ԼՂՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում քննարկմանը

ԼՂՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում քննարկմանը

Փետրվարի 19-ին ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալլոնեի գրասենյակի կողմից կազմակերպված՝ հայկական հարցերի շուրջ հատուկ քննարկմանը:



Իր խոսքում Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ այդ ուղղությամբ ձեռնարկվող ԱՄՆ միջնորդական ջանքերը: ԼՂՀ մշտական ներկայացուցիչը նաև անդրադարձել է ԼՂՀ և ԱՄՆ հարաբերությունների հիմնական ուղղություններին, այդ թվում՝ ապակենտրոնացված համագործակցությանը և Արցախին տրամադրվող ամենամյա օգնությանը:



Միջոցառման բանախոսներ ՀՀ դեսպանության դեսպանորդ Հրաչյա Թաշչյանը, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Դանիել Քուշակչյանը իրենց ելույթում անդրադարձել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը, ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման հետ կապված հարցերին։



Քննարկմանը մասնակցել են նաև ԱՄՆ ավելի քան 60 կոնգրեսականների աշխատակազմի ներկայացուցիչներ: