Մավրն իր գործն արեց, մավրը կարող է հեռանալ

Մավրն իր գործն արեց, մավրը կարող է հեռանալ

Գագիկ Ծառուկյանն իր առաքելությունը կատաեց: Գագիկ Ծառուկյանը կարող է հեռանալ: Չմտածեք՝ յուղի տեղ եմ ընդունում Սերժ Սարգսյանի խոսքերը՝ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, իսկ տգետները քաղաքականության մեջ գործ չունեն: Ինչ-որ տեղ, այո, դասական առումով Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ չէ, բայց ասել, որ Հայաստանում հազարներով չեն հաշվվում քաղաքականությամբ զբաղվող տգիտության մարմնացումները և կանգ առանել միայն Գագիկ Ծառուկյանի վրա՝ ճիշտ չէ միանշանակ:



Շատ հեռու չգնամ, բայց հենց այն դահլիճում, որտեղ տեղի էր ունենում ՀՀԿ խորհրդի նիստը, տգետների պակաս չկար: Ինքս նախագահի լիազորություններ չունեմ, ցավոք, ապա թե ոչ՝ այստեղ կթվարկեի  այդ տգետներից մի քանիսին, թեև առանց թվարկելու էլ նրանցից շատերն իրենց ցույց տվեցին:



Իրականում Գագիկ Ծառուկյանը ուներ մի առաքելություն, որը նա կատարեց և այսօր կարող է հեռանալ: Հեռանալ մեծ քաղաքականությունից, խարդավանքների այդ աշխարհից: Նա առանց պատգամավորական մանդատի էլ, առանց ֆիզկուլտինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնի էլ, առանց ԱԽ խորհրդի անդամի կարգավիճակի էլ նույն Գագիկ Ծառուկյանն է: Նույնիսկ՝ առանց ԲՀԿ-ի նույն մարդն է՝ բոլոր այն ծրագրերի մեջ, որոնք ինքն է իրականացնում՝ քաղաքականությունից դուրս:



Թերևս հենց սա է պատճառը, որ այսօր, ինչքան էլ հուսախաբ, ժողովուրդ կա ու կգնա նրա հետևից: Չգիտեմ՝ դեպի ուր, հանուն ինչի, բայց վստահ եմ, որ իր թիկունքում Ծառուկյանը ժողովուրդ ունի: Այս ժողովրդին Սերժ Սարգսյանը չկարողացավ պոկել Գագիկ Ծառուկյանից: Ծառուկյանին լքեցին շատերը, որ երջանիկ օրերին նրան թագավոր էին ասում: Բայց հասարակ մարդիկ, հատկապես նրանց ստորին ու կարոտյալ շերտը, շարունակում է հայացքով հետևել Ծառուկյանին:



Բազմաթիվ ուսյալ ու կրթյալ քաղաքական գործիչներ կերազեին Գագիկ Ծառուկյանի համակիրների 1-2 տոկոսն ունենալ: Կա՞ ՀՀԿ-ում մի մարդ (նախագահին իր լծակներով չհաշված), որ կկարողանա որևէ ընտրությունում հաղթել Գագիկ Ծառուկյանի անվճար ավտոոբուսի վարորդին: Ես խիստ կասկածում եմ, թե կա այդպիսի մեկը: Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան, Էդուարդ Շարմազանով, Մարգարիտ Եսայան, Հովհաննես Սահակյան… Սրանք դեռ ուսյալներն են, բայց կկարողանա՞ն հաղթել: Նրանց թիկունքում ժողովուրդ կա՞: Վահան Հովհանիսյանն այս պիոներկանչականներին ասում էր՝ Սերժ Սարգսյանը չլինի, ձեզ դալաններում կծեծեն:



Համամիտ չեմ ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի այն մտքին, թե Գագիկ Ծառուկյանը ուզում էր նախագահ դառնալ, անցնել ռուբիկոնը: Խոսելով Գագիկ Ծառուկյանի այդ «ամբիցիայի մասին, նրանք իրականում փորձում են նսեմացնել Ծառուկյան մարդու կերպարը: Մինչդեռ Ծառուկյանը հստակ ասել է՝ կան մարդիկ, որոնց ես 2018-ին կպաշտպանեմ, եթե ուզենան նախագահ դառնալ: Այդ հետո միայն Ծառուկյանն ավելացրեց՝ իսկ եթե իմ կուսակցությունն ու ընտրողները պնդեն իմ թեկնածությունը, ես չեմ կարող նրանց մերժել: Այսպես ասել է Լևոնը, այսպես է ասել Քոչարյանը, այսպես կասի Սերժ Սարգսյանը, երբ արդեն նախագահ չի լինի: Բոլորին չես դատի դրա համար: Բրեժնևը, երբ մեռնում էր, պոլիտբյուրոյին խնդրել է իրեն փորի վրա պառկեցնել դագաղում: Երբ հետաքրքրվել են ինչո՞ւ, պատսխանել է՝ ես գիտեմ, որ ինձնից հետո վատ է լինելու և ժողովուրդը գալու է համապատասխան տեղս պաչի, որ հետ գամ»: Շատ խորհրդանշական պատմություն է, նաև ուսանելի՝ հեռացողների համար: Այնպես հեռացեք, որ մարդիկ ձեզ խնդրեն վերադառնալ ու չգնան Գագիկ Ծառուկյանի դուռը:



Իսկ ո՞րն էր Գագիկ Ծառուկյանի առաքելությունը: Նրա միակ առաքելությունը համակարգին ծառայելն էր, ինչը նա կատարեց փառավոր ձևով և կարող է հեռանալ: Լևոն Տեր-Պետրոսյանը հիացած խոսում է այն մասին, թե ինչպես Գագիկ Ծառուկյանը իշխանության կցորդից հրաշալի վերակերպումների միջոցով դարձավ ընդդիմության լիդեր: Տեր-Պետրոսյանը կեղծում է, կեղծում է անողոք, որպեսզի արդարացնի իր քաղաքագիտական հայտնի վերլուծությունը: Այդ սովետի ժամանակ էին բանվորի տղուց պրոֆեսոր ձուլում: Ավելի լավ կլիներ, եթե Տեր-Պետրոսյանը նկատեր, որ այն պահից, երբ ԲՀԿ-ն չմտավ կոալիցիա, Հայաստանում դադարեց գոյություն ունենալ իսկական ընդդիմությունը: Բոլորը շտապեցին Ծառուկյանի գրպանը մտնել, իսկ նա իշխանությունից հենց դրա համար էլ հեռացել էր:



Գագիկ Ծառուկյանն իր ֆունկցիան կատարել է: Ընդդիմություն չկա: Հիմա նա կարող է հանգիստ հեռանալ: