Գնում են մարզեր

Գնում են մարզեր

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկրորդ շնչառությունն առնելուց հետո հայտարարեց, թե մարզային այցելություններ են ծրագրել, հանդիպումներ ԲՀԿ տարածքային կառույցների հետ, նպատակն է վերականգնել եւ ակտիվացնել ԲՀԿ տարածքային կառույցները, «գույքագրելու», թե ինչ է մնացել նախկին մեծ կուսակցությունից եւ ովքեր են մնացել Գագիկ Ծառուկյանի հեռացումից հետո: Ինչպես հայտնի է, դրանից հետո ցեցն ընկել էր ԲՀԿ, ու կուսակցությունը լքում էին թե պատգամավորների, թե ավագանու, թե մարզային կուսակցականների մակարդակով: Դեռ մարտի 17-ին ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը հայտարարեց, որ մարզային այցելություններին կմասնակցեն ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը, նրա տեղակալ Վարդան Վարդանյանը, ինչպես նաեւ մի շարք պատգամավորներ: Շաբաթներ են անցել այդ հայտարարությունից, բայց որեւէ լուր-խաբար, «իրեղեն» ապացույց չկա այդ այցելություններից: Մինչդեռ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը մեզ փորձեց վստահեցնել, որ գործընթացը մեկնարկել է. «Հանդիպումներ լինում են տարբեր տեղերում: Մենք ընթացիկ աշխատում ենք, մարզերում էլ ենք լինում, իրենք էլ են գալիս»: Թե որ մարզերում են եղել եւ ինչ են արձանագրել, Մելքումյանը հրաժարվեց պատասխանել, քանի որ ինքն այլ ֆորմատով է մասնակցում «մարզային հանդիպումներին»: Պատգամավորը հիշեցրեց, որ օրեր առաջ հանդիպել են ՓՄՁ-ների տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ եւ քննարկել դրոշմապիտակների հարցը. «Տարբեր քաղաքներից, մարզերից մարդիկ էին եկել եւ սպասում են իրենց գրավոր դիմումին, որ հետո այն ուղղենք կառավարությանը»: