ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում կրքերը դեռ չեն հանդարտվել

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում կրքերը դեռ չեն հանդարտվել

Սահմանադրական հանրաքվեն պատմության գիրկն անցավ, բայց Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում խմորումները չեն ավարտվել, այստեղ խիստ նյարդային են դառնում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցերից, զրույցն ընդհատում՝ անցանկալի հարց լսելով:



Դեռեւս երկու ամիս առաջ Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ալբերտ Կիրակոսյանն անկեղծացել էր, որ հոկտեմբերի 21-ին ամբիոնի գիտխորհրդի նիստում միաձայն որոշվել է «դեմ» արտահայտվել սահմանադրական փոփոխություններին: «Մենք գիտխորհրդի նիստում միաձայն «ոչ» ենք ասել դեկանի գլխավորությամբ: Ոչ թե կոնկրետ դրույթների ենք դեմ, այլ նախագծին ընդհանրապես»,- ասել էր Ալբերտ Կիրակոսյանը՝ իր հայտարարությամբ ուրախացնելով առողջ հանրությանը, որ իշխանության վերահսկողության ներքո գործող կրթական հաստատություններում, այնուամենայնիվ, պահպանվում է պայքարող տեսակը:



Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ լրատվամիջոցները գնացին Կիրակոսյանի հայտարարության հետքերով․ ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանը «կեղծիք» էր համարել, թե նիստում նման որոշում է կայացվել։ «Սահմանադրությանը դեմ քվեարկելու առաջարկ չի եղել։ Մենք պարզապես քննարկել ենք Սահմանադրության փոփոխությունների հետ կապված հարցերը, բուռն քննարկում է եղել, երեւում է, որ մարդիկ կարդացել են, հետաքրքրվում են մեր ապագայով։ Առաջին եզրակացությունը, որ եղել է՝ փոփոխություններն անհրաժեշտ են»,- պնդել էր դեկանը՝ անկեղծանալով նաեւ, որ «մի շարք բացթողումներ են գտել»։ ԵՊՀ ռեկտորի կողմից ճնշումների մասին հարցին Ռոլանդ Ավագյանն անկեղծացել էր, թե միակ ճնշումը եղել է այն, որ ռեկտորն ասել է. «Դու ես կաշան զավարիտ արել, դու էլ էշը ցեխից հանի»։



Երեկ մենք զրուցեցինք երկուսի հետ էլ՝ հետընտրական հանդարտ վիճակում փորձելով հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, եւ ինչպես են պրոֆեսորները գնահատում հանրաքվեն։ Ամբիոնի վարիչ Ալբերտ Կիրակոսյանը նորից պնդեց գիտխորհրդի որոշման մասին, իսկ հաջորդիվ հնչած «հերքումների» վերաբերյալ չցանկացավ մանրամասնել։ «Ով նման հայտարարություն է արել, իրենից էլ հարցրեք»,- ասաց նա՝ մեզ ուղարկելով դեկանի մոտ:



Ինքն անձամբ մասնակցել է հանրաքվեին, «ոչ» է ասել, կիսում է հանրաքվեից հետո «ոչ»-ի ճակատի բարձրացրած գնահատականներն ամբողջությամբ: Չի մասնակցում հետընտրական բողոքի ակցիաներին, իր խոսքով՝ նախ զբաղվածության պատճառով. «Բացի դա էլ, առողջականս թույլ չի տալիս, ջահել ժամանակ ես բոլոր նման ակցիաներին մասնակցել եմ»: Իսկ որպես «ընդդիմադիրի», ԵՊՀ ղեկավարությունն իր հետ զրույց չի՞ ունեցել, ճնշումներ չե՞ն գործադրել։ «Ձեզ ինչո՞ւ է թվում, որ ԵՊՀ ղեկավարությունը բոլորի հետ զրույց է ունենում, ես անկախ մարդ եմ եւ իմ դիրքորոշումն ունեմ: Այս տարիների ընթացքում երբեւէ ես նման դիտողություն չեմ ստացել, թե կգնաք այսպես կանեք կամ այնպես»: Կիրակոսյանն ասաց նաեւ, որ այս ընթացքում չի զրուցել իրեն հերքած գործընկերների հետ. «Մենք հաճախ չենք հանդիպում, բայց ես առանձնապես խոսելիք էլ չունեմ»:



Ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանը նկատելիորեն թեթեւացած էր խոսում, նա զրույցի սկզբում նկատեց. «Այո, նոր Սահմանադրությունն անցավ, թող բոլորը հանգստանան ու իրենց գործն անեն ոնց որ պետքն է, այդպես գոնե մի բան կստացվի»: Ապա սիրտը փորձեց դատարկել՝ հայտնի ասացվածքը հիշելով. «Վատ օրենքների, բայց լավ չինովնիկների դեպքում կարելի է լավ աշխատել, լավ օրենքների, բայց վատ չինովնիկների դեպքում ոչինչ չի կարելի անել»։ Իսկ երբ փորձեցինք ճշտել, թե հիմա հայտնի ասացվածքի ո՞ր տարբերակն է գործում, նա նորից զգաստացավ. «Մեզ մոտ լավ չինովնիկներ են՝ լավ օրենքներով»: Երբ փորձեցինք հիշել «մի քանի ամիս առաջվա» դեպքերը, ընդդիմացավ. «Որ ի՞նչ»։ Հետո իր պատասխանով փորձեց կանխել մյուս բոլոր հարցերը. «Ես կողմ եմ նոր Սահմանադրությանը, որովհետեւ ես կողմ եմ փոփոխություններին, ընդհանրապես այդ հանրաքվեին երկու «այո» էր. «այո»՝ նոր Սահմանադրությանը, «այո»՝ հին Սահմանադրությանը»: Իսկ Կիրակոսյանի հայտարարություննե՞րը, ԵՊՀ ղեկավարության ճնշումնե՞րը։ «Հերիք ա, հա Կիրակոսյան-Կիրակոսյան, ես որեւէ մեկին չեմ հարցրել՝ ինչպես է քվեարկել, ես իմ կարծիքն ասեցի, ինձ այլ բան չի հետաքրքրում: Արդեն խաղերը վերջացել են, ամեն մեկը թող իր գործն անի»: