Էջմիածին 2700. գունավոր եւ անգույն տոն

Էջմիածին 2700. գունավոր եւ անգույն տոն

2008-ի մարտի 1-ի ամոթալի դեպքերից հետո, երբ տապալված հեղաշրջման ջատագով Մանվել Գրիգորյանը հայտնվեց հայրենի իշխանությունների հետապնդման թիրախում, իսկ դրանից հետո տեւական ժամանակ ընդհատակից դուրս չեկավ, երկրի բարձրադիր իշխանությունների վերաբերմունքը գեներալի ու նրա հետ կապված ամեն ինչի հետ գլխիվայր շրջվեց: Նույնիսկ գեներալ հոպարով պատգամավոր դարձած Հրանտ Գրիգորյանը չխնայեց իր հովանավորին: Իսկ գեներալի հետ ջան-ջիգյար անող պետական ու քաղաքական գործիչները նկատելիորեն ընդգծված հեռավորություն պահպանեցին նրանից: Այդ սառն ու հաշվարկված վերաբերմունքը շատ ցայտուն արտահայտվեց հատկապես հրապարակային միջոցառումների ժամանակ, որոնցից մեկն էլ Էջմիածնի տոնն էր:



2008 թվականին, երբ հոգեւոր կենտրոնում առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց քաղաքի տոնը, ՀՀ նախագահը չմասնակցեց. նեղված էր գեներալից: Չմասնակցեց նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսը (նախագահին դուր չէր գա): Աշխարհիկ ու հոգեւոր դասի ղեկավարները, այլ պաշտոնյաներ նույնպես Էջմիածնի տոնին չմասնակցեցին նաեւ հաջորդ տարիներին: Իսկ երբ իրենց ընդհանուր շահերն ի մի բերելուց հետո Սերժ Սարգսյանն ու Մանվել Գրիգորյանը վերանայեցին միմյանց նկատմամբ իրենց հարաբերությունները, Էջմիածինը, որպես հոգեւոր կենտրոն, նորից կարեւոր նշանակություն ձեռք բերեց:



Քաղաքի տարեդարձերն սկսեցին հետաքրքրել իշխանություններին: Սերժ Սարգսյանի մասնակցությունն Էջմիածնի տոնին մի տեսակ արարողակարգի առանցքային մաս դարձավ: Երկրի ղեկավարի ամենամյա այցն Էջմիածին պարտավորեցրեց տեղի ղեկավարությանը, հանձին գեներալի քաղաքապետ որդու, ներկայանալի ու գրավիչ դարձնել Էջմիածինը:



Արտաքուստ ստացված ծրագիր է: Քաղաքն առաջին հայացքից մաքուր, բարեկարգ ու ասֆալտապատ է: Երեխաները (ոչ բոլոր) խաղահրապարակ ունեն, հոգնած անցորդի հանգիստն ապահովելու համար նստարաններ կան... Արձաններ ու հուշարձաններ են կանգնեցվում, ինչպես, օրինակ` Վազգեն Սարգսյանինը, ում անունով, քաղաքի 2700-ամյակի առիթով, նույնիսկ հրապարակ անվանակոչվեց: Բայց այս ամենը քաղաքի մի հատվածում է ընդամենը` կենտրոնում, իսկ երկրորդական նշանակության թաղամասերը փոքրիկ ու անուշադրության մատնված գյուղեր են հիշեցնում:



Քաղաքի տոնը հենց այդ թաղամասերում ապրողները չեն վայելում: Նրանցից մեկը, որ հեռվից դիտում էր նախագահի, կաթողիկոսի, գեներալի, Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամների եւ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ սպարապետի կիսանդրու բացումը, կիսահեգնախառն ասաց. «Էհ, Վազգեն, հլա գլուխդ բարձրացրու, տես ինչ են անում: Տես ինչ սարքեցին էս երկիրը, ժողովրդին...»:



Գեներալ Մանվել Գրիգորյանն էլ առանձնապես պերճախոս չգտնվեց երեկ: Լրագրողների հարցին, թե ինչու հենց Վազգեն Սարգսյանի կիսանդրին որոշեցին կանգնեցնել, այն էլ քաղաքի գերեզմանատան մոտ, նետեց. «Բա մեր Վազգենն ա, բա ի՞նչ պտի անեինք…»:



Եվ մինչ Էջմիածնի ղեկավարությունը վերադասին «վիզուալ» հաշվետվություն էր ներկայացնում կատարած աշխատանքների մասին, տոնական շքերթի մասնակիցները, որոնց հրահանգված էր առավոտվանից չլքել տարածքը, ստիպված էին սպասել մինչեւ ժամը 3-ը` իրենց մուտքին:



Սերոբ
ՄԱՐՈՒԹՅԱՆ