Ո՞ր մի նորմալ մարդը կգնա Քոչարյանի կուսակցությունում դերակատար կլինի

Ո՞ր մի նորմալ մարդը կգնա Քոչարյանի կուսակցությունում դերակատար կլինի

Խորհրդարանում նոր սահմանադրության նախագծի ընդունումից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնությունը մեծ իրարանցում է առաջ բերել իշխանության շարքերում: 2018 թվականի նախագահի ընտրությանն իշխանության թեկնածուի կարգավիճակում հայտնվելու հույսը կորցրած Քոչարյանը, քանզի, ոչ միայն դեմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, խոսել «արատավոր» համակարգի մասին, այլեւ իր վերադարձի հետ կապված մեսիջներ է հղել: Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո նրա գրասենյակի ղեկավարի արձագանքը, որով Վիկտոր Սողոմոնյանն արձանագրեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանա վերադառնալ իշխանության, ապա կառավարման մոդելը չի խանգարի նրան. նա կմասնակցի խորհրդարանի ընտրությանն իր գլխավորած ցուցակով եւ կստանձնի իշխանությունը:



Այլ կերպ ասած՝ Վիկտոր Սողոմոնյանը խոսում է այն մասին, որ Քոչարյանը կարող է մտնել ԱԺ, անգամ դառնալ վարչապետ:



Ռոբերտ Քոչարյանը «լուրջ քաղաքական գործիչ է, բայց թիմ չունի»,- շտապեց հայտարարել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ռոբերտ Քոչարյանի թիմի բացակայության մասին հայտարարեց նաեւ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:



ՀՀԿ-ն այդ ելույթից հետո հաճախակի է նշում Քոչարյանի թիմի բացակայության մասին: Արդյոք հնարավոր չէ՞ մինչեւ 2017 թվականը թիմ հավաքել, հատկապես, որ նրա ազդեցության տակ գտնվող ԲՀԿ-ականները դանդաղ «արտագաղթում» են մնացորդաց ԲՀԿ-ից, իսկ Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու մասին լուրերն էլ ամիսներ շարունակ չեն նահանջում: Հանրապետական Արտակ Դավթյանն անշնորհակալ գործ է համարում կանխատեսումներ անելը. «Բայց երբեք մի ասա երբեք. երկրորդ նախագահի իրավունքն է՝ կապված ապագայում իր կատարվելիք գործողությունների հետ, թե ինչպիսին կլինեն այդ գործողությունները, եկեք սպասենք, ժամանակից առաջ չընկնենք»:



Քոչարյանը բազմիցս է խոսել ՀՀԿ-ում իր ազդեցության մասին, հնարավո՞ր է Քոչարյանի թիմում ՀՀԿ-ականների ներգրավվածությունը։ «Նորից պետք է ասեմ, որ ապագայի հետ կապված ենթադրություններով խոսելն ինքնին անշնորհակալ գործ է, պարզապես պետք է հարգել բոլոր այն մարդկանց, իմ գործընկերներին, իմ կուսակցական ընկերներին, եւ այդ հարգանքն ուղղակի մի բան է ասում, որ պիտի բացառեմ այն, ինչի մասին Դուք հարցնում եք»:



Ռոբերտ Քոչարյանն ու իր ձեւավորվելիք թիմը կարո՞ղ են ՀՀԿ-ի կողմից իրական ընդդիմություն ընկալվել։ «Քաղաքական դաշտում գործող ցանկացած ուժ, որն առաջիկա համապետական ընտրություններին հայտ կներկայացնի մասնակցելու, մենք բոլորին մեզ մրցակից կհամարենք՝ անկախ նրա մեծությունից-փոքրությունից, դա առողջ մրցակցության տրամաբանությունն է»։ Իսկ մրցակցությունը լինելու է իրակա՞ն։ «Իրականի եւ իրականության մասին մեր պատկերացումներն էլ միանշանակ չեն, մինչդեռ այն, ինչ կատարվում է, այն իրական է եւ մեր իրականությունն է»:



Քոչարյանի կնքահայրությամբ ձեւավորված, բայց ներկայում բոլորովին այլ դաշտում տեղավորված ներկայիս ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը դժվարանում է կանխատեսել՝ կհաջողվի՞ Քոչարյանին թիմ ձեւավորել, թե՞ ոչ։ «Մի քիչ ճիշտ չի լինի խոսել ուրիշների ռեսուրսներից, բայց եթե կլինի պրոցես, կոնկրետ քայլեր, մենք մեր կոնկրետ գնահատականները կտանք»: Նա հավանական չի համարում, որ Քոչարյանի թիմում ընդգրկվեն ԲՀԿ-ի քոչարյանական թիմը, կամ այդ թիմը կազմված լինի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի նոր ձեւավորվելիք կուսակցությունից:



Նոր սահմանադրությունը, ինչպես հայտնի է, կարող է սահմանափակել ոչ ինտելեկտուալների մուտքն ԱԺ, եւ հիմա ՀՀԿ-ի ունիկալներից շատերը կամ կորցրել են հաջորդ խորհրդարանում հայտնվելու հույսը ու լվացել ձեռքերը, կամ էլ նոր «տանիքի» փնտրտուքների մեջ են։ Այս շարքերում են ՀՀԿ-ականներ Վրեժ Մարկոսյանն ու Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբայր Ռուբեն Հովսեփյանը: ԱԺ-ի սիամական զույգերից այս մեկին նույնպես հարցրինք Քոչարյանի հավանական վերադարձից։ «Բայց ես ի՞նչ իմանամ հետ ա գալիս, կհասցնի, ես հո գուշա՞կ չեմ»,- հարցից կարկամեց Ռուբեն Հովսեփյանը։ Վրեժ Մարկոսյանը փարատեց ընկերոջ վախը. «Դե թող գա՝ տեսնենք, ի՞նչ իմանանք, հիմա ո՞վ կարա ասի՝ ո՞վ կհայտնվի իր թիմում: Բայց երեւի ունի պոտենցիալ, որ հայտարարել է այդ մասին»: Ինքը կարո՞ղ է հանկարծ հայտնվել Քոչարյանի թիմում։ Վրեժ Մարկոսյանը պատասխանեց. «Ոչ, երեւի»։ Իսկ Հովսեփյա՞նը։ «Մարկոսյանը պատասխանեց»:



«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը մեզ հայտնեց, որ չի ցանկանում Քոչարյանի ու նրա պլանների մասին խոսել, կխոսի միայն «գլոբալ»։



«Իշխանությունը մարդ չունի անցկացնելու, նույն՝ Սեյրան Օհանյան, Հովիկ Աբրահամյան, առավել եւս Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին չի անցկացնի (նկատի ունի երկրի ղեկավարի պաշտոնում՝ հեղ.)։ Հիմա իշխանությունը ցանկանում է պալիտբյուրո ստեղծել, որի գենսեկը՝ գլխավոր քարտուղարը կլինի Սերժ Սարգսյանը: Հիմա Քոչարյանի ամբողջ կռիվը նրանում է՝ ինքը մտնո՞ւմ է այդ պալիտբյուրոյում ու ի՞նչ ուժով է մտնում, ինչքա՞ն ձայնով»,- ասաց Կարապետյանը: Այսինքն՝ ԲՀԿ-երկրո՞րդ է լինելու։ «Այո, իմ տպավորությամբ, հաստատ լինելու է, բայց ավելի թույլ, որովհետեւ առաջինում Գագիկ Ծառուկյան կար՝ հայ աշխատավոր, հասարակ մարդու խարիզմայով, իսկ այստեղ ո՞վ կլինի, ո՞ր մի նորմալ մարդը կգնա Քոչարյանի կուսակցությունում դերակատար կլինի»: