Ալիեւի պատասխանը Օբամային

Ալիեւի պատասխանը Օբամային

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը թվիթերյան գրառում է արել, ըստ որի՝ Իլհամ Ալիեւը Միացյալ Նահանգների նախագահից միջուկային անվտանգության հարցերով խորհրդաժողովին մասնակցելու հրավեր է ստացել: Խորհրդաժողովը տեղի կունենա առաջիկա մարտի վերջերին-ապրիլի սկզբին՝ Վաշինգտոնում:



Տեղեկատվությունն ուշագրավ եւ որոշ չափով ինտրիգային է, եթե նկատի առնվի, որ ԱՄՆ Կոնգրեսում շրջանառվել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ նախատեսող օրինագիծ, որի ընդունման հավանականությունը բավական բարձր են գնահատում նույնիսկ ադրբեջանցի քաղաքական մեկնաբանները եւ փորձագետները՝ նկատել տալով, որ 2015-վերջերին Սպիտակ տունն սպասում էր, որ Ալիեւը ներում կշնորհի մի քանի քաղբանտարկյալների, ինչը, սակայն, տեղի չունեցավ:



Ալիեւին ուղարկված հրավերը, մինչդեռ, նշանակում է, որ գոնե մինչեւ մարտի վերջ-ապրիլի սկիզբ Կոնգրեսը չի ընդունի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ կամ եթե ընդունի էլ, ապա Օբաման այն չի վավերացնի: Հակառակ դեպքում կստացվի, որ Վաշինգտոնը մի ձեռքով հրավեր է ուղարկում, մյուսով՝ արգելում Ալիեւի մուտքը Միացյալ Նահանգներ, իսկ դա քիչ հավանական է:



Ի՞նչ է թաքնված Ալիեւին Վաշինգտոն հրավիրելու Օբամայի որոշման մեջ, փորձագետները եւ վերլուծաբանները տարբեր, այդ թվում՝ ԼՂ խնդրի կարգավորմամբ պայմանավորված, ենթադրություններ են անում: Այս իմաստով աչքի է զարնում ՛՛Թուրան՛՛-ի տարածած տեղեկատվությունը, համաձայն որի քաղաքական հետազոտությունների՛՛Ատլաս՛՛ կենտրոնը 500 անձանց շրջանում ուշագրավ հարցում է անցկացրել:



«Ո՞ր երկրներն են Ադրբեջանի դաշնակից՛՛ հարցի պատասխանն այսպիսին է՝ Թուրքիա, Պակիստան, Վրաստան, ԱՄՆ եւ Սաուդյան Արաբիա: Հարցման ենթարկվածների 82 տոկոսի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում ՛՛պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանին կօգնի Թուրքիան՛՛, երկրորդ տեղում Պակիստանն է, երրորդը՝ Սաուդյան Արաբիան: Հարցվածների 86 տոկոսը 2016-ին ԼՂ հարցում բանակցային առաջընթացի հույս չունի, իսկ 56 տոկոսը ՛՛չի բացառում պատերազմի վերսկսումը»:



«Ո՞ր ուղղությամբ պետք է ինտերգրվի Ադրբեջանը՝ ՆԱՏՕ-ի՞, Եվրամիությա՞ն, թե՞ ԵՏՄ-ի՞» հարցին ի պատասխան հարցվածների 72 տոկոսը նշել է ՆԱՏՕ- Եվրամիություն ուղղությունը: ԵՏՄ հետ Ադրբեջանի ինտեգրման օգտին արտահայտվել է հարցման ենթարկվածների միայն 16 տոկոսը, 12 տոկոսը դժվարացել է հստակել դիրքորոշումը:



Պատահակա՞ն է, որ «Ատլաս» կենտրոնը նման հարցադրումներ է արել հատկապես այս պահին, երբ Ադրբեջանի քաղաքագիտական շրջանակներում մեծ աշխուժությամբ քննարկվում է ԱՄՆ նախագահի կողմից Ալիեւին Վաշինգտոն այցելելու հրավերի թեման: Պատահակա՞ն է, որ հրապարակվել են հարցման հենց այսպիսի արդյունքներ:



Գուցե եւ պատահական են զուգադիպությունները, բայց ամեն դեպքում տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական ընտրության հարցում «հանրային պահանջվածության» մասին տեղեկատվությունը շատ բաց ակնարկ է, որի հասցեատերը Միացյալ Նահանգներն են: Դա Ալիեւի պատասխանն է Օբամայի հրավերին, ինչից հասկացվում է, որ ԱՄՆ-ը պաշտոնական Բաքվի առջեւ դրել է Ռուսաստանի հետ վերընթաց զարգացող հարաբերությունները վերանայելու խնդիր: Պետք է սպասել Մոսկվայի արձագանքին:



Վահրամ Աթանեսյան