ՀԱԿ անդամը նպաստեց, որ իշխանական թեկնածուն հեշտությամբ ընտրվի

ՀԱԿ անդամը նպաստեց, որ իշխանական թեկնածուն հեշտությամբ ընտրվի

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն այսօր Պետաիրավական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի ՄԻՊ թեկնածուի ընտրությանը։ 



«Դրա հիմնավորումները ամենայն հավանականությամբ խմբակցությունը կներկայացնի լիագումար նիստում առաջիկա քառոօրյայում»-ասաց նա։ Ջհանգիրյանը նաև որոշեց, այդուհանդերձ, պաշտպանական մի քանի դիտարկումներով հանդես գալ՝ հօգուտ իշխանական թեկնածու Արման Թաթոյանի, ով, ի դեպ, նրա ուսանողն է եղել։



«Հանուն արդարության պետք է ասեմ, որ Արման Թաթոյանը բացասական առումով որևէ առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի հետ»,-ի պատասխան Փոստանջյանի ելույթի՝ ասաց Ջհանգիրյանը։



Hraparak.am-ը հարցրեց Ջհանգիրյանին, թե ի՞նչ նպատակ էր հետապնդում իրենց խմբակցության այդ որոշումը՝ չմասնակցել քվեարկությանը։
«Ասացի, հիմնավորումները կներկայացնենք»,-ասաց նա։



Մեր դիտարկմանը, թե սրանով ակամա իրենք պաշտպանում են իշխանական թեկնածուին, հնարավորություն են ստեղծում, որ նա հեշտությամբ ընտրվի, Ջհանգիրյանն ասաց․ «Մենք որևէ մեկի կողմ չենք քվեարկում, մենք որևէ մեկի դեմ չենք քվեարկում»։



Այսինքն՝ պատասխանատվության բեռի տակ մտնելու խնդի՞ր կար այստեղ։ «Դուք չե՞ք լսում ես ինչ եմ ասում, ես ասում եմ՝ մենք որևէ թեկնածուի չենք առաջադրել, չենք պաշտպանել, կողմ չենք քվեարկում, դեմ չենք քվեարկում»։



Երբ նորից նկատեցինք, որ դրանով իրենք հնարավորություն են ստեղծում, որ իշխանական թեկնածուն հեշտությամբ ընտրվի, Ջհանգիրյանը որոշեց հիշել սիլլոգիզմի օրենքները, բայց չհասկացավ մեր ասածի իմաստը։ «Տղա ջան ես Ձեր մտահանգումների տրամաբանությունը չեմ տեսնում»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ