Երկու լյուստրացիոն փաստաթուղթ՝ ԱԺ-ում

Երկու լյուստրացիոն փաստաթուղթ՝ ԱԺ-ում

Երեկ խորհրդարան եկած ԲՀԿ-ական պատգամավորները՝ 10-15 հոգի, ասես փշերի վրա լինեին. անհանգիստ այսուայն կողմ էին անում, ու երեւում էր, որ ցանկանում էին րոպե առաջ լքել տարածքը: Իսկ երբ փորձում էիր որեւէ հարց տալ, անմիջապես խոժոռվում ու ծլկում էին՝ մատնացույց անելով կուսակցության մամլո խոսնակին: Տպավորություն կար, թե նրանց զոռով էին բերել ԱԺ, ու պատահական չէր, որ ԲՀԿ-ն նիստերը բոյկոտելու որոշում կայացրեց, որովհետեւ, այսպես թե այնպես, հատուկենտ պատգամավորներ էին ներկայացել նիստին: ԲՀԿ շարքերում դատարկ էին առավել սկզբունքայինների տեղերը, նրանք, որոնք դեմ էին նահանջին եւ, ըստ լուրերի, կուսակցությունից դուրս գալու կես ճանապարհին են՝ Վարդան Օսկանյան, Մարտուն Գրիգորյան, Ռուստամ Գասպարյան եւ ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյան:



ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարը հայտարարեց, որ բոյկոտում են այս քառօրյան. «Առաջիկա օրերին ԲՀԿ-ն հանդես կգա հստակ պարզաբանումներով եւ հստակ, պարզ կներկայացնի իր քայլերը»: Եվ հեռացան դահլիճից: Թեեւ խորհրդարանի կուլիսներում ԲՀԿ-ի բոյկոտի բոլորովին այլ հիմնավորում էին ներկայացնում: Բանն այն է, որ խորհրդարանի քննարկմանն ու քվեարկությանն էր դրվելու երկու «ստուգողական» նախագիծ: Մեկը Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելու մասին, մյուսը՝ ՀԱԿ-ի՝ երկրում ստեղծված կառավարման ճգնաժամի վերաբերյալ: Վերջինը, ի դեպ, դեռ անցած աշնանից ՀՀԿ-ն չէր ընդգրկում նիստերի օրակարգ եւ դա արեց հերթական քառօրյայում՝ թերեւս փորձության ենթարկելու համար ԲՀԿ-ին:



Իշխանության կողմից ծնկի բերված ԲՀԿ-ականները, բնականաբար, չէին կարող աջակցել այս նախագծերին, իսկ չաջակցելը կնշանակեր վերջնականապես քաղաքական վախճան: Ուշագրավ է, որ Փաշինյանի նախաձեռնությանը խորհրդարանում երեք ընդդիմադիր խմբակցություններից ընդամենը չորս պատգամավոր կողմ քվեարկեց՝ հեղինակը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանը: Մյուսները չմասնակցեցին քվեարկությանը, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը զավեշտալի պատճառաբանություն ներկայացրեց, թե քանի որ նախագիծը թույլ է, իրենք չեն միանում դրան, որպեսզի չուրախացնեն Սերժ Սարգսյանին: