Կարծես թե իրենք գրագիտությունից թոզ ու դուման են արել

Կարծես թե իրենք գրագիտությունից թոզ ու դուման են արել

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը կարծում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը Գագիկ Ծառուկյանի մասին հավասարակշռությունից հանել է հասարակությանը, երբ առանց դրա էլ հասարակությունը լավ վիճակում չէ: Նա կոչ է անում ԲՀԿ-ական պատգամավորներին «արժանապատվորեն» վայր դնել մանդատները եւ «ազնիվ ու արդար» պայքարել իշխանափոխության համար:



- Սերժ Սարգսյանի ելույթը, բացառությամբ մեկ-երկու հոգու, որոնք նստած էին այդ դահլիճում, մնացածի մոտ առաջացրել է շատ տխուր տրամադրություններ: Փողոցում ցանկացածի կարող եք հարցնել՝ հասկացող, չհասկացող: Երբ այդպիսի դիրք գրավող մարդն այդպիսի առճակատումների է գնում, փողոցային լեքսիկոնով խոսում, ուզում ես, թե չես ուզում, հասարակությունը մնում է շատ հետաքրքիր ու անվերապահ գնահատող:



- Ինչո՞ւ հիմա Սերժ Սարգսյանը նման ելույթ ունեցավ, կարծում եք Ծառուկյանն իսկապես սպառնո՞ւմ է իշխանություններին եւ իշխանափոխություն ցանկանում:



- Եթե մարդու կողմից տեղի է ունենում սխալ քայլ կամ քայլեր, դրանք ունենում են բազմաթիվ պատճառներ՝ թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ: Տվյալ պարագայում, բնականաբար, սուբյեկտիվ պատճառները գերակայեցին օբյեկտիվին: Դրա անունը կարող եք դնել կատաստրոֆ, անհանգստություն: Բոլոր դեպքերում հասկանում եմ, որ չափազանց դժվար է, երբ դու գիտես, որ քո պատճառով արտագաղթ կա, աղքատություն կա, քո պատճառով աշխատատեղեր չկան, մարդիկ չեն կարողանում ապրել, դու հասկանում ես, այս մղձավանջը քեզ անհանգստացնում է: Ինչ-որ մի ժամանակ էլ չես կարողանում դիմանալ եւ մի պատասխան ես տալիս, որ, բնականաբար, ադեկվատությունից դուրս է:



- Լո՞ւրջ է արդյոք այս ամենը, եթե Սերժ Սարգսյանի ելույթի առանցքում գրագիտության մասին ընդգծումներն են՝ այն պարագայում, երբ անգամ ձեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամին է նշում, որ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ:



- Ախր այնպիսի մի հարց է դրվում, կարծես թե իրենք գրագիտությունից թոզ ու դուման են արել, մի հատ եկեք տեսնենք՝ էդ ո՞վ է ձեր միջի այդ սարսափելի գրագետը, իսկ ո՞վ է խաբել, որ ինչ-որ մեկն ահավոր, մահացու գրագիտություն ունի:



- Սերժ Սարգսյանի սպառնալից հայտարարությունները եւ հարկային ստուգումներ իրականացնելու հրահանգը ոչ պակաս վախով են պատել նաեւ ԲՀԿ-ն. լուրեր կան, որ ԲՀԿ-ական գործարարները լքում են կուսակցությունը: Չե՞ք կարծում, որ այսպես շարունակվելու դեպքում շարքերը կնոսրանան:



- Ես չգիտեմ, թե ովքեր են դուրս եկել, ովքեր են պատրաստվում, բայց գիտեմ, մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ զարմանալ պետք չէ: Կզաքիսներ, մանկուց կոմպլեքսավորվածներ միշտ եղել են հասարակության մեջ: Հիմա դրանք հանգամանքների բերումով հանգրվանած են եղել ԲՀԿ-ում, ՀՀԿ-ում կամ մեկ այլուր, բացարձակապես նշանակություն չունի: Նշանակություն ունի միայն այն, որ նման իրավիճակներում նման կռիսները հենց այդ վարքագիծը պետք է դրսեւորեն: Հիմա կռիսին չեք կարող ասել՝ խորտակվող նավը մի թողեք:



- Եռյակը՝ ԲՀԿ-ի լիդերությամբ, փետրվարի 20-ին համազգային շտապ հանրահավաք է հրավիրել, ի՞նչ քայլեր է պահանջում իրավիճակը, եւ ի՞նչ պետք է անի ԲՀԿ-ն այս ամենից հետո:



- Բոլոր դեպքերում, ես, որպես քաղաքացի, կմտածեմ, կուզենամ, որ լինի այնպես, ի դեմս 20-ի եւ դրա շարունակության, որպեսզի մեր երկրում տեղի ունենան փոփոխություններ, որպեսզի մեր երկրում չդադարի մարդը նսեմացվել, արհամարհվել. բնականաբար, նման փոփոխությունները պահանջում են իշխանափոխություն:



- Պարոն Բոստանջյան, քաղաքական շրջանակներում կասկածներ կան, որ ՀՀԿ-ԲՀԿ առերեւույթ լարվածությունը փոխպայմանավորվածությունների տիրույթում է, իսկ նպատակը դաշտը մինչեւ հաջորդ ընտրություններ զբաղված պահելն է:



- Ասում են՝ անհնարին ոչինչ չկա, եթե հանկարծակի դա այդպես լինի, ուրեմն Բոստանջյան Վարդանն այնքան հասարակ մահկանացու է, որ չի հասցրել տիրապետել, գտնվել նման ինստիտուտների, նման պայմանավորվածությունների դաշտում:
Պայմանավորվածությունների մասին խոսակցություններն այնքան բարձր մակարդակների գործ են, որ ես ոչինչ ասել չեմ կարող, ես ձեր նման սովորական մարդ եմ, առանց այլ ինֆորմացիայի տիրապետելու: Ես միայն իմ երկրի լավն եմ ուզում, բայց այդ լավն ուզելը դեռ քիչ է ռեցեպտներ տրամադրելու, այդ պայմանավորվածությունները հերքելու կամ հաստատելու համար:



- ԱԺ-ն մտադիր է Գագիկ Ծառուկյանին զրկել մանդատից, քաղաքական որոշ շրջանակներ ընդհանրապես առաջարկում են ԲՀԿ-ականներին վայր դնել իրենց մանդատները:



- Ես մտածում եմ՝ անհրաժեշտ է, որ պատգամավորները վեհ, գլուխները բարձր մանդատները վայր դնեն:



- Դա ի՞նչ կտա պայքարին:



- Կտա զգաստություն, կսրսկի հասարակության ու մեր ազգի մեջ վեհություն եւ, բնականաբար, այլ լավ բաներ: Այդ ողորմելի, խեղճուկրակ մանդատի փայփայելը ոչ այլ ինչ է, քան մի քիչ էլ ճաշը շատ ունենալու, մի քիչ էլ ուրիշի հաշվին ապրելու, մի քիչ էլ կերակրատաշտին կամ տորթին մոտ գտնվելու ցանկություն: Վեհ մարդիկ պետք է դուրս գան այդ ճղճիմ հոգեբանությունից:



- Իսկ պայքարն ինչպե՞ս պետք է շարունակել, այնպես, ինչպես նախկինո՞ւմ, թե՞ ավելի արմատական քայլեր է հարկավոր որդեգրել:



- Պայքարն այնքան սիրուն բան է, որ պայքարն ինքնըստինքյան կձեւավորվի, մենք կարող ենք չչարչարվել, մեր կյանքը չբարդացնել պայքարի ուղիներ փնտրելու, գծագրելու համար, պայքարն իրան-իրան կստացվի, կարեւորը, որ դու ճիշտ պահես քեզ, լավ պահես քեզ: