Եվրոպական կոնվենցիայի իրականացման վերաբերյալ հռչակագիր է ընդունվել

Եվրոպական կոնվենցիայի իրականացման վերաբերյալ հռչակագիր է ընդունվել

Մարտի 26-ից 27-ը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Բելգիայի նախագահության շրջանակներում Բրյուսելում տեղի է ունեցել «Եվրոպական կոնվենցիայի իրականացումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է» խորագրով համաժողով:



«Համաժողովի նպատակն էր վերահաստատել անդամ երկրների հանձնառությունը` ապահովելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անկախությունը և բարձր հեղինակությունը»,- ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:



Հայկական պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը կոնվենցիոն համակարգի ամրապնդման ջանքերին, ներկայացրել կոնվենցիոն երաշխիքների իրացման և ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը և վերջին շրջանում ձեռք բերված արդյունքները:



«Համաժողովի արդյունքում ընդունվել է բրյուսելյան հռչակագիր, որը նոր խթան կդառնա 2010թ.-ից ի վեր ընթացող բարեփոխումներին՝ շեշտը դնելով Կոնվենցիայի իրականացման՝ պետությունների ընդհանուր պատասխանատվության և ՄԻԵԴ վճիռների կատարման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ: