Բագրատյանի սիրտը կոալիցիա է ուզում

Բագրատյանի սիրտը կոալիցիա է ուզում

Այսօր «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եկել էր «Հայելի» ակումբ, լրագրողների ուշադրությունը հրավիրելու այն հանգամանքի վրա, որ ԵՏՄ մտնելուց հետո ապրանքները ԵՏՄ երկրներից ներմուծվում են նույն ռեժիմով, ինչ այլ երկրներից և ֆինանսների նախարարությունը մի տարի է, ապօրինի է գործում՝ մաքսատուրքեր, ԱԱՀ և այլ վճարումներ գանձելով տնտեսվարողներից։ «Մինչդեռ Ռուսաստանից է Երևան գալիս ապրանքը, թե Հրազդանից՝ պետք է նույնը լիներ»։ Ինքը՝ Բագրատյանը երբեք ԵՏՄ մուտքի կողմնակից չի եղել, բայց գտնում է, որ եթե որոշել ենք ԵՏՄ գնալ, պետք է փորձել օգտվել դրանից։ Վիճակագրությունը սակայն հակառակն է փաստում ՝ որ ԵՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը հիմնականում նվազել է․ «2015 թվի 11 ամսվա տվյալներով ՌԴ ի հետ առևտուրը պակասել է 9 տոկոսով, Բելառուսի հետ՝ 10 տոկոսով, Ղազախսանի հետ՝ 15 տոկոսով, Ղրղզստանի հետ է միայն ավելացել մի քանի մլն դրամով»։



Ինչպես միշտ, նախկին վարչապետին շատ տնտեսական հարցեր տվեցին։ Քաղաքական հարցերից «Ազատություն» կուսակցության նախագահը սովորաբար խուսափում է, և ասուլիսների ու հարցազրույցների սկզբում պայմանավորվում է, որ քաղաքական հարցեր չլինեն, կամ գոնե քիչ լինեն։ Բայց սովորաբար հենց ինքն էլ խախտում է պայմանավորվածությունը։ Մասամբ, որովհետև տնտեսությունից խոսելիս, ուզած թե չուզած պետք է պատասխանես հարցի՝ ուր ենք այսպես գնում և որն է փրկության ճանապարհը, իսկ սրանք զուտ քաղաքական հարցեր են։ «Մենք կործանման ենք գնում», - պատասխանում է Բագրատյանը, բայց փրկության փոքրիկ շանս կա․ «Եթե մեզ հաջողվի լայն կոալիցիա ստեղծել, և բոլոր ուժերին հրավիրում եմ այդ կոալիցիայի մեջ», - ասում է Բագրատյանը և թվարկում է․ ««Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան» «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», ՀՀՇ, եթե մեկին չեմ ասել, մոռացել եմ։ Եթե այս ուժերը միավորվում են, նրանք հաղթում են պարլամենտական ընտրություններում։ Ամեն մեկը ստից մի 5 տոկոս կարող է հավաքի, կարող է չհավաքի, բոլորին խորհուրդ եմ տալիս քցել դա մի կողմ, միանալ։ Միանում ենք հավասար պայմաններով, վիճակահանությամբ որոշում ենք համարները և ծախսը բոլորով կիսվում ենք»։



Ըստ Հրանտ Բագրատյանի, սա միակ բանաձևն է․ «և սա հաղթական ֆորմուլա է»։ Ոչ ԲՀԿ-ն, ոչ ՀՅԴ-ն Բագրատյանի թվարկած շարքում չկան։ Հարցին, թե հանրապետականներն ավելի ուժեղ չեն արդյո՞ք կոալիցիայով, նա պատասխանեց․ «Հանրապետականը ձայն չունի, ռեալ 5 տոկոս չունի անցնելու»։ Իսկ դաշնակցության հետ միասի՞ն»։ «Ավելի քիչ է դառնում», - պատասխանեց Բագրատյանը։ Այսպիսով, Հայաստանի քաղաքական օրակարգում կրկին գլխավոր հարցը ընդդիմության միավորումն է, որն այսօր կրկին պատրանք է թվում նույնչափ անիրականալի, ինչպես, ասենք, կոմունիզմի կառուցումը։



Սյուզան Սիմոնյան