Կուսակցությունները պասիվանում են, նախաձեռնությունները՝ ակտիվանում

Կուսակցությունները պասիվանում են, նախաձեռնությունները՝ ակտիվանում

Մինչ քաղաքական ընդդիմադիր կուսակցությունները մտմտում են՝ միանա՞լ սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարին եւ մաս կազմել «Ոչ»-ի շարժմանը, քաղաքացիական նախաձեռնությունները գնալով ակտիվանում են՝ իրենց ձեռքը վերցնելով սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարի դրոշը:
Այս կարճ ժամանակահատվածում հասցրել են ստեղծվել մի շարք նախաձեռնություններ՝ «Չեք անցկացնի», «Չենք ընդունում սահմանադրական փոփոխությունները», «Ո՛չ սահմանադրական բարեփոխումներին»: Դրանցից յուրաքանչյուրն իր հերթին տարբեր ակցիաներ է կազմակերպում եւ տարբեր միջոցներով պայքարում սահմանադրական բարեփոխումների դեմ:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 16:00-ին «Չենք ընդունում սահմանադրական փոփոխությունները» նախաձեռնության անդամները պիկետ են կազմակերպելու նախագահի նստավայրի մոտ՝ Բաղրամյան 26-ի դիմաց: «ՀՀ Սահմանադրության փոփոխությունը պետք է գրվի հայ ժողովրդի կողմից»,- ասված է նրանց տարածած հաղորդագրության մեջ: Բոյկոտից հետո նրանք որոշել են շարժվել դեպի Ազատության հրապարակ՝ քննարկելու իրենց հետագա անելիքները։
«Ո՛չ սահմանադրական բարեփոխումներին» նախաձեռնությունն էլ հանրահավաք է հրավիրել սեպտեմբերի 10-ին՝ Ազատության հրապարակում: Նախաձեռնության անդամների խոսքով, իրենց պետք չեն սահմանադրական բարեփոխումներ, իրենց պետք է քաղաքական, գաղափարական սերնդափոխություն: «Այսպես կոչված՝ սահմանադրական բարեփոխումներն առաջին հայացքից գուցե գեղեցիկ եւ հրապուրիչ թվան, բայց իրականում դրանք չարիք են հայ հասարակության համար: Պառլամենտական կարգի անցնում են զարգացած եւ խորքով ժողովրդավարական երկրները, իսկ Հայաստանի կոմունիստական չեկիստների դպրոցի սաների ղեկավարած երկրում դա չարիք է, ինչպես Կոմկուսը դարձավ խորհրդային հանրապետությունների բարձրագույն ղեկավար մարմին, այնպես էլ ՀՀԿ-ն կդառնա: Եվ թող հակառակը չհամոզեն, թե չգիտենք, որ Հայաստանում կա ՀՀԿ եւ իր արբանյակ բազմաթիվ կուսակցություններ»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: Այս նախաձեռնության անդամները հույս ունեն, որ քաղաքական ուժերը եթե իրենց չաջակցեն, ապա գոնե հասարակությունն իրենց օգնության ձեռք կմեկնի։
Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնությունն էլ մոտ օրերս կհայտարարի, թե երբ են հավաք անցկացնելու: Նախաձեռնության անդամները հայտարարում են, որ համախմբման եւ միասնական ուժերով պայքարելու կարիք կա: «Սա այն հարցն է, որի շուրջ պարտավոր են միավորվել բոլոր այն հասարակական-քաղաքական ուժերը, որոնք չեն վերահսկվում իշխանությունների կողմից: Հենց այդ նպատակով էլ մենք արդեն հանդիպել ենք տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Հայ ազգային կոնգրեսի, ինչպես նաեւ հանրային սեկտորը ներկայացնող կառույցների հետ»,- ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ նպատակով իրենք համաժողով են նախաձեռնել, որին կմասնակցեն փոփոխություններին դեմ արտահայտվող բոլոր ուժերը, եւ հանրությունը կտեսնի, թե ովքեր են պատրաստ իրենց ուժերը ներդնել Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարում։