Իտալացիները վերադառնում են հայկական շուկա

Իտալացիները վերադառնում են հայկական շուկա

Մենք գրել էինք, որ շուտով Հայաստանով մեկ խմելու ջրի մատակարարման մրցույթ է անցկացվելու, որտեղ մի քանի հավակնորդներ կան այդ ոլորտը տնօրինելու, սակայն իշխանությունը հակված է այն հանձնել նախկինում իրեն ոչ փայլուն դրսեւորած «Հայջրմուղկոյուղուն»։ Փետրվարի 22-ին բացվեցին խմելու ջրի կառավարչի մրցույթին մասնակցող ընկերությունների հայտերը։ Անակնկալ էր մասնակիցների ցանկը եւ կազմը։



Նախապես հայտնի էր, որ մրցակցելու են «Երեւան ջուր» ընկերությունը՝ ի դեմս ֆրանսիական վարձակալ «Վեոլիայի», «Հայջրմուղկոյուղին» եւ գազի սպասարկման «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ն, որի պարագայում անհասկանալի էր, թե այն ինչ կապ ունի ջրերի կառավարման հետ։ Հիմա այս կապը բացատրվել է։ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի անվան հետ կապված այս ընկերությունը միավորվել է գերմանական մի քանի ընկերությունների հետ՝ «Դեկոն ինտերնացիոնալ», «Ջի Էմ Բի Էյջ», «Կոնսուլակվա Համբուրգ եղաթունգսգեզելշաֆթ Էմ Բի Էյջ», «Եվրավասել Աուֆբեղայթունգսունդ Էնթզորգունգս Ջի Էմ Բի Էյջ», կոնսորցիում կազմելով։ Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի բարեկամներին պատկանող այս կազմակերպությունը 2014 թվականին էլ միավորվել էր Լոռու, Շիրակի եւ Արմավիրի ջրամատակարար ընկերությունների հետ, այսպիսով մեծացնելով կանոնադրական կապիտալը, որի նպատակը գերմանական KFW բանկից խոշոր վարկ ստանալն էր։ 



Փետրվարի 22-ի երկրորդ անակնկալը հայտատուների շարքում իտալական «ԱՉԵԱ ՍպԱ» ընկերության՝ Հռոմի ջրային ձեռնարկության հայտնվելն է։ Իտալական այս ընկերությունն աշխատում է աշխարհի մի քանի տասնյակ երկրներում եւ Երեւանի ջրմուղի առաջին կառավարիչն է եղել, աշխատել է Հայաստանում 1999-2005 թվականներին։ Հենց այս ընկերությունն էր ժամանակին պատասխանատու ջրաչափերի տեղադրման, սակագների մշակման, վարձավճարների հավաքման համակարգի եւ այլնի համար եւ մեծ դժգոհություններ առաջացրեց ՀՀ բնակչության շրջանում։ Իտալացիներն էլ ոգեւորված չէին հայաստանյան շուկայով եւ կառավարության հետ պայմանագրային ժամկետի ավարտից հետո հեռացան, չցանկանալով մասնակցել Երեւանի ջրամատակարարման համակարգի վարձակալի մրցույթին։ Այնուամենայնիվ, կարելի է ասել, որ հենց «Հռոմի ջրմուղն» է դրել մեր ջրամատակարարման համակարգի հիմքը եւ, փաստորեն, որոշել է վերադառնալ Հայաստան։



Խմելու ջրի վարձակալին ընտրելու են երկարատեւ եւ բարդ ընթացակարգով, որն ընդունված է միջազգային մրցույթներում։ Կարելի է ասել, որ գործընթացն սկսվել է մեկ տարի առաջ, փետրվարին, երբ կառավարությունը հայտարարեց, որ գործող ընկերությունների կառավարման պայմանագրերի ժամկետները լրանում են 2016 թ. մայիսի 31-ին, եւ որ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվում, որը կատարելու է ընտրությունը։ «Նախաորակավորման փուլում, որն սկսվեց փետրվարի 22-ին, ընտրվելու են այն կազմակերպությունները, որոնք բավարարում են մեր չափանիշներին։ Նայելու ենք կազմակերպությունների մասնագիտական փորձառությունը, ֆինանսական կարողությունները, ծրագրերի իրականացման փորձառությունը,- ասում է Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի խորհրդական Վիկտոր Մարտիրոսյանը,- արդյունքները ներկայացնելու ենք միջգերատեսչական հանձնաժողովի հավանությանը, որից հետո կառավարությունը հաստատելու է ընտրված ընկերությունների ցանկը։ Հետո այդ կազմակերպությունները կստանան մասնակցության հայտահրավերներ։ 90 օր տալու ենք հայտերը լրացնելու համար, որից հետո կհայտարարվի հաղթողը»։ Հաղթող կազմակերպությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ջրօգտագործման լիցենզիա է ստանալու։ Նրա հետ պայմանագիրը նախատեսվում է կնքել սեպտեմբերի վերջին, եւ մինչեւ դեկտեմբերի 31-ը կկայանա Հայաստանում գործող ջրամատակարար 5 ընկերությունների գույքի ու համակարգերի ընդունում-հանձնումը։ Դրանք են՝ «Երեւան ջուր»-ը, «Հայջրմուղկոյուղի»-ն, «Լոռի ջրմուղկոյուղի»-ն, «Շիրակ ջրմուղկոյուղի»-ն եւ «Նոր ակունք»-ը։ Ըստ Վիկտոր Մարտիրոսյանի, նոր ընկերությունը կգործի 2017 թվականի հունվարի 1-ից։



ՀԳ. Նկատենք, որ մրցութային հանձնաժողովն ու Ջրային կոմիտեն պղտոր ջրում ձուկ որսալու լայն հնարավորություն են ստացել։ Բայց թե նրանից ով կհաղթի մրցույթում, կախված է առաջիկա տարիներին սպառողների խմելու ջրի մատակարարման որակից, ուստի հանրային հսկողությունը պետք է բացառի կոռուպցիան, եւ պետք է ամեն ինչ անել, որ հաղթի ամենաբարեխիղճ մատակարարը։