«168 ժամ».Ռուսաստանն իր հետեւից անդունդը կարող է տանել Հայաստանին

«168 ժամ».Ռուսաստանն իր հետեւից անդունդը կարող է տանել Հայաստանին

«168 ժամ» -ը գրում է. «Որքան մոտենում են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները, այնքան ավելի հաճախ են Հայաստանում ներկայացված արեւմտյան դիվանագետները խոսում այդ ընտրությունների՝ արդար անցկացման ու հասարակության կողմից վստահելի արդյունքների արձանագրման մասին: Խոսում են՝ ավելին, քան սովորական դիվանագիտական արարողակարգը, խոսում են առավել քան կոնկրետ, առարկայորեն եւ հասցեական: Նրանց այդ հայտարարություններն ուղղված են իշխանությանը, որը սովորել է տարիներ շարունակ կեղծել ընտրությունները եւ ստանալ Արեւմուտքի «ըմբռնողական վերաբերմունքը»:Իսկ Արեւմուտքը հասկացնում է՝ այս անգամ ըմբռնում չի լինելու: Նույն Արեւմուտքը, ըստ էության, իշխանությանը վերջին քարտ-բլանշն է տվել՝ սահմանադրական հանրաքվեի կեղծիքներին կրկին «ըմբռնումով մոտենալով», թեեւ հանրաքվեից հետո հնչած ու հնչող գնահատականներն էականորեն տարբերվում են նախորդ ընտրություններին հաջորդած գնահատականներից: Իշխանությունը վստահեցնում էր, թե սահմանադրական փոփոխություններն իրականացնում է միմիայն ու միայն, բացառապես Հայաստանն ավելի ժողովրդավարական դարձնելու ինքնակործան մղումով:



Սահմանադրական հանրաքվեին հաջորդող գործընթացները, սակայն, վկայում են, որ իշխանությունն ամեն ինչ անում է սահմանադրորեն «հավերժանալու» համար: Ու հիմա Արեւմուտքը գրեթե բաց տեքստով հասկացնում է, որ շատ լավ է հասկանում իշխանության քայլերն ու մոտիվացիան ու այլեւս դրանց «ըմբռնումով չի մոտենալու»: Որքանով Հայաստանի իշխանությունը լրջորեն կմոտենա այս զգուշացումներին՝ դժվար է ասել: Իշխանությունը, իհարկե, կարող է Արեւմուտքին պատասխանել, որ այդ դեպքում ավելի ինքնամոռաց կնետվի Ռուսաստանի գիրկը: Սակայն, ըստ ամենայնի, այդ «ռեսուրսն» արդեն սպառվել է: Նախ՝ ավելիի տեղ այլեւս չկա. Հայաստանը տրվել է Ռուսաստանին այնքան, որքան հնարավոր է: Բացի այդ, դրանից ավելին նշանակում է՝ էլ ավելի կախվածություն Ռուսաստանից: Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ Հայաստանը տնտեսապես ուղղակի կարող է խեղդվել, ավելի ճիշտ՝ Ռուսաստանն իր հետեւից դեպի անդունդը կարող է տանել Հայաստանին: Նախորդ գրեթե բոլոր համապետական ընտրություններում իշխանությունը՝ «հաղթելով», ունեցել է ներքին լեգիտիմության այնքան մեծ դեֆիցիտ, որ դա այս կամ այն կերպ փորձել է լրացնել արտաքին լեգիտիմությամբ:



Լավ կամ վատ, դա ստացվել է, ինչն իշխանության մոտ ձեւավորել է համոզմունք, որ կարելի է ամեն ինչ, կարելի է կեղծել ներսում եւ ինչ-որ կերպ «տակից դուրս գալ» դրսում: Ըստ ամենայնի, հենց այդ համոզմունքով է իշխանությունը պատրաստվում 2017 թվականի խորհրդարանական ընտրությանը, որը, ընդդիմության գրեթե բացակայության պատճառով, որքան «հեշտ» է թվում ներքին տեսանկյունից, նույնքան դժվար կարող է դառնալ արտաքին իմաստով: Այդ մասին այսօր արդեն զգուշացնում են Հայաստանի իշխանությանը: Առայժմ՝ բարեկամաբար»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: