե հիմա բացառապես կենտրոնանան Գագիկ Ծառուկյանի հարկային պարտավորությունների ստուգման վրա և անուշադրության մատնեն ՀՀԿ-աական վայ-հարկատուներին, այդ ամբողջ պրոցեսը կդիտվի որպես քաղաքական և ուղղորդված հետապնդում, ինչը չի կարող խրախուսվել:



Ուրեմն՝ ի գործ: