Լեզվակռիվ, փոխադարձ մեղադրանքներ, անգրագետ հարցեր

Լեզվակռիվ, փոխադարձ մեղադրանքներ, անգրագետ հարցեր

Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումները երեկ ԱԺ-ում շատ բուռն անցան: Բոլորը մտահոգված են մեկ հարցով՝ անմասն չմնալ հույժ կարեւոր գործընթացից: Ոմանք ձգտում են ծառայություններ մատուցել գործող նախագահին, մյուսները՝ առավել ընդդիմադիր երեւալ իրենց էլեկտորատի առաջ, երրորդները՝ ինչ-որ բան պոկել իշխանությունից, չափավոր ընդդիմադիր, չափավոր իշխանամետ լինելու դիմաց: Եվ քանի որ ԱԺ նիստը պետք է հեռարձակվի Հանրայինի ուղիղ եթերում, դիվիդենտները կարող են առավել շոշափելի լինել։



Նախ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Վարդան Պողոսյանին մեղադրեց կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ, թե իբր Սերժ Սարգսյանն անձամբ է հայտարարել, որ խորհրդարանական համակարգին անցնելու պարագայում ինքը չի հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին։ «Երբեք նա անձամբ հրապարակային չի հայտարարել, որ ԱԺ նախագահի պաշտոնին չի ձգտում, Դուք ապատեղեկացնում եք մեր ժողովրդին»,- ասաց Զուրաբյանը: Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ ինքը որեւէ կեղծ տեղեկություն ԱԺ-ին չի ներկայացրել. «Սերժ



Սարգսյանն իր որոշման մասին ներկայացրել է տարբեր կանալներով»: Լեւոն Զուրաբյանը չէր հանգստանում․ նա տեղից դիտողություններ էր անում: «Պարոն Զուրաբյան, փորձեք լսելու ունակություն ունենալ, չբղավել ու էթիկայի կանոնները պահպանել։ Ի՞նչ կարեւոր է՝ անձա՞մբ, թե՞ հրապարակային է ասել, երբ նա հանրության համար հայտարարել է, որ չի հավակնում այդ պաշտոնին»,- արձագանքեց Վարդան Պողոսյանը: Հետո Զուրաբյանը հորդորեց 20 տարվա մեջ գոնե 1 օրինակ մատնանշել, երբ որեւէ ճգնաժամ պայմանավորված է եղել կիսանախագահական կառավարման համակարգով.



«Պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ակնարկեցիք, որ 99-ին, երբ «Միասնություն» դաշինքը խորհրդարանում վերցրեց մեծամասնությունը, եւ նման հակասություն առաջացել էր, այդ ճգնաժամը հանգուցալուծվեց հոկտեմբերի 27-ի սպանություններով: Խնդրում եմ ճշտեք՝ ի՞նչ նկատի ունեք: Եթե այս սպանությունները պայմանավորված չէին կոնֆլիկտոգեն սահմանադրությամբ, ինչո՞ւ եք այդ օրինակը բերում, միեւնույն է, դա ոչ մի բան չի ապացուցում: Իսկ եթե պայմանավորված է, ստացվում է, որ իրավիճակը հանգուցալուծել է իշխանության հենց այն թեւը, որի այն ժամանակվա ազգային անվտանգության նախարարին Դուք այսօր ներկայացնում եք»:



«Հակադարձ հարված եք հասցնում Ձեզ,- պատասխանեց Պողոսյանը։- Ես երբեւէ չեմ ասել, որ կա պատճառահետեւանքային կապ ՀՀ նախագահի եւ ԱԺ մեծամասնության հակասությունների ու հոկտեմբերի 27-ի միջեւ: 1999թ. պառլամենտական ընտրություններից հետո առճակատում էր առաջացել ՀՀ նախագահի ու ԱԺ մեծամասնության միջեւ, որը տեւել է մինչեւ գարուն, երբ հարաբերությունները պարզվեցին: Կիսանախագահական համակարգն այն ընթացքը չի ունեցել, ինչ դուք ուզեցիք լինի. մեր սահմանադրությունը կոնֆլիկտոգեն չէ: Սահմանադրությունները գրվում են՝ կանխելու հնարավոր առճակատումները»: Լեւոն Զուրաբյանը կրկին տեղից ռեպլիկ արեց: Այստեղ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի նյարդերը տեղի տվեցին, եւ նա սկսեց բղավել Լեւոն Զուրաբյանի ուղղությամբ: Տեղի տվեցին նաեւ Հրանտ Բագրատյանի նյարդերը. նա տեղից վեր կացավ ու սկսեց բղավել, ընդվզել: Ընդդիմադիր պատգամավորին փորձեց սաստել ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Հայկ Բաբուխանյանը, ասելով. «Արի ստեղ հլը»: «Դու արի ստեղ, արի հլը»,- արձագանքեց Հրանտ Բագրատյանը:



Իսկ Գալուստ Սահակյանը հորդորեց «հաշիվները դրսում մաքրել»: Սահմանադրության նախագծի քննարկման ընթացքից ակնհայտ է, որ հիմնական դիմադրությունը ՀԱԿ-ի ճակատից է՝ 1-2 անձի կողմից: Փոխարենը ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանն ընդգծված հաճոյախոսություններ շռայլեց Վարդան Պողոսյանի հասցեին, թե որքան գերմանրակրիտ է ներկայացնում նախագիծը: Իսկ նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանը, որի ձայնն օրենսդրական գործունեության ընթացքում ԱԺ դահլիճից չէր լսվել, որոշեց ինքն էլ անմասն չմնալ գործընթացից ու ցույց տալ, որ անտարբեր չէ: Սակայն նրա հնչեցրած հարցը խորհրդարանի ընտրության երկրորդ փուլի մասին հրապարակված հայեցակարգի նախնական տարբերակին էր վերաբերում: Վարդան Պողոսյանը հիասթափեցրեց լեզու առած պատգամավորին, որ այդ դրույթն արդեն փոխվել է։ Բազմասերը, սակայն, անդրդվելի մնաց եւ խրոխտ նկատեց, թե․ «Ահա… եկաք-մոտեցաք իմ երկրորդ հարցին»:



Պատգամավորին հուզում էր, թե, ի վերջո, քանի պատգամավորից է բաղկացած լինելու նոր խորհրդարանը․ սահմանափակումներ չկա՞ն: Ելույթից հետո նրան հարցրինք. «Ինչ-որ բա՞ն է պատահել, որ ելույթ եք ունենում», հիշեցնելով պասիվ գործունեությունը։ «Ես միշտ եմ ակտիվ եղել»: Հրանտ Բագրատյանն էլ հետաքրքրվեց, թե սահմանադրության հայեցակարգում նշված է, որ մարդու իրավունքները գերակա են, նախագիծը մարդակենտրոն է. «Ինչո՞վ եք դա հիմնավորում, չէ՞ որ նախորդ սահմանադրության մեջ էլ կան այդ նույն դրույթները: Ինչո՞ւ եք համառորեն նշում՝ խղճի, ընտանիքի մասին կետերը սահմանափակվում են հասարակական շահերի պարագայում: Այսինքն՝ դուք դրանով ջրում-ոչնչացնում եք մարդու իրավունքները: Դեմոկրատիա եք ասում, սակայն կայուն մեծամասնության խնդիր եք դնում: Իտալիայի օրինակն եք բերում, սակայն վաղը նույն վտանգը չկա՞, որ մի քանի միլիարդատերի ձեռքը կլինի այս ԱԺ-ն, ինչպես եղավ



Բեռլուսկոնիի պարագայում, որը մի այլանդակ երեւույթ էր: Ստացվում է՝ ընդդիմությունը պետք է լինի 40 տոկոս, որ կարողանա թեկնածու առաջադրի երկրորդ փուլում»: Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ այդ սահմանափակումները չեն նշանակում, թե նշված իրավունքները դադարում են. «Որոշակի իրավունքներ էլ ուղղակի սահմանափակվում են մի քանի լեգիտիմ հիմքերով, այդ թվում՝ հասարակական կարգի ապահովման նպատակով: Իսկ ամուսնությունը չի կարող մերձավոր ազգականների ու որդեգրողի, որդեգրվողի միջեւ լինի: Կարելի է նշված հիմքերը կոնկրետացնել, ասենք՝ գրել առողջության եւ բարոյականության հիմքեր»: Խաչատուր Քոքոբելյանին էլ հուզում էր, թե ով է ՀՀ սահմանադրության երաշխավորն այս նախագծով. «Ի՞նչ է նշանակում, որ չկա երաշխավոր, ինչպես գիտենք՝ անտեր ոչ մի բան չի լինում»: Քոքոբելյանը նաեւ անթույլատրելի համարեց



ՀՀ ամբողջականության հետ կապված ցանկացած հարցի քննարկում, անգամ հանրաքվեով լուծելու պարագայում. «Սահմանադրությամբ ՀՀ փաստացի տարածքն ամրագրված է, ու այն քննարկման թեմա չի կարող դառնալ»: Վարդան Պողոսյանը մեկնաբանեց՝ ասելով, որ երկիրն ու սահմանադրությունն անտեր են դառնում, երբ մեկ անձի է վստահվում երկրի ճակատագիրը, չկա իշխանությունների բաժանում, ու միակ հույսն ինչ-որ մեկն է դառնում։ Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա․ «Մենք սահմանել ենք, որ անհրաժեշտության դեպքում է տեղի ունենում երկրորդ փուլ, որտեղ կարող են լինել քաղաքական դաշինքներ: Երկրորդ փուլի պարտադիր պահանջ չկա, այլ միայն ֆակուլտատիվ պահանջ կա»: Տարածքային ամբողջականության մասին էլ Վարդան Պողոսյանը նկատեց, որ իրականում կարող է լինել Խաչատուր Քոքոբելյանի ասածի տրամագծորեն հակառակ երեւույթն ու մեզ համար շահեկան լինել տարածքների ընդլայնման հարցում:
Այսօր շարունակվելու է նախագծի քննարկումը, հնարավոր է նաեւ արտահերթ նիստ հրավիրվի: