Անթույլատրելի է Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը. Շարմազանով

Անթույլատրելի է Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետություն կատարած այցի շրջանակում այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:



ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, կարևորվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը:



Կարևորվել է նաև համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ խորհրդարանական և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովներում: Պարոն Շարմազանովն անհրաժեշտ է համարել միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի շուրջ խորհրդարանականների առավել սերտ համագործակցությունը:



ԱԺ պատվիրակության կազմում են պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը և Արծվիկ Մինասյանը:



Տարածաշրջանային կայունության և անվտանգության համատեքստում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ Էդուարդ Շարմազանովը դատապարտել է հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծումը և անթույլատրելի համարել Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը: Վլադիմիր Անդրեյչենկոն իր հերթին նշել է, որ Բելառուսը ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:



ԱԺ փոխնախագահն ընթացիկ տարին հայ ժողովրդի համար բացառիկ է համարել. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին ընդառաջ լրացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նրա գնահատմամբ՝ այն հայ ժողովրդի և միջազգային հանրության համար կարևոր է ոչ միայն պատմական փաստերը վերաիմաստավորելու, այլև նման հանցագործություններին «այլևս երբեք» ասելու տեսանկյունից: ԱԺ փոխնախագահն անհրաժեշտ է համարել միասնական պայքարը նացիստական գաղափարախոսության, ֆաշիզմի և այլատյացության դեմ:



Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցերի: