Ուզում ենք, որ Նարիշկինն էլ գա Հայաստան

Ուզում ենք, որ Նարիշկինն էլ գա Հայաստան

Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Պուտինը կլինի Երեւանում, իսկ Պետդումայի ստորին պալատի խոսնակ Նարիշկինը` Ստամբուլում: Թվում է, թե խնդիր չկա, եւ ինքնին հասկանալի է, որ մեր ստրատեգիական «հակառակորդը», այնուամենայնիվ, առավելագույն բարձր մակարդակով ներկա է գտնվելու հենց Հայաստանում եւ ոչ թե Թուրքիայում: Բայց նույնիսկ դա չի բավարարում մեզ` հայերիս: Հիմա էլ դժգոհում ենք, թե ինչու է Նարիշկինը գնում Թուրքիա, չէ՞ որ ՌԴ խորհրդարանը դատապարտել է Ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ն էլ ճանաչել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:



Լավ, բա հիմա ի՞նչ անենք, որ Նարիշկինը չգնա Թուրքիա:
Ես առաջարկում եմ մտածել: Ենթադրենք` մի երկիր, դիցուք` Ռուսաստանը, ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ այդ երկիրը, դիցուք` Ռուսաստանը, պետք է իր բոլոր քայլերը կատարի Հայոց ցեղասպանության տրամաբանության մեջ, իր արտաքին քաղաքականությունը վարի այնպես, ինչպես Հայաստանը կթելադրի: Նման բան լինել պարզապես չի կարող: Եվ, առհասարակ, նույնիսկ Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած եւ քանիցս վերահաստատած ու դատապարտած Ուրուգվայը հարաբերություններ ունի բազմաթիվ երկրների հետ, որոնք ոչ միայն չեն ճանաչել Ցեղասպանությունը, այլեւ համարվում են Թուրքիայի բարեկամ երկիր եւ բոլոր միջազգային ատյաններում պաշտպանում ու առաջ են տանում Թուրքիայի տեսակետը:



Վերջապես, հստակ է, որ Գալիպոլիի արհեստական տոնակատարությանը ներկա է լինելու (ամենատարբեր մակարդակներով) Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ զանազան մակարդակներով դատապարտած (անգամ իրավական) երկրների մի ողջ խումբ: Հետեւաբար, ինչո՞ւ ենք առանձնացնում Ռուսաստանին, որը Հայաստանում կլինի առաջին դեմքով:
Մի ուրիշ հարց` Օբաման իր նախագահության շրջանում բազմիցս է դատապարտել Հայոց ցեղասպանությունը` այն անվանելով «Մեծ եղեռն»: Պուտինը հաստատ Օբամայի չափ քննադատած չկա Թուրքիային դրա համար: Բայց դու տես, որ Պուտինը գալիս է Հայաստան, իսկ Օբաման` ոչ: Ավելին ասենք: Նույնիսկ իր պետքարտուղարի այցը Ծիծեռնակաբերդ ԱՄՆ-ն որակեց որպես մասնավոր այց, թեեւ այն տեղի ունեցավ Անդրկովկասում Հիլարի Քլինթոնի պաշտոնական շրջայցի ծրագրով: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ պետությունների ղեկավարները, տվյալ դեպքում Օբաման եւ Պուտինը, շարժվում են ոչ թե սեփական քմահաճույքով կամ հայերի ցանկությամբ, այլ իրենց երկրի պետական արտաքին քաղաքականության թելադրանքով:



Իսկ պե՞տք էր, արդյոք, Ռուսաստանին որեւէ մակարդակով ներկա լինել Ստամբուլում: Բնականաբար, պետք էր: Առաջին հերթին պետք էր տնտեսական նկատառումներով: Քաղաքական խնդիրներում Թուրքիան Ռուսաստանի դաշնակիցը չէ. ՆԱՏՕ-ի անդամ է, չի ճանաչել Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին, մասնակցում է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, իսկ Միջերկրական եւ Սեւ ծովերի նեղուցներով էլ պատուհաս է ռուսական նավերի համար: Չմոռանանք նաեւ, որ ռուսները հույս ունեին Գալիպոլիի ճակատամարտի հաղթական ավարտի դեպքում տիրանալ Ստամբուլին:



Այսքանից հետո պարզ է դառնում, որ Ռուսաստանի մասնակցությունը (գոնե Նարիշկինի մակարդակով) Էրդողանի նախաձեռնած տոնահանդեսին պայմանավորված է զուտ տնտեսական շարժառիթներով եւ, առաջին հերթին, Սեւ ծովի տակով «Թուրքական հոսք» գազատարի անցկացման անհրաժեշտությամբ: Նարիշկինի մտահոգություններով մարդիկ այդ օրը Թուրքիայում քիչ չեն լինի, ովքեր կփորձեն առիթն օգտագործել տարբեր ձեւաչափերով ճեպազրույցներում ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Այն, ինչ կկատարվի Ստամբուլում, ներքին մթնոլորտի առումով չի կարող դեմ լինել կամ ժխտել Հայոց ցեղասպանությունը: Դա ավելի շատ տնտեսական մեկօրյա ֆորում է լինելու, իսկ հանդիսությունը` այդ ֆորումի շղարշը: Ճիշտ է, Էրդողանը միտումնավոր է ընտրել հենց ապրիլի 24-ը, բայց ո՞ւմ համար պարզ չէ, որ եթե Էրդողանն այդ օրը չընտրեր էլ, միեւնույն է, Մեծ Բրիտանիայի արքայազները Հայաստան չէին գալու, Օբաման չէր գալու, Էբոթը չէր գալու, Մերկելը չէր գալու: Պուտինը գուցեեւ Թուրքիա գնար եւ Հայաստան գար, նույնը` Օլանդը, եթե օրերը տարբեր լինեին:



Ավարտելով` նորից ընդգծենք. կարիք չկա սեւեռվելու այն հարցի վրա, թե ինչու սա եկավ Երեւան, իսկ նա գնաց Թուրքիա: Վաղը կարող է լսենք, որ Ստամբուլ են գնալու նաեւ Նազարբաեւն ու Լուկաշենկոն: Դա մեզ համար պատճառ չէ տխրելու, որ նրանք Գալիպոլիի ճակատամարտը գերադասում են Հայաստանի հետ հարաբերություններից: Նազարբաեւն ուր` Գալիպոլին ուր… բայց նրա պետությանն էլ դա է պարտադրվում` որպես արտաքին քաղաքականություն: