«Վերածնունդ» մրցույթ-փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Մեծ հաղթանակի 70- ամյակին

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Մեծ հաղթանակի 70- ամյակին

Գյումրիում ապրիլի 10-23-ը կկայանա երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային VII մրցույթ-փառատոնը՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 100 ամյա տարելիցին և Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70 ամյակին: «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին կմասնակցեն շուրջ 2700 մարդ աշխարհի 33 երկրներից: Այս մասին հայտնում են փառատոնի հասարակայնության հետ կապերի բաժնից:



Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է նպաստել տարբեր ազգերի և ժողովուրդների մշակույթների մերձեցմանը, մշակույթի միջոցով ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, մշակութային կյանքի զարգացմանը ՀՀ մարզերում:
Մրցութային ծրագրի ունկընդրումները կանցկացվեն ապրիլի 10-22-ը Գյումրու մշակութային և ուսումնական հաստատություններում 14 անվանակարգերով (դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, էստրադային երգեցողություն եւ էստրադային նվագախմբի գործիքներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն):Մասնակիցները հանդես կգան հինգ տարիքային խմբերով: Մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված կլինեն 70 արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 14-ին:



Փառատոնի օրերին նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում, Երևանում և Ստեփանակերտում կանցկացվեն վարպետության դասեր եւ համերգներ: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա ԱՊՀ երկրների առաջավոր երաժշտական բուհերի ղեկավարների կլոր սեղան, որի ընթացքում կարծարծվեն գիտամանկավարժական մի շարք խնդիրներ, կկատարվեն առաջավոր փորձի փոխանակում, ձեռք կբերվեն պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար, կկնքվեն երկկողմ պայմանագրեր:



Փառատոնին հրավիրված են շուրջ 20 կոնսերվատորիաների պատվիրակություններ՝ ռեկտորների ղեկավարությամբ, ինչպես նաև ԱՊՀ-ի Հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամը ՝ ղեկավար Միխայիլ Շվիդկոյի գլխավորությամբ:



Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն նաև «Մշակույթների երկխոսություն» միջազգային 8-րդ գիտաժողովը, որին կմասնակցեն շուրջ ինը տասնյակ գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից: Մրցույթ –փառատոնի փակումը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 23-ին:



Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, ԱՊՀ-ի Հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն ՀԿ-ն: Փառատոնի անցկացմանը կաջակցեն ՀՀ մշակույթի նախարարությունը և Գյումրու քաղաքապետարանը: