Սա սեւագրությունն էր

Սա սեւագրությունն էր

Բոլոր նրանք, ովքեր ոգեւորված էին նոր Սահմանադրության բերելիք առաջընթացով, հատկապես նրանով, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կկարողանան զգալի կշիռ ու ազդեցություն ձեռք բերել, քանի որ «իշխող կուսակցությունը երբեք 40 տոկոսից ավելի ձայն չի ունեցել», այս օրերին, մեղմ ասած, «մանթրաժի» մեջ են։ Եթե Սահմանադրության հանրաքվեի ժամանակ, երբ թվում է՝ չկան մասնավոր շահեր, ակնհայտորեն փող չի բաժանվել, օլիգարխները նկատելիորեն պասիվ են եղել, ադմինիստրատիվ գործոնը կիրառելու մոտիվացիան էլ շատ բարձր չի եղել, ՀՀԿ-ն 825 հազար ձայն ստացավ՝ մոտ 200 հազարով ավելի, քան անհրաժեշտ էր հանրաքվեն անցկացնելու համար, ապա ինչպե՞ս կարելի է հույս ունենալ, որ հնարավոր կլինի Հանրապետականի «մոնոպոլիան» ճեղքել եւ քիչ թե շատ դերակատարում ունենալ 2017-ի խորհրդարանում։



Այդ պատրանքներն ունեցողներն այսօր շփոթված են։ Նրանք հասկանում են, որ դեկտեմբերի 6-ին փորձարկվեց 2017-ի ընտրությունների սխեման։ Սա, այսպես կոչված, սեւագրությունն էր։ 2017-ին ամեն ինչ ավելի հարթ ու սահուն կընթանա։ Եվ Հանրապետականը «կխփի» այնքան, որքան անհրաժեշտ է իրեն։ Որքան թույլ կտա նրա ամոթի, պարկեշտության, օրինապահության աստիճանը։ Եվ մեր հասարակության ու միջազգային հանրության կարծիքն էլ առանձնապես դերակատարում չի ունենա։ Եթե, իհարկե, ընդդիմությունը նույնքան ջանասիրաբար չնախապատրաստվի այդ ընտրություններին, ինչպես պատրաստվում է իշխանությունը։ Եվ չկանխատեսի նրա բոլոր քայլերն ու հակաքայլեր չմշակի։ Թեեւ կարծիք կա, որ ընտրակեղծիքների դեմ պայքարը չպետք է դառնա ամբողջ հասարակության գործը։ Դա նշանակում է, որ մարդիկ չպետք է ապրեն ու ստեղծագործեն՝ պետք է զբաղվեն նրանով, ինչն ամբողջ աշխարհում իշխանության պարտականությունն է։