Տարիներով կինը մնում է առանց ամուսին, երեխան՝ առանց հոր, ի՞նչ սահմանադրական փոփոխությունների մասին է խոսքը

Տարիներով կինը մնում է առանց ամուսին, երեխան՝ առանց հոր, ի՞նչ սահմանադրական փոփոխությունների մասին է խոսքը

Սահմանադրական փոփոխությունների հետ մարդիկ առանձնապես հույս չեն կապում, քանի որ չկա վստահություն այդ փոփոխություններն իրականացնող իշխանությունների նկատմամբ. Հասկանալու համար, թե երկրի շարքային քաղաքացիները ինչպես են վերաբերում այդ փոփոխություններին, հարցումներ է կատարեցինք Հրազդանի փողոցներում: Քաղաքացիների մեծ մասը տեղյակ է, որ երկրում սահմանադրական բարեփոխումներ են իրականացվում, բայց հարցվածների հիմնական մասը դեմ է փոփոխություններին՝ նշելով հետեւյալը. «Հրազդանը ժամանակին խոշոր արդյունաբերական քաղաք էր, հիմա աշխատանք չկա, որ աշխատեն: Գործարանները մատված են անտերության, շուտով էլ պատերն էլ չեն լինի: Ժամանակին հանրապետությունում 4-րդ խոշոր արդյունաբերական քաղաք էր Հրազդանը` «Միկա Ցեմենտը» և «ՀրազՋէկը» ունեին հազարավոր աշխատողներ, հիմա 2-ը միասին հազար աշխատող չեն ունենա: 



Աշխատանք չլինելու պատճառով մեր ժամանակը անցկացնում ենք պատերի տակ նստելով, տուն էլ չենք ուզում գնալ: Երիտասարդները գնում են արտագնա աշխատանքի, որն էլ իր բացասական կողմ ունի: Տարիներով կինը մնում է առանց ամուսին, երեխան՝ առանց հոր, ի՞նչ սահմանադրական փոփոխությունների մասին է խոսքը: Ասենք սահմանադրություն փոխեցին, ժողովրդին աշխատանքով կապահովե՞ն, ինչ էլ արվում է, էլի իրենց համար են անում: Փոփոխությունների կարիք կա, ոչ թե սահմանադրության այլ երկրի ներկայիս իրավիճակի»:



ՀՀ-ում գործազրկության իրական ցուցանիշը գերազանցում է պաշտոնական տվյալները: Գործազուրկ են ավելի շատ միջին տարիքի քաղաքացիները, հատկապես՝ կանայք, որը կազմում է շուրջ 70%: 2014 թ.-ի հոկտեմբերի մեկի դրությամբ Հրազդանի տարածքային զբաղվածության կենտրոնում հաշվառված են եղել 1552 աշխատանք փնտողներ, որոնցից գործազուրկ են 1455-ը: 2015թ հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ աշխատանք փնտրող անձանց թվաքանակը 2098 է, գործազուրկները՝ 1784, առաջին անգամ աշխատանք փնտրողները՝ 924: Ըստ զբաղվածության կենտրոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի՝ Հրազդան քաղաքում նկատվում է գործազրկության աճ, չնայած այն, որ զբաղվածության կենտրոնների կողմից պարբերաբար իրականացվում են աշխատանքի տեղավորման եւ ուսուցման ծրագրեր: Աշխատատեղեր կան, օրինակ՝ կարողներ, մանողներ, մեխանիկներ… միայն թե մասնագետներ չկան:



Նելլի Կարապետյան