Նոր աղբավայրի կառուցումը դրական քայլ է՝ բոլոր տեսանկյուններից. Կարինե Դանիելյան

Նոր աղբավայրի կառուցումը դրական քայլ է՝ բոլոր տեսանկյուններից. Կարինե Դանիելյան

Օրերս ՀՀ ֆինանսների նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրվել են իրավաբանական համաձայնագրեր, համաձայն որոնց՝ վերջինս Հայաստանին տրամադրում է 8 մլն եվրո գումարի չափ վարկ՝ ֆինանսավորելու ԵՄ չափանիշներին համապատասխանող կոշտ թափոնների աղբավայրի շինարարությունը Երեւանում։ Վարկը համաֆինանսավորվում է 8 մլն եվրո վարկով Եվրոպական ներդրումային բանկի կողմից եւ 8 մլն եվրո կապիտալ դրամաշնորհով ԵՄ հարեւանության ներդրումային ծրագրի կողմից։ Նոր աղբավայրը, որը գտնվելու է Նուբարաշենում՝ քաղաքի կենտրոնից 11 կմ հեռավորությամբ, պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին եւ գործի որպես տնտեսապես կայուն միավոր կոշտ թափոնների կառավարման ժամանակակից համակարգով՝ ընդգրկելով քաղաքային կոշտ թափոնների հավաքումն ու հեռացումը։ Սա կերաշխավորի բնապահպանական եւ սոցիալական օգուտներ Երեւանի մոտ 1,1 մլն բնակիչների համար։



Բնապահպան Կարինե Դանիելյանը hraparak.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այսօրվա աղբավայրը մեծ չարիք է քաղաքի համար։ Նրա դիտարկմամբ՝ նոր աղբավայրը փորձելու է կարգի բերել հին աղբավայրը։ «Ինչ, որ հնարավոր է օգտագործել հին աղբավայրից՝ օգտագործվելու է, ինչ որ հնարավոր չլինի օգտագործել՝ դեն է նետվելու։ Ճիշտ է, այնտեղ նախատեսված է այրման պրոցես, որը բնապահպանները համարում են վտանգավոր, քանի որ առաջանոմ են գեօքսիդներ, բայց գեօքսիդներն առաջանում են այն պայմաններում, երբ ջերմաստիճանը բարձր չէ։ Ներկայացված է, որ ջերմաստիճանն այնքան բարձր կլինի, որ չեն առաջանա գեօքսիդներ։ Ավելի մանրամասն այդ մասին կարող ենք իմանալ այն ժամանակ, երբ հայտարարվի մրցույթ»,- մեր զրույցի ժամանակ նշեց Կարինե Դանիելյանը, որը նոր աղբավայրի կառուցումը համարում է դրական քայլ բոլոր տեսանկյուններից։



Բնապահպանը նկատում է, որ ներկա աղբավայրը կառուցելիս հաշվի չեն առնվել մեկուսացման, չեզոքացման պայմանները։ Աղբավայրում, ըստ մեր զրուցակցի, տեղի են ունենում տարբեր քիմիական ռեակցիաներ եւ առաջանում են ջերմոցային գազեր, որոնք ունեն բացասական ազդեցություն։ «Առաջանում է մեթան գազը, որը մենք այրում ենք խոհանոցներում։ Եթե այդ գազն է առաջանում, ապա կա՛մ կարող են լինել պայթյուններ, կա՛մ աղբավայրը ծխում է։ Աղտոտվում է նաեւ հողային միջավայրը»,- ասում է Կարինե Դանիելյանը։ Ըստ նրա՝ այսօր գրեթե խոշոր քաղաքներում աղբը չեն լցնում իրար վրա, այլ՝ տեսակավորում են մետաղը, ապակին, սննդային թափոնները, որոնցից կարելի է ստանալ հումուս. չեզոքացվում է միայն այն աղբը, որը հնարավոր չէ օգտագործել։ Մինչդեռ մեզ մոտ, ըստ բնապահպանի, տեսակավորումը կատարվում է վայրի կերպով։