Այս ի՞նչ աղմուկ է, իսկ տակը բան չկա

Այս ի՞նչ աղմուկ է, իսկ տակը բան չկա

Ինչի՞ համար է այս խուճապը: Մի՞թե միայն այն բանի, որ չթողնենք Քոչարյանը վերադառնա: Մի թողեք, էլ ինչո՞ւ եք խուճապի մատնվում: Մեկը, ում հոդվածների երկարությունը ուղիղ համեմատական է հոդվածագրի ներսում տրամաբանության բացակայությանը, երեկ գրել էր, որ Քոչարյանին հանրությունը չի ընտրի, իսկ քանի որ հանրությունը չի ընտրի, իսկ ինքն էլ քաղաքական թիմ չունի, ապա կգա օլիգարխիայի ձեռքերի վրա, որովհետեւ օլիգարխիան դժգոհ է Սերժ Սարգսյանի կառավարումից ու պատրաստվում է վերջինիս ձեռքերի վրա դուրս տանել: Խեղճ Սերժ Սարգսյան…



Հասկանալի է, որ այս վերսիայի մի մասը, այն, որ, իբր, Քոչարյանը քաղաքական թիմ չունի, Շարմազանովն է թելադրել, իսկ մնացածը հոդվածագիրն է շարադրել, որպեսզի Քոչարյանի վերադարձի հետ կապված խուճապն ավելի մեծ լինի: Եվ մեկը չկա, որ հարցնի այս վերլուծաբանին՝ այ տխմար, դու որտե՞ղ ես տեսել, որ օլիգարխիան դժգոհ լինի օլիգարխապետից ու նրան դուրս տանի, որ նոր օլիգարխապետ նշանակի: Գրել է, որ Քոչարյանը մինչեւ չքանդի Սարգսյանի բուրգը, չի կարող վերադառնալ: Բայց ինչո՞ւ քանդի, երբ այդ բուրգում այն նույն օլիգարխներն են, որոնք իշխանության են բերում իրեն: Եվ ապա, շատ հետաքրքիր կլիներ իմանալ որեւէ օլիգարխի անուն, ով այս ողջ թոհուբոհի մեջ սղոցում է իր տակի ճյուղը՝ հանուն Քոչարյանի վերադարձի:



Պարապ խոսակցություն է այս ամենը, իսկ խուճապային տրամադրություններն էլ՝ անտեղի: Եթե նայենք մեր ներսը, անմիջապես կհասկանանք, որ խուճապի ենք մատնվում, որովհետեւ չենք կարողանում ձերբազատվել իշխանափոխության մասին մեր միջնադարյան պատկերացումներից: Բոլորին թվում է, թե Ռոբերտ Քոչարյանի վերադարձն իշխանափոխություն է, հետեւաբար՝ էլ բուրգեր քանդել, էլ նրա նախորդին թախտից գցել, էլ տուր-տրաքոց, էլ պայքար… Ամեն ինչի հավատում ենք: Բա չեք ասի՝ Ռոբերտ Քոչարյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին, իսկ Սերժ Սարգսյանն էլ դրանք անում է Քոչարյանի ինադու, որ նա չվերադառնա, եւ ինքը մնա թախտին: Հապա մի հիշեք, թե ով Սերժ Սարգսյանին դրեց թախտին: Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը քրեաօլիգարխիկ բուրգերը քանդելով եկավ ու տիրացավ իշխանությանը: Սո՞ւտ է… Չէ:



Քոչարյանի խոսնակն ընդամենը ասել է, մեջբերում եմ բառացի. «Եթե Ռոբերտ Քոչարյանն իրոք վերստին ձգտի ստանձնել երկրի ղեկավարի դիրքը, ապա Սահմանադրության փոփոխման եւ հանրապետության նախագահի ինստիտուտի թուլացման պարագան մեծ նշանակություն չի ունենա: Նոր իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կարող է 2017 թվականին իր գլխավորած ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, փորձել ստանալ ժողովրդի քվեն եւ ստանձնել երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը»:



Եվս մեկ անգամ ընթերցեք, բայց՝ ուշադիր: Խոսնակը բաց տեքստով ասել է, որ Քոչարյանի վերադարձն ավելի շատ կախված է երկրի ղեկավարի դիրքն ստանձնելու նրա ցանկությունից, քան այն բանից՝ թուլացած կլինի՞ այդ ղեկավարի դիրքը, թե՞ ոչ, այսինքն՝ բարեփոխումներն անցած կլինե՞ն, թե՞ ոչ: Իսկ վերադարձի բուն պրոցեսը, խոսնակն ասում է՝ տեղի կունենա ընդունված կարգով, այն է՝ ցուցակով եւ ԱԺ-ում մեծամասնություն ստանալով: Այստեղ, թվում է, կռիվ կինոն պետք է վերջանար, բայց քանի որ իշխանափոխության հարցերում մենք սնոտիապաշտ ենք, իսկ մեր խուճապարարներին էլ Աստված տվել՝ չի խնայել, մի այնպիսի աղմուկ ենք բարձրացրել Քոչարյանի վերադարձի շուրջ, որ ՄԱԿ-ում լսելի է: Ամոթ է, եկեք նախ պարզենք՝ Քոչարյանը վերադառնալու ցանկություն ունի՞, ունենալո՞ւ է, թե՞ ոչ: Իսկ աղմկել հետո էլ կարելի է:



Մեզ թվում է, որ Քոչարյանը վերադառնալու ցանկության մասին կհայտարարի միայն այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն էլ հայտարարի իր մտքում պահած այն մարդու անունը, որ ստանձնելու է Հայաստանի վաղվա իշխանությունը: Ողջ ինտրիգն այս խաղի մեջ է, եւ պատկերացրեք, որ այդ ինտրիգից աստղային պատերազմների հոտ չի գալիս, եւ նույնիսկ կարելի է արդեն նշմարել, թե որն է լինելու Քոչարյանի, այսպես կոչված, թիմը: Խեղճուկրակ Օսկանյանին հանգիստ թողեք, իսկ Շարմազանովն էլ թող իրեն հայտնի նյութից խողովակի տեղ չդնի, թե ո՞ւր է Քոչարյանի թիմը, ես այն չեմ տեսնում: Ավելի լավ է ՀՀԿ-ն թող մտածի, թե ինչու է Սերժ Սարգսյանը վախենում ժամանակից շուտ տալ իր հետնորդի անունը, որ նաեւ իր նախորդն է ճակատագրով:



Այո, խայտառակություն կլինի, եթե վերադառնալ ցանկացող Քոչարյանը մտքով անցկացնի գլխավորել ՀՀԿ կոչվող մի ցուցակ: Սերժ Սարգսյանը ճիշտ է ասում: Ես նույնպես չէի նախանձի Քոչարյանին: Վերադառնալ քրեաօլիգարխիկ տարրերի ցուցակի առաջին համարի տակ՝ պարզապես սիրուն չի լինի: Հետեւաբար, հարկ կլինի քրեաօլիգարխիկ տարրերին խնամքով թաքցնել ՀՀԿ շարքերում դժվարությամբ պեղվող քաղաքական դեմքերի թիկունքում եւ այնպես, որ նրանց ականջները նույնիսկ չերեւան:



Մեր խնդիրն այս վիճակում ոչ թե խուճապի մատնվելն է, այլ հասկանալը, որ տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունեցել մինչ այս, այն է՝ իշխանության պարզ փոխանցում, եթե կուզեք՝ պաս, որ կարելի է կանխել կամ կասեցնել 2017-ին:



Ինչպե՞ս:



Դժվար հարց եք տալիս: Այսպես պատասխանեմ՝ կարդացեք Քոչարյանի խոսնակի հայտարարությունը: 2017-ին, կարծեմ, ընտրություններ են լինելու, ցուցակներ են բերելու, որ քվեարկենք: Այդ ցուցակները, ըստ երեւույթին, ունենալու են առաջին համարներ, ու եթե տառաճանաչ ենք, կհասկանանք, թե որ ցուցակին է պետք ձայն տալ: Չի բացառվում, որ ցուցակին կից 5 հազարանոց էլ լինի՝ նախապես կայունացրած կուրսով: Մի խոսքով՝ պետք է գցենք-բռնենք…