Արտաշատում կպայքարեն Հովիկ Աբրահամյանի որդին եւ նրանց թշնամի Գազի Հովոն

Արտաշատում կպայքարեն Հովիկ Աբրահամյանի որդին եւ նրանց թշնամի Գազի Հովոն


Աբովյանում ու Արտաշատում դրամատիկ ընտրություններ են սպասվում, եթե իշխանությունները հին ու բարի մեթոդներով պայքարից դուրս չթողնեն իրենց թեկնածուների դեմ պայքարի պատրաստ ուժեղ մրցակիցներին: Եթե Աբովյանում ՀՀԿ-ի թեկնածու, Ծառուկյանի օգնական Վահագն Գեւորգյանի հետ մրցակցելու է ոչ անհայտ Պալաչը՝ Արթուր Հարությունյանը, ապա Արտաշատում վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու դեմ պայքարի է պատրաստ նրանց ոխերիմ թշնամի հայտնի Գազի Հովոն՝ Հովհաննես Ղազարյանը: Դեռեւս մարտի 31-ին մենք գրել էինք, որ վարչապետը հեռուն գնացող ծրագրեր ունի եւ որդուն պատրաստվում է քաղաքապետ դարձնել: Երեկ հաստատվեց մեր տեղեկությունը. հունիսի 7-ին Արտաշատում սպասվող քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն առաջադրել է «Արտֆուդ» ընկերության համասեփականատեր Արգամ Աբրահամյանի թեկնածությունը: Ի դեպ, նա հանդես է եկել որպես անկուսակցական: Արգամից բացի, առաջադրվել են նաեւ անկուսակցական Գագիկ Համբարձումյանը՝ «Շահումյան ալկո»-ի տնօրենը, եւ անկուսակցական Հովհաննես Ղազարյանը: Գուցե առաջիկայում այլ առաջադրումներ էլ լինեն, բայց արդեն իսկ առաջադրվածների ցանկն ասում է, որ այստեղ թեժ պայքար է գնալու՝ քաղաքապետի աթոռի համար երկու երդվյալ թշնամիների միջեւ իսկական մենամարտ, քանի որ Հովհաննես Ղազարյանն այն նույն Գազի Հովոն է՝ «ՀայՌուսգազարդի» Արարատի մասնաճյուղի նախկին տնօրենը, որ վարչապետի եւ նրա գերդաստանի հետ թշնամության պատճառով ստիպված եղավ մի որոշ ժամանակով Հայաստանից արտագաղթել Ուկրաինա: Աբրահամյանի որդու ու նրա թիկնապահների եւ Գազի Հովոյի կողմնակիցների միջեւ տեղի ունեցող՝ երբեմն անգամ զինված բախումները տեւական շրջան սարսափի մեջ էին պահում Արտաշատի բնակիչներին: Գազի Հովոյին էին վերագրում նաեւ Ջոնիկ Աբրահամյանի դեմ իրականացված մահափորձը: Արտաշատյան քրեական իրավիճակը փոքր-ինչ հանդարտվեց, երբ Գազի Հովոն 2009-ին որոշ ժամանակով անհետացավ Արտաշատից: Նրա մասին սկսեցին կրկին խոսել 2010-ին, բայց ոչ թե կրիմինալ դեպքերը, այլ լրատվամիջոցները, որոնք կանխատեսում էին Հովոյի մարզպետ դառնալը: Ի դեպ, նա Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ բարեկամական կապեր ունի: 



Նշենք, որ ինչպես Աբովյանում, Արտաշատում եւս թեկնածուի ընտրության հարցը թողնվել է մարզային կառույցի վրա: Ուշագրավ է, որ երեկ կեսօրին, երբ դեռ չէինք պարզել վարչապետի որդու առաջադրման փաստը, Արարատի ՀՀԿ կառույցի ղեկավար, վարչապետի մորաքրոջ թոռ Կարինե Պողոսյանը պնդում էր, թե ոչինչ դեռ որոշված չէ, եւ սպասում են թեկնածուների առաջադրումներին, որպեսզի որոշեն, թե ում են սատարելու. «Մենք հստակ որոշում չենք կայացրել, որովհետեւ մինչեւ վաղը (այսօր) ժամը 6-ը ժամանակ ունենք թեկնածուների առաջադրման, կառաջադրվեն, մենք էլ կտեսնենք, թե ով է մեր թիմակիցը, նրան էլ կպաշտպանենք»: Արգամ Աբրահամյանի առաջադրման եւ ՀՀԿ-ի թեկնածուն լինելու մասին մեր հարցին տիկինը պատասխանեց. «Ոչինչ չի բացառվում, իսկ ինչի՞ պետք է բացառեմ, նա էլ է Արտաշատի քաղաքացի եւ ունի բոլոր իրավունքները»:
Փաստորեն, չի բացառվում, որ մարզը վերցնեք Աբրահամյանների եւ նրա բարեկամների տոտալ հսկողության ներքո. մեր դիտարկմանը Պողոսյանն անվրդով պատասխանեց. «Դա չի հակասում ոչ մի տեղ մեր օրենսդրությանը»: Այո, օրենսդրությանը չի հակասում, իսկ բարոյական օրենքների՞ն։