ՕԵԿ-ն ուղիղ եթերում է

ՕԵԿ-ն ուղիղ եթերում է

ՕԵԿ-ը լրիվ ընդդիմության «համը հանում է»: ՕԵԿ-ականները վերջապես իրենց «երազանքն» իրականացնելուց՝ ընդդիմադիր դառնալուց հետո մի «ընդդիմադիր» հունի մեջ են ընկել, էլ դու սուս: Ի՜նչ ընդդիմություն են դարձել, լեզուները բացվել է, «ընդդիմանալ է, որ ընդդիմանում» են իշխանությանը, ազգի խնդիրներն են բարձրացնում: Հատկապես վերջին շրջանում ԱԺ նիստերին ելույթների մեծ մասն ՕԵԿ-ական պատգամավորներն են ունենում: Այնպիսի մի հարց չկա, որի քննարկմանն ՕԵԿ-ից որեւէ «հեղինակավոր» կարծիք չհնչի, իսկ թե մեջն ինչ կա, դեռ հստակ չի երեւում:



Բացի Հեղինե Բիշարյան, Մհեր Շահգելդյան, Հովհաննես Մարգարյան հին ու խոսող եռյակից, ՕԵԿ-ից գրանցվում ու բոցաշունչ ելույթներ են ունենում նույնիսկ այնպիսի պատգամավորներ, որոնց ձայնը նախկինում ոչ ոք չէր լսել, անուններն էլ չգիտեին՝ Խաչիկ Հարությունյան, Լեւոն Դոխոլյան, որոնք արդեն հետ չեն մնում իրենց «ստաժավոր» կոլեգաներից: ՕԵԿ-ականների այս պահվածքը մի կողմից արդեն նյարդայնացնում է ԱԺ պատգամավորներին եւ լրագրողներին, որ ամբողջ օրը նրանց տեղի-անտեղի, քանակ ապահովող ելույթներն են ստիպված լսում, մյուս կողմից էլ հումորների ու կատակների առիթ է տվել խորհրդարանի միջանցքներում: Պատգամավորները կատակով նկատում են, թե «ընդդիմություն են դարձել, թող խոսեն, էլի, եթեր են լցնում»:



Այս ակտիվության «գաղտնիքը» շատ պարզ է. ՕԵԿ-ին պատկանող «Հ3» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակմամբ ամեն օր ցուցադրում է ԱԺ նիստերը, ու ՕԵԿ-ականները ջանք չեն խնայում էկրանին երեւալու համար: Դա քիչ է, Հ3-ի լուրերով էլ, ՕԵԿ-ի պարտադրանքով, գրեթե ամբողջությամբ միայն հենց իրենց պատգամավորներին են ցուցադրում, կարծես դահլիճում էլ ուրիշ քաղաքական ուժ չկա, բացի ՕԵԿ-ից: