«Երևի Բաղրամյան 26 այցելության հետևանք է»

«Երևի Բաղրամյան 26 այցելության հետևանք է»

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությունը՝ նոր արեւմտամետ դաշինք ձեւավորելու նպատակով, ոչ մի կերպ գլուխ չի գալիս: Հակառուսական 5 ուժերի ներկայացուցիչներ՝ Հայրիկյանի ԱԻՄ-ականները, Միքայել Հայրապետյանի պահպանողականները, վերածնված ՀՀՇ-ականները, Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիքն» ու ժառանգականները, շաբաթը մեկ հավաքվում, քննարկում, բայց չեն կարողանում մի հայտարարություն տարածել, որի մասին խոստացել են շաբաթներ առաջ: Պարզվում է՝ վերջին երկու հանդիպումներին ՀՀՇ-ն խոստանում, բայց չի մասնակցում, ինչն էլ հետաձգում է դարակազմիկ հայտարարության հրապարակումը: «Հայտարարության հետ կապված խնդիրը հետեւյալն է ընդամենը. ամեն հանդիպմանը բացակայություններ են լինում, եւ բոլոր ուժերի հետ չենք կարողանում համատեղ որոշում կայացնել»,- վստահեցրեց «Ժողովրդավարական հայրենիքի» ղեկավարը:



ՀՀՇ-ի վերջին բացակայությունը Պետրոս Մակեյանին ոչ հաճելի ենթադրությունների հիմք է տալիս: «Երեւի Բաղրամյան 26 այցելության հետեւանքն է»,- ասաց նա՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական փոփոխությունների հարցով հանդիպումը, ու անմիջապես ավելացրեց. սա ենթադրություններից մեկն է. «Թեպետ խոստացել էին մասնակցել»: Իսկ նախավերջին հանդիպմանը «Ժառանգությունն» էլ է բացակայել՝ Հայաստանից Րաֆֆի Հովհաննիսյանի բացակայելու պատճառով: Պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել կուսակցական առաջնորդների մակարդակով եւ այդպես էլ անում են, բացի «հարգելի» պատճառներով բացակայություններից, վերջին նիստին «Ժառանգությունից» քննարկման է ներկայացել Րաֆֆիի «ժառանգորդ» Զարուհի Փոստանջյանը: Ամենասկզբում՝ փետրվարի առաջին շաբաթներին, Հայրիկյանի նախաձեռնած հանդիպումներին մասնակցում էին 6 ուժեր, որից հետո խորհրդակցությունների այդ ձեւաչափը լքեց Հիմնադիր խորհրդարանն ու պատճառաբանեց, որ ֆորմատը ռեալ գործողություններ չի առաջարկում, իսկ իրենք որդեգրել են «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոս-սկզբունքը:
Հայրիկյանի նախաձեռնած այս ֆորմատի նպատակն ու դրան հասնելու միջոցներն առայժմ այնքան էլ հստակ չեն, գուցե, եթե հրապարակվի խոստացված հայտարարությունը, հստակեցվեն այս ուժերի նպատակները:



Իսկ հայտարարության բովանդակությունը շարունակում են գաղտնի պահել: Պարոն Մակեյանը միայն փոքրիկ գաղտնիք բացեց, որ այդ հայտարարությունն իրավիճակի գնահատականն է լինելու եւ ելքերի քննարկումը, որը պահպանողականների տեսլականն է: Նոր բեւեռի ստեղծմանը մասնակից քաղաքական ուժերն առանձին-առանձին ներկայացրել են իրենց մոտեցումները, բայց ԱԻՄ-ն ու Մակեյանի կուսակցությունը հավանության են արժանացրել պահպանողականներինը, մյուսներն էլ դեռ չեն հայտնել իրենց կարծիքը. «Այդտեղ իրավիճակի գնահատականն է եւ այն սկզբունքները, որոնց շուրջ կարելի է հանդիպումներ ունենալ եւ քննարկումներ անցկացնել»: Մակեյանը մեր հարցին ի պատասխան ընդգծեց, որ «պայքարի ճանապարհների մասին խոսք չկա» հայտարարությունում. «Այստեղ կարեւորվում է արժեհամակարգը, թե ինչ արժեհամակարգ կա երկրում, իրավիճակի գնահատականն է, եւ թե ինչ արժեհամակարգի ուժեր կարող են մասնակցել այդ քննարկումներին»:
Հաջորդ հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ: