Հրայր Թովմասյանը համառորեն մերժում է ընդդիմության պահանջը

Հրայր Թովմասյանը համառորեն մերժում է ընդդիմության պահանջը

Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի մարտի առաջին շաբաթում։ Դրա շուրջ կլինեն պառլամենտական լսումներ և քննարկումներ ՀԿ-ների հետ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո հայտնեց նախագծի համահեղինակ Հրայր Թովմասյանը։



Դեռ սահմանադրական փոփոխությունների շրջանում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախագիծը ուղարկվելու է Վենետիկյան հանձնաժողովի քննարկմանը, և հունիսի 1-ին այն կհրապարակվի։ Հրայր Թովմասյանն ասաց, որ գրավոր առաջարկներ ընդդիմությունից այս պահի դրությամբ չեն ստացել։ Նա շարունակում է պնդել, որ խախտումները բացառելու միակ հուսալի մեխանիզմը էլեկտրոնային քվեարկություն է, որը սահմանվելու է մշակվող նախագծով։



Թովմասյանի ելույթներից վերջնականապես պարզ է դառնում, որ քվեարկության մասնակիցների ցուցակների հրապարակումը, որը ընդդիմության վաղեմի պահանջն է, այս օրենքի հեղինակները չեն լուծելու։ Ցուցակները հասանելի են լինելու միայն մասամբ․ «Ստորագրված ցուցակները կարող են մատչելի լինել այն մարդկանց, որոնք հիմնավորում են, որ ունեն դրանց նկատմամբ շահագրգռվածություն և առանց լուսապատճենահանելու կարող են ծանոթանալ և անել քաղվածքներ։ Մոտավորապես նման կառուցակարգ կա նաև մեր օրենսդրության մեջ, երբ որ վերահաշվարկի ընթացքում, թեկնածուները, վստահված անձինք կարող են այդ կարգով ծանոթանալ ցուցակներին» - ասում է Հրայր Թովմասյանը, վկայակոչելով վերահաշվարկի ներկայիս արատավոր իրավակարգավորումները, որոնք զուտ ձևական բնույթի են և ոչ մի կերպ թույլ չեն տալիս իրական խախտումներ բացահայտել։



Մերժելով ընտրացուցակների հրապարակման գաղափարը, Հրայր Թովմասյանը, առանց կոնկրետացնելու պատճառաբանում է ինչ-որ միջազգային կառույցների կարծիքներով, որոնք այստեղ ընտրությանը չմասնակցող անձի իրավունքի խախտում են դիտարկում։ Խոսքը, հավանաբար, Վենետիկյան հանձնաժողովի մասին է։ Մինչդեռ, օրինակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական խումբը իր վերջին զեկույցում ցուցակների հրապարակումը ընդունելի տարբերակ է համարում Հայաստանի նման երկրների համար, որտեղ վստահությունը  ընտրական գործընթացի նկատմամբ խաթարված է։ «Իշխանության կողմից հանրային վստահության մակարդակը բարձրացնելու ջանքերն ամրապնդելու համար հարկ է համաձայնության գալ այնպիսի էական խնդիրների շուրջ, ինչպիսիք են ընտրացուցակները, քվեաթերթիկների հաշվարկը, ընտրություններից հետո ընտրացուցակների հավանական հրապարակումը կամ որևէ այլ միջոց, որը կլուծի Հայաստանում չգտնվող քաղաքացիներին ընտրացուցակներում ներառելու հավանական չարաշահումների մասին ձևավորված ընկալումների հարցը , ինչպես նաև արդյունքների ամփոփումը», - ասվում է ԵՄ պատվիրակության փետրվարի 12-ի հայտարարության մեջ։ 



Ի դեպ, Հրայր Թովմասյանը նշեց, որ նախկինում կողմ է եղել քվեարկության ցուցակների հրապարակմանը, բայց այսօր դեմ է։ 



Սյուզան Սիմոնյան