Գագարինայի ապարանջանին մարդուկ էր, այլ ոչ թե անմոռուկ

Գագարինայի ապարանջանին մարդուկ էր, այլ ոչ թե անմոռուկ

Ինչպես հայտնի է, «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Պոլինա Գագարինան կիսաեզրափակչին բեմ է դուրս եկել մի ապարանջանով, որի վրա անմոռուկ է եղել պատկերված։ «Միլիոն ձայներ» երգը թողած, աշխարհի հայությունն ուշադիր զննել է զարդը։ Լավատես հայերը ոգեւորվել են, եզրակացնելով, որ Ռուսաստանն այսկերպ որոշել է պաշտպանել հայոց պահանջատիրությունը Ցեղասպանության հարցում։ Հոռետեսներն էլ որոշել են, որ անմոռուկը հմուտ ֆոտոշոփի արդյունք է։ Երեկ բոլորի կասկածները փարատեց GEOMA Jewelery ոսկերչական իրերի ֆիրման, որին պատվիրված է եղել ռուս երգչուհու ապարանջանը։ Իր ֆեյսբուքյան էջում GEOMA Jewelery-ն պարզաբանել է, որ Գագարինայի ապարանջանը ֆոտոշոփի արդյունք չէ, այլ իրական է։ Սակայն ոչ թե անմոռուկի պատկերով է, այլ՝ մարդու, փոքրիկ մարդուկի մարմին է պատկերված ապարանջանին։ Ապարանջանի մարդուկն անմոռուկի հետ շփոթմունքը հասցրել է մեծ դժգոհություններ առաջացնել նաեւ Ադրբեջանում, եւ Պոլինան տեղյակ է այս մասին։ Այնպես որ, հայերիս այսօր ավելի հետաքրքրում է այլ հարց․ արդյոք Պոլինան այսօր էլ, «Եվրատեսիլի» եզրափակչում, անմոռուկ-մարդուկո՞վ դուրս կգա բեմ, թե՞ ապարանջանը կթողնի կուլիսների հետեւում, քաղաքական շահարկումներից խուսափելու համար։