«Ժամանակ». Մենք մարդ կախող չենք ստեղ

«Ժամանակ». Մենք մարդ կախող չենք ստեղ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ընդամենը մի քանի ժամ մնալուց հետո 20-ամյա Անզոր Կարապետյանը հունվարի 4-ին, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել: Արմավիրում բնակվող երիտասարդի հարազատները «Ազատության» հետ զրույցում ասել են, որ պաշտոնական վարկածին չեն հավատում եւ պնդում են՝ դիահերձման ժամանակ մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել: Ըստ նրանց՝ դեկտեմբերի 31-ին վիճաբանությունից հետո Անզոր Կարապետյանը ինքնակամ ներկայացել է քաղաքի ոստիկանություն, որտեղ նրան ձերբակալել են, իսկ հունվարի 3-ին կալանավորել՝ սպանության փորձի հատկանիշով, ու տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ ժամեր անց նրան մահացած են գտել:



Նորակառույց «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանից հետաքրքրվեցինք, թե իրենք ներքին քննություն անցրացրե՞լ են՝ պարզելու, թե ինչն էր պատճառը, որ ՔԿՀ մտած կալանավորը ժամեր անց մահացած է հայտնաբերվել: «Դրանով քննություն է տարվում, քրեական գործ է հարուցված: Այդ հարցին ավելի լավ կպատասխանեն քննիչները»,- ասաց նա:



Մեր դիտարկմանը ի պատասխան, թե սա նորաբաց ու եվրոպական ստանդարտներով կառուցված ՔԿՀ-ում մահացության արդեն 3-րդ դեպքն է, ՔԿՀ պետն ասաց. «Դրա համար հինն ու նորը ոչ մի կապ չունի: Ձեր հարցին միայն քննիչը կարող է պատասխանել»:



Դիտարկմանը, թե մահացած կալանավորի ծնողները մամուլում ասել են, որ չեն հավատում ինքնասպանության վարկածին, նորաբաց ՔՀԿ պետը հայտարարեց. «Դե, չեն հավատում, թող բողոքեն. մենք մարդ կախող չենք ստեղ: Հարցերն ուղղեք քննիչին»: