Էլեկտրոնային քվեարկությունը խորացնում է անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ. Ռոբերտ Կրիմեր

Էլեկտրոնային քվեարկությունը խորացնում է անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ. Ռոբերտ Կրիմեր

Նոր ընտրական օրենսգրքի վրա աշխատող հեղինակները՝ Հրայր Թովմասյանն ու Դավիթ Հարությունյանը, Էլեկտրոնային քվեարկությունների համակարգին անցնելու կողմնակիցներ են։ Նրանք առաջինը սկսեցին խոսել անհասկանալի այս համակարգը կիրառելու մասին։ Բացատրելու համար, թե ինչպես են նոր տեխնոլոգիաներն օգտագործվում ընտրական գործընթացում, ինչ առավելություններ և թերի կողմեր ունեն, նախագահականի հրավերով այսօր Երևան էր եկել Տալինի համալսարանի դասախոս, դոկտոր Ռոբերտ Կրիմերը։



Ազգությամբ ավստրիացի Կրիմերը այս ոլորտի փորձագետ է և ուսումնասիրել է, թե ինչպես են կիրառվում համակարգիչն ու համացանցը, սկաներն ու տարբեր ապարատները ընտրություններում և դրանց հաջորդող գործընթացներում։ Նա պատմում էր «Մարիոթում» հավաքված լսարանին՝ ՀԿ-ների, կուսակցությունների, կառավարության ներկայացուցիչներին, ԱԺ պատգամավորներին, թե էլեկտրոնային տեխնիկայի օգտագործման ինչ ձևեր են ընդունված։ Ասենք, ընտրողների բիոմետրիկ գրանցում, էլեկտրոնային հաշվառում, որը զուգորդվում է նաև թղթային գրանցումով, օպտիկական սկաներ՝ կոճակ և էկրան, որը կիրառվել է Հնդկաստանում, «կիոսկային» քվեարկություն, նաև ինտերնետային քվեարկություն։ Այս վերջինն ամենաթանկ հաճույքն է, քանի որ ենթադրում է, որ յուրաքանչյուր տեղամասում լինի համակարգիչ՝ ընդհանուր ցանցին միացված, և երկու գիծ ինտերնետ, հնարավոր վթարներից երաշխավորվելու համար։



Դոկտոր Կրիմերը իր խոսքի հենց սկզբից զգուշացրեց․«Նոր տեխնոլոգիաների ամենամեծ թերությունն այն է, որ դրանք չեն նպաստում վստահության բարձրացմանը, բայց պահանջում են վստահություն»։ Պետք է հիշել, որ տեխնոլոգիան ամեն ինչ բարդացնում է, և այն երկրներում, որտեղ կա իշխանության նկատմամբ անվստահության բարձր աստիճան, ըստ բանախոսի, այս համակարգերը ավելի են խորացնում այդ անվստահությունը։ Դոկտոր Կրիմերի դասախոսությունը ակադեմիական էր, և հայկական իրականությանը նա ծանոթ չէր․ «Հայաստանի մասին գրականություն եմ կարդացել, մի քանի ժամ է, այստեղ եմ, առավոտյան 4-ն եմ իջել ինքնաթիռից», - ասաց։ Նա եկել է Էստոնիայից, մի երկրից, որի բնակչությունը անվերապահորեն հավատում է իր իշխանություններին և պետության հանդեպ մեծ վստահություն ունի։ Էստոնիան միակ պետություն է աշխարհում, որը լիովին անցել է էլեկտրոնային քվեարկության։ Այնքան մեծ է այս երկրում վստահությունը իշխանությունների հանդեպ, որ քվեարկության արդյունքները էլեկտրոնային համակարգից ջնջում են ընդամենը 1 ամիս անց, երբ ավարտվում են բողոքարկման օրենքով սահմանված ժամկետները։



Փորձագետը ազնվորեն ներկայացրեց, թե աշխարհի մոտ 200 երկրներից որոնք են ընտրություններում կիրառել էլեկտրոնային տեխնոլոգիաները՝ ԱՄՆ, Մեքսիկա, Վենեսուելա, Պեռու, Բրազիլիա, որը սակայն փող չուներ համակարգը թարմացնելու և այժմ հրաժարվել է, Արգենտինա, Ռուանդա, Հնդկաստան, քվեները հաշվելու ժամանակ՝ նաև Ավստրալիան։ Իսկ հրաժարվել են այս համակարգից Ղազախստանը, Իռլանդիան, Գերմանիան։ Վերջինիս դատարանը 10 տարի էլեկտրոնային համակարգով ընտրություններ անցկացնելուց հետո որոշում ընդունեց, որ այն հակասում է Սահմանադրությանը, քանի որ մեքենայի միջոցով ֆիքսված արդյունքը անհասկանալի է և հետևապես, թափանցիկ չէ ընտրողի համար։ Նորվեգիայում ընդունված էր քվեարկության խառը ձևը, և մեծ բարդություններ կան «է-քվեարկության» հետ կապված։ Կարծիքներ կային, որ այն խաթարում է դեմոկրատական գործընթացը, քանի որ վտանգում է քվեարկության գաղտնիությունը։ Նորվեգիայում բնակչության մոտ 20 տոկոսն է նախընտրում այս ձևը, և մեծ մասը նախընտրում է ավանդական, թղթային տարբերակը։



Մի խոսքով, ավստրիացի պրոֆեսորի դիտարկումներն այնքան էլ շահեկան չէին «մերոնց» համար; Պատահական չէ, որ երբ սկսեցին հարցեր ուղղել բանախոսին, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանն առաջին հարց տվողն էր։ Ինչո՞ւ է հյուրին թվում, թե «է-քվեարկությունը» բարդ համակարգ լինելով, մեծացնում է անվստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ։ Չէ՞, որ այն կարող է զուգորդվել ավելի պարզ թղթային տարբերակով, և հետո, եթե մարդկանց նկատմամբ հավատ չկա, ապա մեծանում է վստահությունը մեքենայի նկատմամբ։ Ռոբերտ Կլիմերի պատասխանը․«Թղթային քվեարկությունը անգամ ոչ գրաճանաչ մարդիկ կհասկանան, իսկ Էլեկտրոնային համակարգը չի լուծում վստահության խնդիրը, քանի որ համակարգիչը նվազ թափանցիկ է դարձնում գործընթացը»։



Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հարցրեց, թե կա, օրինակ, մի երկիր, որտեղ մի 20 տարի նույն իշխանությունն էր, բայց էլեկտրոնային քվեարկության անցնելուց հետո, իշխանափոխություն է եղել։ «2004 թվականին, երբ Վենեսուելայում Ուգո Չավեսը դարձավ նախագահ, հանրաքվեն անցավ նաև էլեկտրոնային տարբերակով, և մեծ տարբերություն թղթայինի հետ չեղավ։ Ավելի ժամանակակից տեխնոլոգիա օգտագործելուց հետո վերջերս այնտեղ ընդդիմությունը հաղթեց»։ 



Սյուզան Սիմոնյան