Ո՞ր ճանապարհը կընտրի Ծառուկյանը

Ո՞ր ճանապարհը կընտրի Ծառուկյանը

Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի մեկ շաբաթ էլ չտեւած կայծակնային պատերազմն ընդհատվեց հրադադարով, բայց հաշտության համաձայնագիր դեռ ստորագրված չէ: Փակ հանդիպման մասին տարբեր վարկածներ են հնչում: Սերժ Սարգսյանը մի քանի տարբերակ է առաջարկել Գագիկ Ծառուկյանին՝ ասելով. «Կողմնորոշվիր, թե որն ես ընտրում», իսկ հրադադարի ընթացում Ծառուկյանի բիզնեսներին ոչինչ չի սպառնա, նրան պատժելու մտադրությունները ժամանակավորապես սառեցվել են: Ավելին՝ սպորտի ոլորտն էլ կշարունակի մնալ Գագիկ Ծառուկյանի ղեկավարման տիրույթում: Մինչ կողմնորոշվելը, Սարգսյան-Ծառուկյան հանդիպման ընթացքում հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԲՀԿ-ական եւ ՀՀԿ-ական պատգամավորներն այսուհետ հայտարարություններ անելիս պետք է բացառապես կոռեկտության սահմաններում մնան:



Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, ապա, առաջին տարբերակի համաձայն, Գագիկ Ծառուկյանը պետք է ինքնակամ հրաժարվի պատգամավորական մանդատից, ինչպես նաեւ կուսակցությունից եւ դուրս գա քաղաքականությունից: Որպես կուսակցությունը լքելու արժանապատիվ այլընտրանք, քննարկվել է Ծառուկյանի՝ ԲՀԿ պատվավոր նախագահ դառնալու տարբերակը: Իսկ կուսղեկավար կդառնա նա, ում կմատնանշի ՀՀ նախագահը: Այսպիսով, Սերժ Սարգսյանը բաց հայտարարել է, որ երկրի երկրորդ քաղաքական ուժը համարվող ԲՀԿ-ն պետք է անցնի իր լիակատար տնօրինության տակ եւ դառնա լիովին կառավարելի: Այլես անհանդուրժելի է, որ «ԲՀԿ-ն այլ կառավարիչներ ունի», ակնարկն ըստ էության երկրորդ նախագահին էր ուղղված, ում պաշտոնավարման տարիներին էլ ձեւավորվել է ԲՀԿ-ն՝ ընդդեմ ՀՀԿ-ի:



Երկրորդ տարբերակն այն է, որ Ծառուկյանը շարունակում է մնալ կուսակցության ղեկավար, բայց կուսակցությունից հեռանում են արմատական թեւի ներկայացուցիչները՝ Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը, էլի մի քանիսը, որոնք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, Ծառուկյանին դրդում են անհնազանդության: 2 տարբերակում էլ ելքը նույնն է՝ ԲՀԿ-ն փաստացի դառնում է ՀՀԿ-ի կցորդը, մի տարբերությամբ, որ երկրորդի դեպքում Ծառուկյանը «բարոյական» հաղթանակ է տանում եւ չի հեռանում քաղաքականությունից, իսկ 2017-ին, որպես հզոր «ընդդիմադիր» ուժ, մասնակցում է ընտրություններին եւ ստանում բողոքական զանգվածի ձայները:



Ծառուկյանի խոսնակի հայտարարությունները, թե Ծառուկյանը քաղաքականությունից հեռանալու մտադրություն չունի եւ վայր չի դնելու պատգամավորական մանդատը, պահի թելադրանքով է արված: Իրենց հերթին Ազատամարտիկների դաշինքի որոշ անդամներ երեկ նշում էին, որ Ծառուկյանն իրենց քաղաքականությունից հեռանալու խոստում է տվել ու վստահեցրել, որ 3-4 ամիս հետո ինքն այլեւ չի երեւալու: Բնական է, որ Ծառուկյանը միանգամից չէր գնա ինքնաոչնչացման:



Քաղաքագիտական շրջանակներում անշնորհակալ գործ են համարում կանխատեսումներ անելը, թե որ ճանապարհը կնախընտրի Գագիկ Ծառուկյանը: Արամ Կարապետյանը միայն ասում է, որ դեռ երկար ժամանակ Ծառուկյանը լուռ կմնա քաղաքականության մեջ, ոչինչ չի անի եւ կսպասի. «Խոսակցություններ շատ կլինեն, բայց ինքը կփորձի այդ ամենը լռությամբ տանել»:



Քաղաքագետ Սարո Սարոյանն էլ հիշեցրեց նախկինում արված վերլուծությունները, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող ողջ պրոցեսը «փուչիկ» է, ու չի կարելի շատ լուրջ մոտենալ այդ ամենին, հատկապես Ծառուկյանի ընդդիմադիր նկրտումներին. «Վաղուց ենք ասել, որ ողջ բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին քաղաքագիտական վերլուծությունները կեղծիք են, բայց քանի տարի այդ փուչիկն անընդհատ փչվեց»: Սարոյանը հետահայաց հիշեցրեց Ծառուկյանի՝ կեղծ ընդդիմադիրի գործունեության քրոնիկան, սկսած նախագահական ընտրություններին իր ասելիքը պարբերաբար «հաջորդ դասին» տեղափոխելու ձգձգումներից, վերջացրած վերջին անբովանդակ հանրահավաքներով. «Ժողովուրդը վերջին 4-5 տարիներին այս ամենը տեսավ, թե ինչպես իրեն անապատում սոված ման տվեցին, ու, ի վերջո, այդ փուչիկը վերջնականապես պայթեց այն ժամանակ, երբ բարձրացվեց արտահերթ ընտրությունների հարցը»:



Ի վերջո՝ օլիգարխն օլիգարխ է մնում, ու երբեք նա իր շահերը չի ստորադասի ժողովրդի շահերին, ու քրեաօլիգարխիկ համակարգն էլ երբեք չի կարող դեմոկրատիա հաստատել: Դրա համար էլ եղավ այն, ինչ եղավ: «Իսկ այս ամենի արդյունքում ժողովուրդը մնաց միայնակ ռեժիմի դեմ հանդիման»: Սարո Սարոյանը կոչ է անում ժողովրդին գործի անցնել եւ Հայաստանում դոմինանտ դարձնել քաղաքացիական պայքարը, ընդվզումը, քանի որ ռեժիմի տապալումը կուսակցական խնդիր չէ, ու ոչ մի կուսակցություն դրա դեմ չի պայքարում: