ՄԻՊ-ը պետք է դիրքորոշում ունենա եւ չթաքցնի այն

ՄԻՊ-ը պետք է դիրքորոշում ունենա եւ չթաքցնի այն

Այսօր՝ փետրվարի 9-ին, մինչեւ ժամը 18։00-ն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դիմումներ է ընդունելու օմբուդսմենի թեկնածուներից, իսկ փետրվարի 12-ին կորոշի, թե ում է ներկայացնելու ԱԺ նիստին։ Այս պահի դրությամբ պաշտոնապես գրանցված թեկնածուներն են ՀՀԿ-ի կողմից՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը եւ Զարուհի Փոստանջյանը, որին ներկայացրել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ ԲՀԿ-ն ներկայացնելու է երիտասարդ փաստաբան Մակար Եղիազարյանին, որը «գորշ ձիուկների» շարքից է, երեւի ավելի մուգ, քան նույնիսկ Թաթոյանն է։ 



Ըստ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի, նա պատրաստված, երիտասարդ փաստաբան է, եւ ԲՀԿ-ն պետաիրավականում այս կուսակցությունը ներկայացնող պատգամավոր, «Ալյանսի» ղեկավար Տիգրան Ուրիխանյանի հետ պայմանավորվածություն ունի հենց նրան ներկայացնելու որպես ՄԻՊ թեկնածու։ Ուրիխանյանն ուներ իր թեկնածուն՝ իրավաբան Նարեկ Ալոյան, բայց, ըստ ամենայնի, համաձայնության է եկել ԲՀԿ-ի հետ Մակար Եղիազարյանի շուրջ։ Երեկ մինչեւ վերջին պահն սպասվում էր, որ ԲՀԿ-ն կօգտագործի հանձնաժողովում իր անդամների թվաքանակն ավելացնելու հնարավորությունը եւ այդ դեպքում քվեարկության ժամանակ մեկ ձայնով ավելի կունենա։ «Մենք ունենք նման հնարավորություն, սակայն անդամ ավելացնելու հարց այս պահին կուսակցությունը չի քննարկել»,- մեր ճշտող հարցին պատասխանեց Վահան Բաբայանը։ Թեեւ, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն է դրան դեմ եղել, եւ հարցը փակվել է։



ԱԺ կանոնակարգ-օրենքի եվ նոր Սահմանադրության միջեվ հակասություն կա



ՄԻՊ ընտրությունը տեղի է ունենալու նոր Սահմանադրության պահանջով, սակայն այս փաստաթղթի առաջին իսկ կիրառումը ցույց տվեց, որ ընտրության կարգը հետընթաց է արձանագրել ժողովրդավարական սկզբունքներից։ Նախ, թեկնածուին առաջարկում է ոչ թե ԱԺ-ն, ինչպես նախկինում էր, այլ ԱԺ մի հանձնաժողով։ Երկրորդ. ԱԺ մեծամասնությունը որոշեց, որ ՄԻՊ թեկնածուին ընտրելու է եւ լիագումար նիստին առաջարկելու է ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը, որում ընդամենը 3 ՀՀԿ-ական կա, այլ պետաիրավական հարցերի հանձնաժողովը, որի ուղիղ կեսը ՀՀԿ-ականներ են։ ՀՀԿ-ն այստեղ իր թեկնածուին անցկացնելու ավելի մեծ շանսեր ունի, ուստի ընտրել է պետաիրավականը։ Եվ, վերջապես, Սահմանադրության՝ ուժի մեջ մտած 192-րդ հոդվածի համաձայն, ԱԺ-ն մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, իսկ ԱԺ կանոնակարգ-օրենքով հանձնաժողովը ձայների պարզ մեծամասնությամբ է որոշում, թե որ թեկնածուին առաջարկի։



Էդմոն Մարուքյանը հակադրվում է նախկին կոլեգաների կարծիքներին



Արդյոք ԱԺ կանոնակարգ-օրենքն այս մասով չի՞ հակասում Սահմանադրությանը։ «Որպեսզի հանձնաժողովն էլ ընտրի ձայների 3/5-ով, պետք է ԱԺ կանոնակարգ-օրենքը փոխվի,- ասաց պետաիրավականի անդամ Էդմոն Մարուքյանը։- Նման նախաձեռնություն չի եղել, օմբուդսմենի նշանակման ժամկետն էլ լրանում է։ Մենք չենք կարող հասցնել, պահպանելով ընթացակարգերը, օրենք ընդունել, նախագահն ստորագրի, դա ուժի մեջ մտնի հրապարակման պահից 21 օր հետո եւ 3/5-ով քվեարկվի։ Այստեղ, իհարկե, խնդիր կա»։ Ըստ Մարուքյանի, դա ճիշտ կլիներ օմբուդսմենին ավելի բարձր կարգավիճակ տալու, ինչպես նաեւ խորհրդարանի հանձնաժողովի դերը բարձրացնելու առումով։ «Մենք սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ մշտական հանձնաժողովների հետ կապված առաջարկներ ունեինք, որոնց մեծ մասը չանցավ։ Բայց հիմա ես դա անիրական եմ համարում»,- ասաց պատգամավորը։ Իսկ ինչո՞ւ պետք է պետաիրավականն ընտրի ՄԻՊ թեկնածուին, ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը։



Ըստ Մարուքյանի, եթե այլ կարծիք կար, պետք է դրա հետ միասին լիներ այլ նախագիծ, որը չի եղել։ «Դա չի արվել, հետո էլ՝ այս նախագծի քննարկման ժամանակ ասեցին՝ բա ինչո՞ւ սա»։ Երեկ նա առաջարկել է օմբուդսմենի իր թեկնածուին՝ Զարուհի Փոստանջյանին։ «Գտնում եմ, որ նա արժանի է, ընդունելով Զարուհու իրավապաշտպան գործունեությունը։ Ես էլ եմ իրավապաշտպան եղել, նա էլ, եւ լավ գիտեմ նրա փաստաբանական գործունեությունը։ Նրա գիտելիքներն ու փորձը, նրա մոտեցումները, կարծում եմ, բավարար են, որ նա ՄԻՊ աշխատի, դեռ մի բան էլ ավելի»,- ասաց Մարուքյանը։



Իշխանական թեկնածուի հեղինակությունը հայ ժողովրդի շրջանում նա ոչ մի կերպ չկմեկնաբանեց, համարելով, որ Սահմանադրության այդ պահանջը ՄԻՊ թեկնածուի նկատմամբ հռչակագրային է։ «Ո՞նց ենք ստուգելու հեղինակության նորմը։ Օրինակ, ես չգիտեմ՝ ես հեղինակավո՞ր եմ, թե՞ չէ, ինձ ճանաչո՞ւմ են մարդիկ, թե՞ ոչ։ Պետք է շատ վստահելի հարցում լինի, որ որոշես, թե այս մարդու ճանաչելիությունն ինչպիսին է։ Գտնում եմ, որ այդ նորմով չեն կարող բացառել Թաթոյանի թեկնածությունը։ Որ Կարեն Անդրեասյանին առաջարկում էին, նա հեղինակավո՞ր էր, կամ Արմեն Հարությունյանին բոլորը ճանաչո՞ւմ էին։ Այդ նորմով չի կարելի առաջնորդվել»,- ասաց նա։ Նախկին իրավապաշտպանն այսօր հակադրվում է մյուս իրավապաշտպաններին, որոնք այս օրերին «բղավում էին» ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում, որ Արման Թաթոյանը ՄԻ պաշտպանության բնագավառում հանրաճանաչ չէ եւ չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել։



Հովհաննես Սահակյան․ «Ես հեղինակավո՞ր պատգամավոր եմ»



Էդմոն Մարուքյանը, փաստորեն, համակարծիք է պետաիրավական հարցերի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հովհաննես Սահակյանի հետ։ Նրանք գրեթե նույն ոճով են խոսում։ «Հիմա Դուք հեղինակավո՞ր լրագրող եք, թե՞ չէ։ Ես հեղինակավո՞ր պատգամավոր եմ, թե՞ չէ, ինչո՞վ ենք չափում»,- հարցրեց մեզ Սահակյանը։



- Այսինքն, կարծում եք, որ ձեր նոր Սահմանադրության մեջ դա սխա՞լ կետ է։



- Չէ, տեսակետները կարող են տարբեր լինել, մեկի համար Դուք կարող եք հեղինակավոր լրագրող լինել, մյուսի հրապարակումները քիչ լինեն, բայց նրա մեկ հոդվածն ավելի կարեւոր լինի, քան ուրիշի 20 հոդվածը, որն անընդհատ կարդում ես։



- Բայց Թաթոյանին ո՞վ էր ճանաչում։



- Դուք չե՞ք ճանաչում։



- Ես նրան մի անգամ հարց եմ ուղղել, դրանով եմ ճանաչում։



- Նա ԱԺ-ում բազմաթիվ զեկույցներով հանդես է եկել, ունի ՀԿ-ների հետ աշխատելու փորձ, կենսագրությամբ ՄԻՊ գրասենյակում աշխատել է։



- Գտնում եք, որ օմբուդսմենի համար բավարա՞ր է լավ իրավաբան լինելը։



- Բավարար չէ, օմբուդսմեն լինելը մի հոգեվիճակ է, կարգավիճակ, իհարկե, լավ կլինի, որ նաեւ լինի իրավաբան։ Քանի որ հիմնական գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանությունն է, նա պետք է իմանա, թե իրավունքը որտեղ է խախտվում։ Բայց դա պարտադիր չէ։



Իշխանությունն օմբուդսմենների հետ ուներ չգրված պայմանավորվածություն



Զարուհի Փոստանջյանն օմբուդսմենի իր կոնցեպտն ունի․ ՄԻՊ-ը պետք է դիրքորոշում կրի։ «Ավտորիտար ռեժիմի պայմաններում այդ դիրքորոշումը հնարավոր չէ թաքցնել, ինքդ քո մեջ պահել։ Պետք է արժեքի համար պայքարես, մեջդ խիզախություն է արթնանում, իսկ եթե իրավաբանությունը զուտ բիզնես է, դրան շատ հանգիստ ես վերաբերվում»,- ասում է նա։ Ըստ Փոստանջյանի, ՄԻՊ ընտրությունը մրցակցային չէ։ «Մենք հասկանում ենք, որ արդեն մի որոշում ընդունեցին, որի հիման վրա ոչ մրցակցային ընտրություն է լինելու լիագումար նիստում։ Լիագումար նիստին ներկա է լինելու մեկ թեկնածու, մրցակցություն չի լինելու։ Հանձնաժողովում էլ մեկ թեկնածուն ձայերի մեծամասնությամբ է ընտրվելու, եւ սկզբունքը, որի մասին իշխանությունը հայտարարում էր, թե իբր ընդդիմության ձայնը նոր Սահմանադրության պայմաններում ավելի լսելի կլինի, նույնպես խախտվեց։ Կրկին ընտրությունը կատարվում է մեծամասնության կողմից,- ասում է Զարուհի Փոստանջյանը,- մինչդեռ երեք հինգերորդի գաղափարը, որը վերաբերում է ԱԺ կողմից տարբեր պաշտոնների նշանակումներին, ենթադրում է, որ այդ գաղափարի ներքո էլ պետք է գործի հանձնաժողովը»։



- Իշխանության ներկայացուցչի մասին ի՞նչ կասեք։



- Հանրության կողմից վստահելի անձի կարգավիճակը տվյալ անձը չի բավարարում, ամեն դեպքում, մարդու իրավունքների պաշտպանության բազմաթիվ խնդիրներ կան, որոնց մասին իրավապաշտպանները բարձրաձայնում են տարիներ շարունակ, զեկույցներ են կազմվում։ Հիմա տվյալ անձը պետք է ցույց տա իր հրապարակային դիրքորոշումը, որով հանրությունն իրեն պետք է վստահի։



- Ի՞նչ ընթացք եք կանխատեսում։



- Ես չգիտեմ, թե ինչպիսի դիրքորոշում կունենա հանձնաժողովը, բայց եթե հայտարարություններն ազնիվ են, գործնական արտացոլում պետք է ունենան։ Այսինքն, պետք է թողնեին մեզ, որ ընդդիմության կողմից առաջարկեինք միասնական թեկնածու։ Իսկ ընդդիմությունը շատ թեկնածուներ ուներ, պատրաստված քաղաքացիներ ու իրավապաշտպաններ, ուղղակի ոչ ոք չուզեցավ անհավասար պայմաններում մասնակցել այս մրցույթին։



- Ինչո՞ւ մեզ մոտ օմբուդսմենները չեն կարողանում աշխատել։



- Նախ, բարոյական խնդիր կա։ Եթե դու պատրաստված ես եւ ունես գիտելիքներ, անընդհատ չես կարողանա ճնշումների տակ գործել։ Դա է եւ այն, որ իշխանությունները չեն ցանկանում ունենալ իրենց սխալները ցույց տվող եւ դրանց լուծումը պահանջող ընդդիմախոսներ։ Բոլոր օմբուդսմեններին իրենք էին առաջարկել, եւ մոտեցումն այն էր, որ բոլորի հետ ունեին չգրված պայմանավորվածություն՝ մենք ենք ձեզ առաջարկել, եւ դուք այդ պայմանավորվածությունների ներքո պետք է գործեք։ Պատահական չէր, որ Ռոբերտ Քոչարյանն իր կադրն էր համարում օմբուդսմենին։ Հետագայում, երբ այդ պայմանավորվածությունները խախտվում են, այդպիսի իրավիճակ է առաջ գալիս։