Նոր շունչ՝ ՀՀԿ-ին

Նոր շունչ՝ ՀՀԿ-ին

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց համագործակցել հենց Հայ հեղափոխական դաշնակցության եւ միայն նրա հետ։ Չէ որ մեր քաղաքական դաշտի առնվազն կեսը մեծ սիրով կընդուներ երկրի կառավարմանը մաս կազմելու առաջարկը։ Ոմանք այս օրերին նման հարցադրումներ են անում, հընթացս քարկոծելով ու նսեմացնելով ՀՅԴ-ին՝ որպես հազիվ խորհրդարան անցած ուժի, որի հեղինակությունը չի հերիքելու հաջորդ անգամ նվազագույնի շեմը հաղթահարելուն։ Այդ ամենի մեջ, անշուշտ, ճշմարտություն կա, բայց սխալվում են նրանք, ովքեր ՀՅԴ-ին գնահատում են նրա տնօրինած 5 մանդատների կամ այսօրվա վարկանիշի կոնտեքստում։ Եթե մի փոքր ետ նայենք մեր պատմության էջերին, ապա ակնհայտ կդառնա, որ հայ ավանդական կուսակցություններից միայն ՀՅԴ-ն է կարողացել 100-ամյակի միջով գրեթե անփորձանք անցնել եւ պահպանել նախկին հզորության որոշակի մասը։ Սա այն կուսակցությունն է, որի գոյության հետ է կապվում մեր առաջին հանրապետությունը։ Սա նաեւ այն կուսակցությունն է, որը 90-ականներին հալածվեց իշխանության կողմից, սակայն կարողացավ բանտերի ու փորձությունների միջով անցնել ու չոչնչանալ։ Սա նաեւ այն կուսակցությունն է, որն ամուր կառույցներ ունի շատ պետություններում եւ ՀՀ մարզերում։ Այնպես որ, այդ 5 մանդատով չի չափվում ՀՅԴ-ի կշիռը։ Եվ ըստ այդմ նրա այսօրվա որոշումն էլ՝ կոալիցիա կազմելու, այնքան անմեղ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Երկրի տնտեսության, արտաքին քաղաքականության մեջ ձախողումներ արձանագրած Հանրապետականին մեկնված ՀՅԴ ձեռքը մի բան է նշանակում՝ ամրացնել գործող իշխանություններին, երկարացնել նրա գոյատեւումը, ինչպես նաեւ բարդացնել իշխանափոխության ձգտող ուժերի ծրագրերը։ Ինտելեկտի, ռեսուրսի, վարկանիշի դեֆիցիտ ունեցող ՀՀԿ-ին ՀՅԴ-ն նոր շունչ է հաղորդելու։