Բնական ու նորմալ համագործակցությունը, կոալիցիան ընտրություններից հետո է լինում. Աղվան Վարդանյան

Բնական ու նորմալ համագործակցությունը, կոալիցիան ընտրություններից հետո է լինում. Աղվան Վարդանյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր անդրադառնալով ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելու փաստին, քանզի ԲՀԿ-ում կարծում են, որ դա անարդյունավետ կարող է լինել, ասաց, որ այն, ինչ որոշում է ԲՀԿ-ն, դա իր խնդիրն է։



«Բայց մենք ասել ենք, որ բնական ու նորմալ համագործակցությունը, կոալիցիան ընտրություններից հետո է լինում, և դա իրական է, երբ որևէ քաղաքական ուժ առանձին չի ունենում մեծամասնություն, և երբ որոշումները հստակ մեկը մյուսով պայմանավորված են: Բայց մենք նոր իրավիճակում ենք գտնվում, ունենք հսկայական աշխատանք` գոնե սկսելու կյանքի կոչել նոր համակարգը: Այստեղ, այո, մենք գտնում ենք, որ ուժերի միավորումը կարող են արդյունք տալ: Մենք ուզում ենք այս երկրում գոնե փոքր դրական փոփոխություններ առաջացնել, հույս ներշնչել, որ համակարգն իսկապես լիարժեք կաշխատի: Այո, մեկ տարին բավարար է դրա համար, վեց ամիսն էլ է բավարար, երեք ամիսն էլ է գուցե բավարար` հույս առաջացնելու»,-ասաց նա։



Ըստ նրա՝ պարզ է, որ կլինեն տարբեր մոտեցումներ, տարբեր կարծիքներ. «Բայց մեզ պես քաղաքական ուժն ունենում է հստակ առանցք և ուղղություն: Եթե մենք համոզված չլինենք, որ ճիշտ բան ենք անում, վստահ եղեք, որ չենք անի: Մենք գիտենք, որ այս երկրում կան լրջագույն խնդիրներ, և անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Կկարողանա՞նք նպաստել դրան, ուրեմն կաշխատենք»։



Վարդանյանը նաև նկատեց, որ ուզենք, թե չուզենք, մենք դուրս ենք գալիս միանձնյա ղեկավարման շրջանակներից, ինչը ենթադրում է բոլորովին այլ հարաբերություններ, բոլորովին այլ տիպի աշխատանք։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ