Սուրիկի դուռ

Սուրիկի դուռ

Բարեւ ձեզ, մենք եկել ենք մի քիչ էլ Սյունիքում հեղափոխություն անենք: Ժողովուրդ, միացեք, հեղափոխությունն սկսվել ա, միացում, միացում, մահ ռեժիմին, մահ Սուրիկին… Երեւի հեղափոխականներն էլ արդեն երազների գիրկն են ընկել ու մտածում են, որ բանից բեխաբար քաջ սյունեցիները հեսա եղանով, գերանդիով, փոցխով դուրս են վազելու փողոց՝ սկսված հեղափոխությանը թեւութիկունք կանգնելու: «Նոր Հայաստանին» խորհուրդ եմ տալիս մինչեւ Սյունիք հասնելը փակել Սյունիքից դուրս եկող բոլոր ճանապարհները, բլոկ-պոստեր դնել, որ Սուրիկը չլքի մարզի սահմանները: Իսկ ինչո՞ւ Սյունիք չգնալ Երեւանի գնդով, որ միանգամից լուծեն մարզի՝ հեղափոխության կողմն անցնելու խնդիրը: Այլապես մարդիկ, տաք տներում նստած, ինչ իմանաս, գուցե հավես չունենան հեղափոխություն անելու: Թմբուկներն էլ թող տանեն: Ամեն ինչ շատ ավելի նորաձեւ կլինի:



Ի դեպ, սյունեցիներին ասեմ, որ նոր Սահմանադրությամբ Սուրիկն արդեն անփոխարինելի չէ, եւ, եթե Սուրիկն է հեղափոխության վերջնական նպատակը, ապա այդ հարցն արդեն լուծվել է: Իմացե՞լ եք, թե Լոռվա գյուղերից մեկում ինչպես են լուծել իրենց ցանքերի անվտանգության հարցը: Ես Գինեսի գրքում եմ կարդացել դրա մասին: Ուրեմն, որպեսզի անտառում գիշերող ագռավներն առավոտյան գետը չանցնեն եւ վնաս չտան մյուս ափին գտնվող ցանքերին, պայթեցրել են գետի վրայի միակ կամուրջը: Մեղմ ասած՝ հեղափոխական որոշում են կայացրել: Ուզում եմ ասել՝ Սուրիկի հարցը կարելի է լուծել նաեւ առանց եղանը նրա փորը մտցնելու:
Ասենք՝ էս դուք, էս ձեր Սուրիկը, տեսեք ինչպես է հարմար: Հեղափոխականները գալիս են, պատրաստվեք:



Ինձ միշտ հետաքրքրել է հարցը, թե ինչու են ժամանակակից հեղափոխականները շարժումը տեղափոխում մարզեր հենց այն պահին, երբ Երեւանում հեսա-հեսա հաղթում են: Հիշո՞ւմ եք, թե ինչպես Գագիկ Ծառուկյանը, երբ Երեւանում բազմահազարանոց միտինգներ էին ընթանում, եւ ժողովուրդն էլ մարզերից թափվել էր Երեւան, հրահանգեց գյուղերում շտաբներ բացել: Չէ՞ որ այդ դեպքում մարդիկ գյուղերում զբաղմունք կունենային եւ չէին գա Երեւան: Արդյոք նույն բանը նույն համառությամբ «Նոր Հայաստանը» չի՞ անում:



Հա, մի բան էլ հիշեցի: Րաֆֆին Երեւանում ծաղիկ էր ուզում դնել ՀՀԿ գրասենյակի առաջ: Սյունիքում, որտեղ հեղափոխությունը ակնհայտորեն մարզային բնույթ ունի, որտե՞ղ պետք է զետեղեն ծաղկեփունջը՝ հեղափոխության եւ ռեժիմի մահվան խորհրդանիշը. տեղի ՀՀԿ կառույցի գրասենյակի՞, թե՞ մարզպետարանի շենքի վրա: Հուսանք՝ մինչեւ Սյունիք հասնելը Րաֆֆի Հովհաննիսյանը կորոշի ինչ անել:



Առաջնորդների մարզեր մեկնելու մի անպատեհությունն էլ այն է, որ Երեւանում, առանց նրանց, կյանքը ժամանակավորապես կանգ է առնում, հեղափոխական կրքերը՝ հանդարտվում: Որպեսզի նման բան այս անգամ տեղի չունենա, Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամել է՝ շուրջօրյա նստել Ազատության հրապարակում, մինչեւ իրենք վերադառնան եւ պատմեն, թե ինչեր եղան մարզերում: Այո, բայց մինչեւ վերադառնա՜աաան… Առջեւում Նոր տարի է: Դեռ ոչ մի հեղափոխական չի հրաժարվել Նոր տարին նշելուց: Մյուս կողմից էլ՝ ի՞նչ երաշխիք, որ հեղափոխության առաջնորդներից ոմանք, Նոր Հայաստանի տեսլականը սրտի մեջ, չեն գնա Ծննդյան տոները հեռու երկրներում նշելու:



Ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի: Իսկ ի՞նչ կպատահի, եթե մեր հեղափոխականները գոնե հիմա կարդան Սահմանադրությունը եւ փորձեն հասկանալ, թե ինչ կարելի է անել ռեժիմը հեռացնելու համար: Ասում եմ՝ դեռ գուցե չքանդե՞նք կամուրջը: Ձմռան այս երկու ամիսը կարելի է մի կերպ յոլա տանել, Սահմանադրություն կարդալ, ուսումնասիրել ռեժիմի խոցելի տեղերը, վերջապես՝ 2017-ին խոշորանալ եւ միահամուռ ուժերով գնալ ԱԺ ընտրությունների: Իսկ այնտեղ, Աստված մեծ է, մի լույս կբացվի:



Սեֆիլյանն օրերս «Ազատությանն» ասել էր, որ այս պայքարը երկարատեւ է լինելու: Լիովին համաձայն եմ իր հետ։ Ավելին ասեմ՝ պայքարը երբեք չպետք է ընդհատվի, այլապես ոչինչ չենք ունենա, չենք զարգանա, կմնանք ռեժիմի տակ: Բայց, երբ պայքարի հատուկ հանգրվաններ ես նախանշում, կարիք չկա հայտարարելու, թե հենց այդ օրն ենք ազատագրվելու ռեժիմից: Րաֆֆին հայտարարել էր, որ դեկտեմբերի 11-ին բերելու են Նոր Հայաստանը: Ո՞ւր է: Ո՞ւր է Ցեղասպանության 100-ամյակին խոստացված Նոր Հայաստանը, ո՞ւր է հանրաքվեի նախօրյակին խոստացվածը: Հեղափոխությունը, տղերք, էն բանը չէ, որ վեր կենաս ու անես, հենց նեղանաս՝ անես, քեֆդ լավանա թե չէ՝ անես: Եվ ամենակարեւորը՝ արդեն իսկ պարտված է այն հեղափոխությունը, երբ սկսում ես մարդկանց վրա մուննաթ գալ, որ քեզ չեն միանում: Մի հատ լսեք ձեր երթերի ժամանակ քաղաքացիներին ուղղված կոչերն ու թմբկահարումները: Այսպես միայն երեք մատի կոմբինացիա կստանաք հասարակության այն հատվածից, որին ոչ մի կերպ չեք կարողացել համոզել ձեր ճշմարտացիության մեջ: Հեղափոխության համար զանգվածներ են պետք, ձեզնից ավելի հեղափոխական տրամադրված: Ձեր գործն այդ զանգվածներին տանել-առաջնորդելն է եւ ոչ թե անցորդների վրա բղավելը, թե ինչու չեն միանում հեղափոխությանը: