Բաց նամակ ԵՏՄ նորեկ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին

Բաց նամակ ԵՏՄ նորեկ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին

Բարև, շատ բարև մեծարգո Ալմազբեկ ջան



Ինչ էլ լավ անուն ունես... Որ մեր նախագահի հետ լավ լինես, ձեր երկուսից «алмазные серёжки» կստացվի: Հումորի զգացումից ո՞նց ես: Դե լավ:



Ի՞նչ կա, չկա ձեր կողմերում: Լա՞վ եք, տուն, տեղ, երեխա...



ТАСС-ից իմացա, որ նստել, միամիտ-միամիտ կարծում ես, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը խթան կհանդիսանա հանրապետությանդ տնտեսության զարգացման համար: Կարդացի ու մտածեցի մի երկու տող գրեմ, որ ռուսական գործակալություններին սրանից հետո նման միամիտ բաներ չասես: Այդ ռուսները մի հետաքրքիր խոսք ունեն, ասում են՝ «Обещанного три года ждут»: Ռուսերեն կարդում ես, չէ՞:



Ասեմ, բարեկամ, որ մենք քեզ նման մտածում ենք 2013 թվականի սեպտեմբերի 3-ից և մեզ ընդամենը մեկ տարի է մնացել, որ ԵՏՄ-ն խթան հանդիսանա մեր հանրապետության տնտեսության զարգացման համար: Որ ճիշտն ասեմ, այս ընթացքում ոչ թե ԵՏՄ-ն է խթանում մեզ, այլ մենք ու մեր ղեկավարներն են խթանում ԵՏՄ-ին: Ախպեր, մասնագետ են ուզել՝ տվել ենք, քարոզչությո՞ւն է պետք՝ անում ենք, իսկ մեր վարչապետն էլ վիզ է դրել, որ ռուսական ռուբլին չմեռնի: Պատկերացնո՞ւմ ես, գազի դիմաց ռուբլով ենք վճարելու: Թե վերջներս ինչ է լինելու՝ չգիտենք:



Ալմազբեկ ջան, չնեղանաս, բայց նախանձում եմ մեծ լավատեսությանդ: Ասել ես՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Ղրղզստանի առաջ բիզնեսի, արտադրության վերակառուցման նոր հնարավորություններ են բացվում։ Լավ կլիներ՝ ոտքդ մի հատ Հայաստան գցեիր ու մեր բիզնեսմենների հալը հարցնեիր ԵՏՄ մտնելուց հետո: Մեռած են թաղած չեն խեղճերը: Մեր արտադրության մասին էլ չեմ խոսում: ԵՏՄ մտնելուց հետո եղածն էլ վերացավ ու հիմա Հայաստանը Ռուսաստանից է լոլիկ ներկրում: Այնպես որ մի քիչ զգույշ եղիր արտահայտություններումդ:



Ժողովուրդդ մեղք է, իզուր հույս մի տուր, թե ձեզ հաջողվելու է ֆինանսական միջոցներ ներգրավել ԵՏՄ-ից և լուծել ֆինանսական ճգնաժամի հարցը: Նման բան չկա ԵՏՄ-ում: Ընդհակառակը, ԵՏՄ-ն է մեզնից միջոցներ ներգրավում: Ինչ ունենք-չունենք տալիս ենք, որ մեր լույսը մեր գլխից չկտրեն, պատկերացնո՞ւմ ես:



Ուրախ եմ, որ Ղրղզստանը «բարենպաստ վայր» է բիզնեսի, արտաքին և ներքին ներդրումների համար: Հուսամ՝ անկեղծ ես ասում: Այլապես մերոնք էլ են ասում, որ Հայաստանը գրավիչ է բիզնեսի և ներդրումների համար... Էդ ի՞նչ է, ձեզ մոտ հարկային չկա՞: Մեր հարկային մարմինները շատ են առաջադիմել և լրիվ սերտաճել են կառավարության հետ: Այդ գծով գերնախարար էլ ունենք: Հիմա իրար հետ են գործ անում: Կառավարությունը գործարար է բերում Հայաստան, տանում գրավիչ վայրեր՝ Գառնի, Սևան, Ծաղկաձոր, համոզում, որ բիզնես դնի: Ու հենց բիզնեսը դնում է, ներդրումներն էլ հետը, կառավարույունը հարկայինին աչքով է անում: Դրանից հետո, արդեն՝ խեղճ բիզնեսմեն: Էլ չեն նայում ազգություն, տարիք, սեռ, այնպես են տկլորացնում, որ հազիվ մի ձեռք շորով իրենց գցում են ինքնաթիռ ու հայդա Հայաստանից: Ուրեմն, ասում ես՝ ձեզ մոտ այդպիսի բաներ չկան, հա՞: Լավ է, ուրախ եմ:



Որախ եմ նաև Ղրղզստանի հավակնոտ ծրագրերի համար, որոնք ԵՏՄ-ից շատ ու շատ ավելի բարձր նշաձող են սահմանում: Ոզում եք, որ ղրղզ գործարարները «բարձր գործնական հեղինակության և ակտիվության համաշխարհային օրինակ» դառնան: Լավ է: Դուք, իհարկե, ուզում եք որ ղրղզ գործարարները այդպիսին դառնան Ղրղզստանում, չէ՞: Դա բնական է ձեր պարագայում, որովհետև դուք մեզ նման սփյուռք չունեք: Սփյուռքի մեր գործարարները աշխարհին հայտնի մարդիկ են, իրենց ոլորտների իսկական օրենսդիրներ: Հուսամ՝ տեղյակ եք: Իսկ ինչ մնում է մեր ներքին նշանակության բիզնեսմեններին, ապա ասեմ, որ ինչ անում, չենք անում, նրանք միջազգային մակարդակի չեն ձգում: Հենց մի քիչ թռփոշանում են, մեկը կա, գալիս, փայ է մտնում նրա բիզնեսում: Միայն մի քանի ընտրյալ ունենք, էն էլ սուպերմարկետից դենը բան չգիտեն: Ինչ ասեմ, ախպեր, աշխատիր այնպես անել, որ ձեր գործարարները, մանավանդ նրանք, ովքեր մենաշնորհներ ունեն, ստվերում չմնան մերոնց պես ու չփտեն:



Իսկ Սահմանադրության մասով ի՞նչ ես մտածում: Ասեմ՝ մի քիչ շառոտ գործ է: Մերոնք ասում են, որ դա վերարտադրության գործիք է: Ճիշտ է, մեր Մարգարիտ Եսայանն այդ մտքից ուղղակի ուշագնաց էր եղել, բայց ընդդիմադիրներն իրենցն են պնդում՝ վերարտադրության գործիք, հա վերարտադրության գործիք, չնայած, որ Սերժի վերարտադրության գործիքին էլ չի էդ ղալմաղալը: 



Դե լավ, ժամանակդ շատ չխլեմ: Մաղթում եմ քեզ բոլոր հույսերիդ իրականացում, իսկ ղրղզ ժողովրդին՝ անփորձանք ապագա և բարօրություն ԵՏՄ-ի գրկում: 



Հա, Նուրիկին շուտ-շուտ ե՞ս տեսնում: Կբարևես իմ կողմից ու կասես՝ Ալիևի ցնդած նամակները քիչ կարդա և ավելի լուրջ գործով զբաղվի: Այլապես ինչ ԵՏՄ է մտել, անծայրածիր արոտավայրերի երկիր Ղազախստանը սկսել է Բելառուսից կաթ առնել:Թվում է՝ մանրուք է, բայց այնքան էլ հաճելի չէ:



Հարգանքներով՝



Էդիկ Անդրեասյան



Հ.Գ. Հիշեցնենք, որ Ղրղզստանը ԵՏՄ լիիրավ անդամ է դարձել 2015թ. օգոստոսի 12-ից։