Ճշմարիտյանը սովածներին խորհուրդ է տալիս վիճակագրական աղյուսակներ կարդալ

Ճշմարիտյանը սովածներին խորհուրդ է տալիս վիճակագրական աղյուսակներ կարդալ

Այսօր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ասուլիսի էր եկել թվերով զինված։ Կարծես, կանխատեսել էր, որ լրագրողները չեն հավատալու, որ նախարարությունը 2015 թվականին լավ է աշխատել, իսկ արտադրությունը վերելքներ է գրանցել։ Եւ իրոք, կառավարությանը վարկաբեկող հարցեր եղան։ Օրինակ, ի՞նչ է կերել հայ ժողովուրդը 2015 թվականին, եթե Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով,սննդի արտադրությունը և ներմուծումը 2015 թվականին նվազել են։ Նախարար Ճշմարիտյանը հարցն այս «ոչ ադեկվատ» որակեց։ Նա ի պատասխան հանեց ԱՎԾ աղյուսակներից մեկը և սկսեց ընթերցել․ «ՀՀ ԱՎԾ հրապարակված տեղեկատվության համաձայն, բնական արտահայտությամբ աճ արձանագրած հիմնական արտադրատեսակներ՝ միս՝ 105 տոկոս, պանիր՝ 101ու կես, կաթ՝ 104, կեֆիր՝ 153, կաթնաշոռ՝ 107, մածուն՝ 130, թան՝ 102,9, թթվասեր՝ 150»։ Ըստ ԱՎԾ-ի, թթվասերի արտադրության մեջ 2015 թվականին հեղափոխություն է եղել։ Ահա, թե ինչ ենք մենք կերել, ահա ինչով ենք լրացրել պակասած սննդատեսակների հետևանքով առաջացած քաղցը։



Ճշմարիտյանի ընթերցանությունը ընդհատվեց, երբ հուսահատվածլ րագրողը կրկին հարցրեց նրան․ դուք հավատու՞մ եք, որ 2015 թվականին թթվասերի արտադրությունը իրականում 50 տոկոսով ավելացել է, էկոնոմիկայի նախարարը լուրջ դեմքով պատասխանեց․ «Ի՞նչ է նշանակում, դուք հավատում եք։ Նայեք ինձ ու մի հավատացեք, որ ես աստեղ եմ»։ Փաստորեն, բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանա սնվել ըստ պահանջի, կամ ՀՀ առավել աղքատ բնակչությունը, որը մակարոն և կարտոֆիլ է ուտում հիմնականում, այսուհետ քաղցը հագեցնելու համար կարող են բացել ԱՎԾ աղյուսակները և հավատով կարդալ, ինչպես Ճշմարիտյանն է դա անում։ Ի դեպ, բոլոր անհավատներին և «ոչ ադեկվատներիօն» նա պատրաստ է տրամադրել 70 անուն սննդատեսակների այս ցանկը։



Սյուզան Սիմոնյան