ԱԺ նախագահի ավտոշարասյունը հանել են արգելափակումից, հետո են իմացել՝ ովքեր են եղել

ԱԺ նախագահի ավտոշարասյունը հանել են արգելափակումից, հետո են իմացել՝ ովքեր են եղել

Վերջին տասը օրերին հանրապետության տարածքում գրանցվել է բավականին մեծ թվով դեպք և պատահար։ Մենք ունեցանք 676 արտակարգ դեպք-պատահար, որը 250-ով  ավել էր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Գրանցվել է 3 զոհ, 56 տուժած։



Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանը՝ նշելով, որ պատահարների աճը պայմանավորված էր տեղումներով, բքի, ձնաբքի և վրաբեր ձյան հետևանքով արգելափակումներով։



«Տոնական օրերին արգելափակման 234 դեպք է գրանցվել, փլուզման՝ 25 դեպք, արդյունքում ունեցել ենք 1 զոհ և 1 տուժած: 1234 տրանսպորտային միջոց և 3500 մարդ է դուրս բերվել անվտանգ տարածք: Ճգնաժամային կառավարման կենտրոնը Նոր տարուն ստացել է ավելի քան10 հազար զանգ, որոնց հիմնական մասը եղել է Սյունիքից եւ Գեղարքունիքից։ Զանգերը պայմանավորված են եղել տվյալ մարզերում ձյան հետևանքով ճանապարհների անանցանելիությամբ: Ծանրաբեռնվածությունը եղել է հիմնականում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում»- ասաց պարոն Խանգելդյանը:



Hraparak.am-ի հարցին, թե ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և նրան ուղեկցող ավտոշարասյան արգելափակումը ձյան մեջ ինչպես է տեղի ունեցել և փրկարարներին ինչպե՞ս է հաջողվել դուրս բերել նրանց արգելափակումից, Հ. Խանգելդյանն ասաց. «Բոլորին էլ ԱԻՆ-ը, Ճանշինն ու ոստիկանությունն են օգնել, ուղղակի բավականին մեծ շարասյուն էր գոյացել, քանի որ ճանապարհը փակել էին մաքրման համար։ Ես որքան գիտեմ՝ Ձեր կողմից նշված պաշտոնյաների մեքենաները եղել են այդ շարասյան մեջ, ուղղակի ոստիկանությունը փակել էր ճանապարհը։ Ես հետևել եմ ԶԼՄ-ների նյութերին, այնտեղ տարբեր մեկնաբանություններ են եղել, պաշտոնական որևէ տեղեկատվություն այդ մասով ՏԿԱԻՆ-ում չի գրանցվել, որովհետև մենք ստացել ենք ահազանգ մեքենաների արգելափակման մասին, այնուհետև նոր ԶԼՄ-ներով տեղեկացել ենք, որ նման պաշտոնյա է եղել այդ ճանապարհին»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ