Airbus A321 = Boeing-777 կամ քաղաքականությունը՝ մարդասպանության արվեստ

Airbus A321 = Boeing-777 կամ քաղաքականությունը՝ մարդասպանության արվեստ

Ուկրաինայում եւ Եգիպտոսի Սինայի թերակղզում Boeing-777 եւ Airbus A321 ինքնաթիռների կործանման պատճառների մեջ կա մեկը, որ նույնությամբ արտացոլված է թե մեկ եւ թե մյուս աղետի դեպքում: Դա քաղաքականությունն է: Երկու դեպքում էլ հենց քաղաքական խաղաքարտի վրա են դրվել հարյուրավոր մարդկանց ճակատագրերը:



Ժամանակի հարց է: Ուղիղ մեկ տարի անց բոլորին պարզ կդառնա, որ Եգիպտոսում ռուսական ինքնաթիռը կործանվել է (կործանել են) հենց քաղաքական դրդապատճառներով, եւ, ինչպես հիմա արդեն ոչ ոք չի կասկածում, որ Boeing-777-ի անմեղ ուղեւորները զոհ դարձան քաղաքական խաղերին, չի կասկածի նաեւ Airbus A321-ին պատուհասած ճակատագրի հարցում:



Ինչո՞ւ են կարծիքներն այսքան հակասական Եգիպտոսում տեղի ունեցած աղետի շուրջ: Պատճառը թերեւս մեկն է՝ քաղաքական ֆակտորը: Հակառակ պարագայում, ինչպես դա տեղի ունեցավ ֆրանսիական Ալպերում գերմանական օդանավի կործանման ժամանակ, մի քանի օրում ամեն ինչ կպարզվեր:



Մեզ համար, օրինակ, խիստ անհասկանալի է, թե ինչու են ՌԴ իշխանություններն ու այդ երկրի ավիացիոն իշխանությունները աղետի պատճառներն այնքան համառորեն փնտրում «Կոգալիմավիա» ընկերությունում, որին պատկանել է ճակատագրական բորտը: Աղետի հաջորդ օրն իսկ ստուգումներ սկսեցին ընկերությունում, հայտարարություններ եղան, որ պատշաճ ուշադրություն չի դարձվել ինքնաթիռների սպասարկմանը, որ ընկերությունը հսկայական պարտքեր ունի, որ թռիչքների ինքնարժեքը խիստ մեծ է, որ աշխատակիցներն ամիսներով աշխատավարձ չեն ստանում: Առավել սրտաճմլիկ պատմություններ հյուսվեցին հենց խնդրո առարկա ինքնաթիռի շուրջ, թե այն մի քանի ավիաընկերություն է օգտագործել, թե ինչպես է մեկ անգամ Կահիրեում վայրէջք կատարելիս պոչամասով հարվածել թռիչքուղուն, թե միայն 2015-ին այդ ինքնաթիռի հետ 4 անգամ լուրջ խնդիրներ են եղել: Սրան հակառակ, անհասկանալի է նաեւ, թե ինչու է հատկապես Արեւմուտքը (ԱՄՆ-ն) հակված այս աղետի մեջ տեսել ահաբեկչության հետքը: Եվ մեկ բան է միայն հասկանալի՝ այստեղ քաղաքականությամբ են զբաղված:



Աղետից օրեր անց միայն պարզվեց, որ ինքնաթիռի բեկորներ եւ ուղեւորների դիակներ են հայտնաբերվել կործանման վայրից մինչեւ 8 կմ հեռավորության վրա: Դրանից հետո միայն ընդլայնվեց որոնողական աշխատանքների շրջագիծը՝ մինչեւ 15 քառակուսի կիլոմետր, հետո այդ թիվն էլ ավելի մեծացավ՝ մինչեւ 30 քառակուսի կիլոմետր: Այսինքն՝ հստակ է, որ ինքնաթիռը մասերի է բաժանվել օդում, մինչեւ գետնին հարվածելը: Ռուսական մամուլն սկսեց գրել, որ դա հնարավոր է նաեւ շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով, չի բացառվում նաեւ օդաչուների սխալը, ինչից, վերելքի ժամանակ, ինքնաթիռը հայտնվել է ուղղահայաց վիճակում: Մի խոսքով՝ ռուսական կողմի համար ամեն ինչ հնարավոր է, բացի ռումբի պայթյունից կամ արտաքին միջամտությունից:



Սրան հակառակ՝ ամերիկացիները հայտարարեցին, որ իրենց արբանյակն օդում բռնկում է արձանագրել, եգիպտացի դատաբժիշկներն էլ մատնացույց արեցին այն հանգամանքը, որ շատ են միանման վնասվածքներ ունեցող մարմինները, ինչը խոսում է ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունի մասին, որ կարող էր նույնատիպ վերքեր հասցնել մարդկանց: Մյուս կողմից էլ, փաստ է, որ օդաչուները 9000-ից ավելի բարձրություն հավաքելուց հետո զեկուցել են, որ շարունակում են թռչել նախատեսված կուրսով (в штатном режиме): Դրանից 4 րոպե անց միայն ինքնաթիռը կտրուկ կորցրել է բարձրությունը (1.5 կմ), ապա անհետացել ռադարներից: Անձնակազմը ոչինչ չի հասցրել փոխանցել:



Արեւմտյան ԶԼՄ-ների եւ մասնագետների ճնշման տակ Կրեմլը հորդորեց լրատվամիջոցներին չստուգված փաստեր չհրապարակել եւ սպասել հետաքննության արդյունքներին՝ զուգահեռաբար շարունակելով ստուգումները «Կոգալիմավիա» ընկերությունում եւ այս օդանավի նախորդ թռիչքների հետ կապ ունեցած օդանավակայաններում: Ինչի՞ են ուզում հասնել ՌԴ իշխանությունները:



Աղետի օրը լրանում էր ուղիղ մեկ ամիսն այն օրից, որ ռուսական օդուժն սկսեց հարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերին Սիրիայում: Բոլորը հիշում են Պուտինի հայտարարությունը՝ ավելի լավ է ահաբեկչության դեմ պայքարել իր որջում, քան այն գա մեր տուն: Արդյոք ահաբեկչությունն այն երեւո՞ւյթն է, որ ունի որջ: Ո՞րն է ԻՊ-ի կամ Ալ Քաիդայի որջը, երբ ժամանակակից աշխարհում կարելի է մի քանի ժամվա ընթացքում շրջանցել երկրագունդը, մեկ օրում մի քանի միջոցառումների մասնակցել տարբեր երկրներում: Եվ, բացի այդ, մի՞թե անհնար է ահաբեկչական գործողություն կատարել որեւէ երկրի դեմ՝ այդ երկրի սահմաններից դուրս, երբ նրա 100 հազարավոր քաղաքացիներ շրջագայում են ողջ աշխարհում: Պուտինը, խոսելով ահաբեկչությունը տուն չթողնելու մասին, թերեւս պետք է շտապեր իր երկրի քաղաքացիներին բերել տուն եւ փակել բոլոր դարպասները: Բայց դա մեր օրերում արդեն անհնար է:



Երբ Վոլգոգրադում տրոլեյբուս է պայթում, դա բավականին հեշտ է ահաբեկչություն անվանելը: Պատասխանատվությունն այս դեպքում առաջին հերթին ընկնում է համապատասխան մարմինների վրա, մարդիկ են ազատվում աշխատանքից, գալիս են նորերը, որ խոստանում են ահաբեկչության դեմ պայքարում ավելի զգոն լինել: Եգիպտոսում ինքնաթիռի կործանման մեջ, սակայն, մի քիչ դժվար է մեղադրել ռուս միլիցիոներներին: Ճիշտ է, կան նաեւ անվտանգության ծառայություններ, որոնք պետք է առավել զգոն լինեին, այսպես կոչված՝ ահաբեկչության որջում, բայց, այնուամենայնիվ, այս դեպքում առաջին պատասխանատուները ՌԴ արտաքին քաղաքականության ղեկավարներն են: Նրանք են պատերազմ հայտարարել ահաբեկչությանը եւ նրանք էլ ստանում են ամենադաժան պատասխան հարվածը:



Այս պահին արդեն դժվար է հաշվել, թե որ կողմի զոհերն են ավելի շատ: Եվ առաջ է գալիս սեփական ժողովրդին բացատրություն տալու անհրաժեշտությունը՝ ինչո՞ւ դա տեղի ունեցավ: Boeing-777-ի կործանման կապակցությամբ այս նույն հարցն է այսօր կանգնած նաեւ Հոլանդիայի իշխանությունների առաջ, ԵՄ-ի առաջ, ԱՄՆ-ի առաջ: Խնդիրն այն չէ՝ ինքնաթիռը կործանվել է դրսի՞, թե՞ ներսի ռումբի պատճառով: Այլ այն՝ ճի՞շտ քայլեր են անում, արդյոք, այդ երկրների իշխանությունները եւ արտաքին քաղաքականություն ճշտողները, եթե դրանք հանգեցնում են մարդկային անմեղ զոհերի:



Մենք տեղյակ չենք, բայց կա՞ վիճակագրություն, թե գերժամանակակից զինված միջամտությունների արդյունքում որ կողմից են զոհերն ավելի շատ՝ քաղաքացիակա՞ն, թե՞ զինվորական: Վստահ ենք՝ քաղաքացիական: Բայց ո՞վ գիտի այդ մասին, բացի նրանցից, ովքեր պատճառում են այդ զոհերը: Ոչ ոք չի կարող ասել՝ Քադաֆի՞ն է ավելի շատ մարդ սպանել, թե՞ Օբաման կամ Պուտինը: Մինչդեռ միանշանակ է, որ շատ ու շատ անմեղ մարդիկ սպանվել են հենց մեծ քաղաքականության հորձանուտում: Ստացվում է, որ մեծ քաղաքականությունն այսօր նաեւ մարդասպանության արվեստ է: