Արտագաղթի ցուցանիշով առաջին տեղում Շիրակի մարզն է

Արտագաղթի ցուցանիշով առաջին տեղում Շիրակի մարզն է

2014 թվականին առ­նվազն 50 հազար ՀՀ քաղաքացու մուտք 3-5 տարով արգելվեց Ռուսաստան: Քաղաքացիների վկայությամբ, այս գործընթացը կամայական է, քանի որ այդ արգելքը սահմանում են սահմանին անցագրային հսկողություն իրականացնողները: Միգրացիոն պետական ծառայությունից վստահեցնում են, որ այսօր կա տվյալների բազա, եւ այն այլեւս հայեցողական չէ: Սակայն քաղաքացիները ՌԴ միգրանտների վիճակի բարելավման հետ կապված որեւէ ակնկալիք գործնականում չունեն:
Ազգագրագետ Ռուբեն Եգանյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ամբողջ ցավը նրանում է, որ Ռուսաստանը մինչ այսօր միգրացիայի նկատմամբ դեռեւս հստակ ձեւավորված մոտեցում չունի: Այդ երկրի կողմից այս երեւույթը չարաշահվում է թե արտաքին, թե ներքին քաղաքականության առումով: Այն պայմանները, որոնք այսօր դրվում են մեր միգրանտների առջեւ, կտրուկ վատացնելու են նրանց վիճակը: Ցավոք, միակ բանը, որ պիտի ասեմ, որքան էլ ծանր լինի, խորհուրդ եմ տալիս այս տարի մեր միգրանտներին չմեկնել արտագնա աշխատանքի՝ վատթարագույնից խուսափելու համար»:



ՀՀ մարզերից արտագաղթի ցուցանիշով առաջին տեղում է Շիրակի մարզը: Միայն վերջին 10 տարվա վիճակագրությամբ Գյումրի քաղաքի բնակչության թիվը նվազել է 5 անգամ: «Կոմպաս» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արտաշես Բոյաջյանն ասաց, որ եթե մարդահամար անցկացվի, Գյումրիում փաստացի ապրողների թիվը 70 հազարը չի գերազանցի, մինչդեռ Գյումրին 350 հազարից պակաս բնակչություն չպետք է ունենար:



Ու չնայած արտագաղթի մեծ ցուցանիշին՝ Շիրակի մարզի զբաղվածության կենտրոնից հայտնում են, որ իրենց մոտ պաշտոնապես գրանցված է 37 միգրանտ: Ապա ընդգծում են, որ միգրանտը համարվում է անմրցունակ անձ: Այսինքն՝ նա առաջնահերթ կարող է օգտվել այն բոլոր պետական ծրագրերից, որոնք իրականացվում են զբաղվածության կենտրոններում:



Արտաշես Բոյաջյանի խոսքերով, վերջին անգամ ՌԴ մեկնելիս սահմանային անցակետում հսկողների մոտ կասկած հարուցեց իր նոր անձնագիրը: «Նրանք գտնում էին, որ ես նոր անձնագիր եմ ձեռք բերել նախկին խնդիրներից խուսափելու համար, ի դեպ, մեր շատ քաղաքացիներ արգելքի տակ են հայտնվում հենց նոր անձնագրերով»,-ասաց նա:
Գյումրու քաղաքապետարանի հասարակական կազմակերպությունների հետ կապի պատասխանատու Մկրտիչ Ճարտարյանն էլ միգրանտի համար առավել խոցելի ու վտանգավոր է համարում վերջին օրերի փոփոխությունը՝ կապված սահմանը հատելու պահին երթուղային անցաթերթիկ լրացնելու պայմանի հետ: «ՌԴ իշխանությունները մեր միգրանտների հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են: Մենք ունեցել ենք 300-ից ավել դիմում, որպեսզի վերանայվի: Վերանայման արդյունքում միայն 43 գյումրեցու է թույլատրվել մեկնել, մնացածն անհասկանալի պատճառներով մերժվել է»,-ասաց նա: Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը 2014 թվականից զբաղվում է միգրացիոն հարցերով: Կենտրոնի իրավապաշտպան Վանուհի Գասպարյանը խոսեց վերջերս իրենց դիմած մի քաղաքացու իրավունքների մասին: Քաղաքացուն Լարսի անցակետում արգելել էին ՌԴ մուտքը մինչեւ 2030 թվականը: Իրավապաշտպանը չի կարողանում հասկանալ, թե որ օրենքի հիման վրա է այդքան երկար արգելք դրվել, եթե Ռուսաստանի վերջին օրենքի համաձայն ամենաերկար ժամկետը 10 տարին է:



Նշենք, որ շատ քաղաքացիներ բողոքում են բոլորովին վերջերս ստեղծված իրավիճակից: Այսօր մարզերում բնակվող քաղաքացին միգրացիոն հարցերով միայն Երեւան կարող է դիմել, քանի որ սահմանային անցակետերում միգրացիոն ծառայության պետի կնիքով անդորրագիր են պահանջում: Իսկ միգրացիոն ծառայությունից տեղեկացնում են, որ նման անդորրագիր իրենք տալիս են միայն այն քաղաքացիներին, որոնց արգելքը հանվել է հենց իրենց միջամտությամբ: Ի դեպ, ինչպես հայտնում են միգրացիոն ծառայությունից, պարզվում է, որ, բացի միգրացիոն կառույցներից, ՌԴ-ում գոյություն ունի 23 կազմակերպություն, որոնք իրավասու են արգելք սահմանելու միգրանտի նկատմամբ: Այս կազմակերպությունները չունեն կայքեր, որտեղ կտեղադրվի համապատասխան ինֆորմացիա: Թերեւս հենց սա է պատճառը, որ անձը, շատ դեպքերում իր անունը փնտրելով միգրացիոն միջազգային ծառայությունում, չի գտնում արգելափակվածների ցուցակում եւ փաստի առաջ է կանգնում միայն սահմանը հատելիս:



Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ